‘Լիզա Ճաղարյան. ՀՀԿ ղեկավարը գտել է մեղավորներին’

14346

Ասում է. «Ցավոք, մայրաքաղաքից հեռու գտնվող տարածաշրջանների բնակավայրերի սոցիալ-տնտեսական վիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց: Դա գլխավորապես պայմանավորված է գործարար ակտիվության դեռևս ցածր մակարդակով, աշխատատեղերի սակավությամբ և սոցիալական ենթակառուցվածքների անբավարար վիճակով»:

Կարիք չկա նյարդայնանալու եւ Բաղրամյան 26-ում ու դրա շրջակա միջավայրում մեղավորներ փնտրելու բնակավայրերի սոցիալ-տնտեսական անբավարար վիճակի համար, որի պատճառներն են գործարար ակտիվության ցածր մակարդակը, աշխատատեղերի սակավությունը եւ ենթակառուցվածքների անբավարար վիճակը, հարգելի կարտոֆիլասեր հասարակություն։ Համբերեք, ձեր տրամադրության ներքո գտնվող աթոռների փոշին էլ լավ մաքրեք, հնարավոր է, որ քիչ անց դրանք մեղադրյալի աթոռ դառնան։ Շարունակենք կարդալ. «Ասածս չի նշանակում, որ Գյումրիում կամ Վանաձորում սոցիալական խնդիրները նորմալ լուծված են, և մարդկանց սոցիալական վիճակը լավ է: Ասածս ընդամենը մի բան է նշանակում, որ Վանաձորից, Գյումրիից դուրս վիճակն ավելի ծանր է»: Մխիթարվեցի՞ր, հարգելի կարտոֆիլասեր հասարակություն, որ չնայած Վանաձորում ու Գյումրիում էլ է վիճակը ծանր, բայց դե էնքան չի ծանր, որքան՝ «Վանաձորից ու Գյումրիից դուրս»։

Չմխիթարվեցի՞ր։ Որովհետեւ չար ես ու նախանձ։ Եվ ՀՀԿ ղեկավարը հիմա կապացուցի դա, որովհետեւ «մի հանգամանք էլ կա…»։

Լավ, լսենք իրեն ։ Ասում է. «Բայց մի հանգամանք էլ կա, որ ուզում եմ, եթե որևէ մեկը պատասխան կունենա, այս ամբիոնից հնչեցնի»:

Ես չեմ ուզում, ամբիոնների հետ աչքով աչք չունեմ։

ՀՀԿ ղեկավարն ուզում է։ Ուզում է պատասխան ունեցողը «ամբիոնից հնչեցնի, թե «ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր և տեսնում ենք, որ նույն աշխատուժը ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն»:

Թե ինչու է ուզում, որ պատասխան ունեցող որեւէ մեկը «ամբիոնից հնչեցնի» էդ «ինչպես է ստացվում»-ը, հայտնի չէ, որովհետեւ հարցը տալուց հետո հենց ինքն էլ «հնչեցնում է» պատասխանը։ Ամբիոնից, անշուշտ։

Ասում է. «Նայում ես՝ օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ համայնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկը ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակը ուղղակի խղճահարություն է հարուցում»:

Հասկացա՞ք։ Դեժավյուի քնքուշ հովիկը չշոյե՞ց ձեր ամոթից կարմրած դեմքերը։ Սահուն քայլերով չհայտնվեցի՞ք վերջին խորհրդարանական «լեգիտիմ» ընտրությունների արդար ու թափանցիկ հորձանուտում։ Մինչ այս ելույթն էլ են այստեղից-այնտեղից կցկտուր մեղադրանքներ հնչել հասարակության հասցեին Հայաստանում ստեղծված անելանելի վիճակի համար, բայց «հիմնավորված» եւ «ինստիտուտավորված» բարձրաձայնվեց միակ ընդդիմադիր «Ելք»-ի անաչառ ու անկաշառ շուրթերից։ Դատավճիռը սա էր. հասարակությու՛ն, դու՛ ես ընտրել ՀՀԿ-ին հինգ-տասը հազարական դրամ վերցնելով, ուրեմն էս իշխանությունը լեգիտիմ է, ու հենց դու՛ ես մեղավոր, հասարակությու՛ն, որ էս օրին ես, տե՛ղն է քեզ։

Այս խմբավորումը մտադիր էր քսան տարում ինստիտուտ ավարտել ու մեզ նման խավարամիտներին էլ ավարտեցնել, որ վերջապես ջոկջկենք ինչն ինչից հետո է, բայց շատ վռազ էին, մանդատ փախցնելու հարց կար, եւ դեռ իրենք ՊՏՈՒ-ի կրթական մակարդակին չհասած՝ մի քանի հոգով մտան խորհրդարան, մոռացան ինստիտուտի հրաշագործ հատկությունների մասին ու սկսեցին մատ թափ տալ հասարակության վրա։

ՀՀԿ ղեկավարը սրանցից ետ չի մնում։ Ասում է. «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել»:

Վա՛հ, իսկապե՞ս։ Տեսնես՝ ոնց են մտադիր կշտամբել։ Հերթով կանչելու են, ականջները քաշքշեն, անկյու՞ն կանգնեցնեն, թե օրագիր են պահանջելու ու մի հատ մեծ «երկուսից հանած» են նշանակելու «ծույլիկներին»։

Սա դեռ նախերգանքն է։ Շարունակությունն ըմբոշխնենք. «Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել»: «Հասկանում եք»-ի վրա շեշտ չկա, որ վախենանք։ Հարցական էլ չկա, որ շշկռվենք։ Բայց հո հասկացա՞նք, որ վերնախավի համբերության բաժակը լցվել է։ Դե բավական է, էլի, մինչեւ ե՞րբ են էս խեղճ ՀՀԿ-ականներն իրենց բերաններից կտրելու ու «բոլորիս» սոցիալական խնդիրները լուծելու։ Հո կրակը չե՞ն ընկել ձրիակերներիս ձեռը։ Առոք-փառոք ապրում ենք իրենց հաշվին, մեռան մեզ շահել-պահելով, ամոթն էլ է լավ բան վերջապես, աշխատեք, էլի։ Նույնիսկ թանկացնում են ինչ պատահի, որ հարուստների գրպանին խփեն, ու աղքատները հանգիստ խղճով իրենց հասանելիք կարտոֆիլը վայելեն։ Է՞լ ինչ անեն, որ հասկանանք. «Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի»:

Որովհետեւ. «Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»:

Մի մխիթարական հետեւություն, այնուամենայնիվ, կարելի է անել այս ելույթից. չնայած չար ենք, նախանձ ու բամբասկոտ, սիրելի կարտոֆիլասեր հասարակություն, բայց քանի որ ճնշող, շատ-շատ ճնշող մեծամասնություն ենք, ուրեմն Հայաստանում իրո՛ք գողերին մատների վրա կարելի է հաշվել։

Եվ այդ գողերին հատ-հատ ճանաչում է նաեւ ՀՀԿ ղեկավարը։

Նախորդ հոդվածը‘Ստեղծում են «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին պատմել է, թե ինչ է երազում դառնալ’