Լիզա Ճաղարյան. Հրաժարական է տվել, որ ինչ, չէ՞

3162

Հունաստանում մարդատար եւ բեռնատար գնացքների բախումը 38 մարդու մահվան պատճառ է դարձել, տասնյակ վիրավորներ ու անհետ կորածներ կան։

Ցավում ենք, ցավակցում ենք Հունաստանի ժողովրդին։

Նաեւ հետեւում ենք այս ողբերգությանն առնչվող լուրերի հոսքին։

Ե՞վ… Կարդում ենք, որ Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել։

Դե՛, մենք Հունաստանի քաղաքացիներ չենք, մենք Հայաստանի ազատ, հպարտ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացիներ ենք, մեր երկրի վարչապետն էլ բոլորիս սիրում է եւ բոլորովս հպարտանում է, ու բնականաբար` մեզ հասկանալի չի, թե ինչու է հրաժարական տվել Հունաստանի տրանսպորտի նախարարը։ Հո ի՞նքը չէր գնացքի մեքենավարը։ Ոչ էլ` գծի դիսպետչերն էր։ Էդ երկրում չկար–չկար` մի ճլորած դիսպետչեր չկա՞ր, որ գործից հանեին, մի քանի քրեական հոդվածով էլ դատեին պրծնեին։ Կամ` լա՛վ, դիսպետչերը եթե քիչ թվաց, թող տեղի երկաթգծի պետին պաշտոնից զրկեին ու դատեին, կարելի էր նաեւ երկաթգծի երկո՛ւ պետի դատել։ Կամ` մի հարազատ տեղակալ էլ չունե՞ր պարոն նախարարը, որին ասեր` իմ ազիզ խաթեր համար հրաժարական տուր, մի քանի ամիս հետո քեզ ավելի լավ գործ կդասավորեմ, գործը չլինի, տենդերով մի փեշ փող շահելը կա ու կա։

Շատ բան կարող էր անել Հունաստանի նախարարը։ Կարող էր նաեւ ելույթ ունենալ հեռուստատեսությամբ եւ ակնարկել, որ մարդատար գնացքի ուղեւորները ոնց որ թե իրենց էնքան էլ ճիշտ չեն պահել, ըստ շշուկների` նրանց շարքերում օտարերկրյա գործակալներ են եղել։ Հետո կարող էր խորհրդավոր լռել, կոկորդը մաքրել ու ասել` դեռ պարզում ենք մութ հանգամանքները, կպարզենք, հետո կասեմ։ Մոտավորապես այսպիսի մի բան։ Կամ` սրա նման մի ուրիշ բան։ Կարեւոր չի։ Կարեւորը`կասկածը մարդկանց սիրտը գցելն է. ինչքան շատ մեղավոր ու կասկածյալ, էնքան ավելի անմեղ նախարար։ Ու` նախագահ։ Մեր դեպքում` վարչապետ։ Շատ բազմազբաղ։ Հազիվ հասցնում է ուտուշ–խմուշների ֆոտոսեսիաներ անել, ու բնականաբար` երբ 15 զինծառայող չորս պատի մեջ բանտված մոխրացան, աննկարագրելի ու աննախադեպ ժողովրդական վարչապետը չշտապեց հասնել ողբերգության վայր` իր աչքով տեսնելու, թե, Ալենի ասած` ինչ լավ պայմաններում էին ապրում մեր զինվոր երեխաները։

Իսկ պաշտպանության նախարար Պապիկյանն էլ երեք օր հետո տեղ հասավ, հիմա էլ հանգիստ խղճով, ազատ, հպարտ ու երջանիկ շարունակում է պաշտոնավարել։

Ի դեպ, ոչ միայն Հունաստանի տրանսպորտի նախարարն է հրաժարական տվել, երկրի նախագահն էլ տարել–բերել ու եռօրյա սուգ է հայտարարել երկրում։

Շատ «դժբախտ ու դժգույն» ժողովուրդ են էդ հույները։

Եվ` անտանելի նվնվան։ 

Նախորդ հոդվածըԲերբոք․ Ուկրաինան ինքը պիտի որոշի ՌԴ-ի հետ հնարավոր զինադադարի չափանիշները
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական կողմը Արցախում կրակել է քաղաքացիների ուղղությամբ