‘Լիզա Ճաղարյան. «Ձանձրալի, տաղտկալի պատմություն»’

2532

Իսկևիսկ «մթության քողի տակ»` ՀՀ ոստիկաններն այսօր երեք ժամ ազատությունից զրկել են Հայ ազգային կոնգրեսի մի խումբ ակտիվիստների: Այդ ժամին Հայաստանի քաղաքացիների մեծ մասը քնած էր, և իրարանցում, կարծես, չեղավ: Շատերս առավոտյան կամ կեսօրին տեղեկացանք, որ գիշերը` ժամը 2.30-ի սահմաններում 9 երիտասարդներ ձերբակալվել են` նախատեսված ակցիան դեռևս չսկսած, ու ազատ են արձակվել լուսաբացին:

Իսկ եթե ցերեկը կամ երեկոյան ձերբակալվեին` արդյո՞ք իրարանցում կլիներ: Երիտասարդների համակիրներն ու մերձավորներն, իհարկե, կշտապեին ոստիկանական բաժանմունք` պահանջելու, որ ազատ արձակեն իրենց ընկերներին, բայց տագնապահա՞ր կշտապեին, թե` քմծիծաղը դեմքներին: Քմծիծաղն էլ, բնականաբար, ուղղված կլիներ,այսպես կոչված, օրենքի պաշտպաններին:

Նույնիսկ Հյուսիսային պողոտայի «բնակիչներս», որ դեռ նոր-նոր էինք ընտելանում սերժիկյան համազգեստավորների անճոռնի ջանքերին` ապացուցել տիրոջը, թե որքան նվիրված են իրեն, հիմնականում ծափուծիծաղով էինք ճանապարհում մեր ընկերներին ոստիկանական բաժանմունքներ, որովհետև հենց իրենք` ձերբակալվածներն էին ծափուծիծաղով ճամփա ընկնում ազատազրկվելու: Չձերբակալվածներս նույնիսկ կեսկատակ-կեսլուրջ վիրավորվում էինք, թե ինչու, օրինակ, իրենց բերման են ենթարկում, իսկ մեզ` ոչ: Թե ինչու, սա չեն հասկանա ոչ հանցագործ իշխանությունները, ոչ` սրանց կամակատարները, ոչ էլ` հինգհազարանոցները: Կհասկանան միայն նրանք, ովքեր Հայաստանի և ՀՀ քաղաքացու ազատության համար դուրս էին եկել փողոց` նախապես գիտակցելով, որ հորիզոնում դափնիներ ու ծնծղաներ չեն սպասվում, և որ մարտիմեկյան արյունահեղություն սանձազերծած իշխանություններից ցանկացած նենգություն և գազանություն սպասելի են:

2008 թվականի փետրվարի 20-ից սկսած` Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն այնքան են ձերբակալվել, որքան մազ կա աննկուն ոստիկանապետ Վովա Գասպարյանի և իր շեֆ Սերժիկ Սարգսյանի գլխին: Թվում էր` այս մեկը նախորդների տրորած ճանապարհով չի անցնի, Աստծու հետ հաճախ «հաղորդակցվելու» ու Րաֆֆի Հովհաննիսյանի օրհնությամբ «զորավար» կարգվելու ու նրա հետ ուս ուսի աղոթելու շնորհիվ կհասկանա վերջապես, որ իրենց հանցախմբի դեմ պայքարի ելածներին ոչ ձեռնաշղթաներով է հնարավոր վախեցնել, ոչ` լկտի պահվածքով, ոչ` տարիների ազատազրկմամբ: Թվում էր` կհասկանա ու իր տիրոջն էլ կբացատրի, որ յուրաքանչյուր ձերբակալությունից հետո ավելի ու ավելի է վարկաբեկվում «ոստիկանություն» կոչվող կանտորան, որ ՀՀ պայքարող քաղաքացիների քմծիծաղն օրեցօր անզուսպ ծիծաղ է դառնում սրանց նկատմամբ, որ Հայաստանը փոքրիկ երկիր է, ու ամենքս էլ գիտենք, թե օրինավոր քաղաքացիների դեմ հոխորտացող ու ինքնահաստատվել փորձող այս «օրենքի պաշտպաններն» իրական հանցագործներին ու մարդասպաններին «պատահաբար» հանդիպելիս ոնց են վախից ու անկարողությունից երկտակվում, կապտում-կանաչում ու անսպասելի կուրանում` ոչ տեսել են, ոչ էլ` լսել: Թե ոնց են իրենց տիրոջ հովանավորությունը վայելող հղփացածները ստորացնում այս նույն ոստիկաններին, և աստվածավախ ոստիկանապետին ուրիշ բան չի մնում անել` իր ենթակաների անվտանգության համար աղոթելուց ու օրինապահ քաղաքացիներին ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելուց բացի:

Սիրուն չի, բայց` ճա՞րն ինչ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 412 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Երևանում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը կարող է չկայանալ’