‘Լիզա Ճաղարյան. Ձեր անմաքուր թաթիկները պահեք ձեր օրեցօր ուռուցիկացող գրպաններում ‘

2751

Երբ 1991-ին երջանկահիշատակ Այդին Մորիկյանն ինձ հրավիրեց «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթում աշխատելու, եւ երբ ես Հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների խմբագրությունում ինձ շատ սիրելի խմբագրի աշխատանքս մեծ դժվարությամբ թողեցի եւ գնացի աշխատելու Այդինի հետ, եւ երբ այդ խմբագրությունում բազմաթիվ լրագրողներ տեսա, եւ երբ զանազան լրագրողներ սկսեցին բախել խմբագրության դուռը`աշխատանքի ընդունվելու հույսով, եւ երբ մի քանիսի համար էլ ինքս խնդրեցի Այդինին, եւ երբ նույնիսկ մեկի համար շաբաթներ ու ամիսներ շարունակ պայքարեցի, որ Այդինը «զենքը վայր դնի» ու ընդունի աշխատանքի, եւ երբ Այդինն ասաց` զիջում եմ, բայց հիշիր` հետո փոշմանելու ես, ա՛յդ ժամանակ դեռ չգիտեի, որ հնարավոր բան է` մարդիկ ցանկանան աշխատել Հայաստանի նորանկախ Հանրապետության, այսպես ասենք` պետական թերթում ո՛չ թե հանուն հենց այդ նույն Հանրապետության, այլ որովհետեւ «գորՁ» էր, անում էին, էլի, տուն էին պահում:

Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ քչերս ենք Ազատության հրապարակից եւ «Հայք» օրաթերթից «ծնվել»: 

Հանկարծ չփորձեք մեր կարգավիճակը շփոթել ներկա պալատական լրագրողների կարգավիճակի հետ: Մեծ սխալ կգործեք: Եթե հիմա իշխանություններն են ընդդիմադիր դաշտի լրագրողներին գայթակղում յուղոտ պատառներով, այն տարիներին ընդդիմադիր թերթերն էին «պալատական» թերթից լրագրող «փախցնում»: Եւ պատկերացրեք` հրաշալի հաջողվում էր: Առաջարկում էին բարձր աշխատավարձ, ինչը «ՀՀ» օրաթերթում չկար՝ սովետի փլատակների, երկրաշարժի ավերակների, ղարաբաղյան պատերազմի ու անողոք ընդդիմության աքցանների մեջ հայտնված Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին: Խոստանում էին արտասահմանյան ուղեւորություններ, ինչը նույնպես «կապույտ թռչուն» էր պալատականներիս համար: Համակարգչով էին գայթակղում, քանի որ մենք դեռեւս Լենին պապիկի «Իսկրայի» ժամանակների արճիճով էինք թերթ տպում, ընտիր ձայնագրիչներ էին թափահարում քթներիս տակ, քանի որ մեր ունեցածը սովետական «տրակտորներ» էին: Ի վերջո, համաձայնելով «ընդդիմադիր» լրագրող դառնալ՝ օրական մի քանի անգամ Մամուլի շենքում տասնչորս հարկ ոտքով բարձրանալ-իջնելուց էին գլուխներն ազատում: Եւ ամենա-ամենակարեւորը` պալատական լրագրողի անպատվաբեր պիտակը պոկում էին իրենց լուսապայծառ ճակատներից եւ դառնում մի այլ ձեւի ըմբոստ լրագրող: Ինձ էլ փորձեցին «փախցնել»: Չստացվեց: Շատ թունդ պալատական էի: Ճիշտ է, շատ հաճախ տրանսպորտի փող չէի ունենում` աշխատանքի հասնելու համար, բայց մի՞թե դա է կարեւորը: Կարեւորն այն էր, որ ընդդիմադիր լրագրողներն իրենց անհաս բարձունքներից ինձնմաններին արհամարհանքով չափչփում էին, ինձնմաններն էլ մի կուշտ չափչփվում էին: Լավ էինք անում, որ աշխատում էինք «ՀՀ»-ում, ոչ թե, ասենք, պահանջատեր «Ազատամարտում», խոսքը դրա մասին չէ: Ինքս հպարտ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին աշխատել եմ ոչ թե ընդդիմադիր թերթում, այլ հենց «Հայաստանի Հանրապետութիւն»- ում: Ավելին, հետադարձ հայացք նետելով այդ տարիների կողմը, տեսնելով, թե ինչ հաբռգած կյանքով են ապրում ներկա իշխանամետ կոչեցյալները՝ համոզվում եմ, որ այն ժամանակ ընդդիմադիրները հենց մենք էինք («գորՁ» անողներին հանած)` չարքաշ կյանքով ապրող պալատական լրագրողներս, ոչ թե մեզ «ներքեւներից» չափչփողները: 

Հետո մեծագույն սխալ գործեցի. դժգոհ` Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակից՝ հավատացի, որ Քոչարյան Ռոբերտը, իմ սիրելի ընկեր Վազգեն Սարգսյանի հետ միասին, ավելի լավ ճանապարհ կգտնի: Չարաչար սխալվեցի: Ինչպես որ Վազգենը սխալվեց: Վազգենը հատուցեց իր կյանքով, իսկ ես ժամանակ առ ժամանակ ստիպված եմ լինում հակահարված տալ զանազան իշխանական պնակալեզների` իմ կյանքի այդ ութամսյակը դրոշակ դարձրած ծածանելու համար: Անկեղծ ասած՝ նորից չէի անդրադառնա այս խնդրին, եթե այդ ծածանողների շարքերում չտեսնեի մարդկանց, ովքեր ինձ հետ միասին աշխատում էին «ՀՀ»-ում, երբ ես էի այդ թերթի խմբագիրը: Տարիներ հետո, պարզվում է, այս մարդիկ «ՀՀ»-ում աշխատելիս, պատկերացնու՞մ եք, տանել չեն կարողացել Քոչարյան Ռոբերտին, բայց… աշխատել են: Եւ պարզվում է` ես հավատալով աշխատել եմ ու շա՛տ վատ եմ արել, իսկ իրենք չհավատալով աշխատել են ու շա՛տ լավ են արել:

Ահա այսպիսի բարոյականության չափանիշ, որից հետո միայն ստիպված եմ վերագնահատել «մութ անցյալս» եւ հարցնել նախկին գործընկերներիս, որոնք հիմա էլ մեծ հաջողությամբ ծառայում են Սերժիկ Սարգսյանին` բացահայտ, թե ծածուկ. երբ ձեր այս տերն էլ անցյալ դառնա, հայտարարելու եք, որ Սերժիկին ծառայում էիք, բայց չէի՞ք հավատում, որ նա ապահով Հայաստան է մատուցելու աշխարհին:

Չեմ կասկածում, որ հենց այդպես էլ անելու են: Ասելու են, որ իրենք ընդամենը «գորՁ» էին անում, բա ի՞նչ անեին` տուն ու երեխա են պահում:

Պահեք: Երկար կյանք ձեր երեխաներին: Լափեք: Բարի ախորժակ: Քծնեք: Օճառներդ անսպառ: Ընդամենը մի խորհուրդ. ձեր անմաքուր թաթիկները պահեք ձեր օրեցօր ուռուցիկացող գրպաններում:

Իսկ ավելի կոնկրետ` ձեզ խելոք պահեք: 

Ես ամբողջ կյանքս ե՛ւ իմ ճիշտ քայլի տերն եմ եղել, ե՛ւ սխալի: Ինչ արել եմ` արել եմ հավատալով: Ինչ անում եմ հիմա` անում եմ հավատալով: Ինչ անեմ վաղը` անելու եմ հավատալով: Եթե շահ փնտրեի, հիմա ձեզ հետ միասին` ձեր «վեծերոկ» դարձած որջում կլինեի, ոչ թե Հայաստանի ողջ քաղաքական դաշտի թիրախ Կոնգրեսի կողքին:

Ինչի համար, ի դեպ, նույնպես հպարտ եմ: Եւ շա~տ եմ հպարտ:

Ինչու՞ հիշեցի 90-ականները: Մեկ պատճառով: Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած երկրում բոլոր ընդդիմադիրները եւ աննկարագրելի անաչառ ու անկաշառ լրագրողները կատաղի պայքար էին մղում իշխանությունների դեմ` ամենեւին չմտածելով «կայունության» մասին, չհիշելով, որ երկրաշարժ էր, որ պատերազմ էր, որ սովետի փլատակների տակից ենք դուրս պրծել: Այսօր էլ, երբ, փառք Աստծո, երկրաշարժ չկա, պատերազմ չկա, սովետի փլատակների տակից էլ վաղուց դուրս ենք եկել, բայց ընկել ենք ռոբասերժական ավազակապետության սմբակների ու կճղակների տակ, կրկի՛ն ամբողջ լրատվական դաշտը` սերժիկական, թե ինքն իրեն ընդդիմադիր հորջորջող, երկու-երեք բացառությամբ, բացահայտ կամ նենգորեն հարվածում են կրկին այն քաղաքական ուժին, որի առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Հարվածե՛ք, սերմացու գողացող մկներ: Սերժիկը ձեզ չի մոռանա եւ անպայման ըստ արժանվույն կվարձատրի: Միայն թե ձեր կեցվածքը մի պատեք անկաշառության, անաչառության, ազնվության երկնագույն շղարշով: Նողկալի է:

Լիզա Ճաղարյան

  

Նախորդ հոդվածը‘Լեւանդովսկու պոկերը «Ռեալին» պատմական ստացվեց’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանի պաշտոնյան տեղյակ է, թե ով է բռնության ենթարկել մեր լրագրողին (Տեսանյութ)’