Լիզա Ճաղարյան. Շվարցի «Վիշապը» անմահ գործ է

3638

Թե ինչու եւ ինչպես Հայաստանի հանրության մեծամասնությունը հավատաց մի մարդու, որը երեք տարվա ընթացքում չէր կատարել իր ո՛չ մի խոստում, ավելին` բազմաթիվ զարհուրելի «անակնկալներ» էր մատուցել, որոնց պատճառած վերքերից մինչեւ հիմա արյուն ու արցունք են հոսում` չգիտեմ. հազարումի պատճառաբանություն, «հիմնավորում» կարող են բարձրաձայնել ու բարձրաձայնում են, բայց դրանք` նույնիսկ «ամենածանրակշիռները», օճառապղպջակի պես օդում պայթում են։ Իրականությունը բոլորիս աչքի առաջ է, սփոփիչ բառակույտերն ընդամենը բառակույտեր են։

Հիշում եմ, հրաշալի՛ եմ հիշում, եւ վստահ եմ` նրան ընտրող մեծամասնությունն էլ է հիշում` ինձանից ավելի հրաշալի, որ Նիկոլ Փաշինյանն Աժ արտահերթ ընտրարշավի ողջ շրջանում բղավում էր` վե՛րջ թավիշին, ընտրություններից հետո պատժելու է  նախկին հանցագործ իշխանավորներին, եւ հանրության մեծամասնությունը խելքամաղ լինելով ծափահարում էր Թուր Կեծակին… ներեցեք` չագուջը աջուձախ թափահարող իր «իգիթին»։

Մոռացե՞լ էին, որ մինչ քարոզարշավն էլ էր այդ նույն պարոնը ժամանակ առ ժամանակ բղավել «վե՛րջ թավիշին»։ Մոռացե՞լ էին, որ իշխանության ղեկին հասնելու հաջորդ օրվանից լծվել էր նախկիններին պատժելու գործին` «ասֆալտին փռելով ու պատերին ծեփռտելով», եւ որ` այս դեպքում էլ էր իրար հետեւից խայտառակ պարտություններ կրել, որովհետեւ «չվեթինգված» դատավորները գրեթե ամեն օր ձեռ էին առնում նրան` նույնիսկ ակնհայտ հանցագործություն կատարողներին դատարանի դահլիճից առոք–փառոք տուն ուղարկելով: Ամենաբթամիտին էլ էր տեսանելի` այդ «թավշյա» պարոնն ուզում է, շա՛տ է ուզում, տենչում է ուղղակի «ասֆալտին փռված ու պատերին ծեփռտված» տեսնել ոմանց` «աննախադեպ» բառը հազարմեկերորդ անգամ չարչրկելու համար, բայց ուժը չի պատում, պարզապես չի պատում, որովհետեւ սնանկ պոռոտախոսությունն ընդամենն ավելի ու ավելի էր ընդգծում նրա խղճալի անճարակությունը։

Մոռացե՞լ էին Փաշինյանին երկրորդ անգամ ընտրողները, թե՞ երեք տարվա ընթացքում իրո՛ք այս պարոնին հաջողվել էր նախկինների վերադարձի հավանականության հանդեպ հանրության սարսափն այնքան «ծաղկեցնել», որ մարդիկ գնան եւ սեփական ձեռքերով ինքնասպանության վճիռ ստորագրեն։

…էական չէ, այլեւս ի կատար ածված փաստ է` իր ընտրությամբ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հաստատեց, որ հավատում է, թե պատժվելու են քսան տարի շարունակ իրենց թալանած, նվաստացրած, ազատությունից ապօրինի զրկած, գնդակահարած գլխավոր հանցագործները, մնացածներն էլ` դե, ոնց պատահի։

Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Կատարվում է «դե, ոնց պատահի»–ն։ Գլխավոր հանցագործները հանրության մի հատվածի համար դարձել են «փրկիչներ», իսկ Նիկոլ Փաշինյանն էլ պատժում է նրանց, ում ուժը պատում է։ Զանազան գյուղապետերի, քաղաքապետերի, «ժէկի» պետերի, բժշկապետերի։ Եվ բոլոր պատժվողները «պատահաբար» հենց այն մարդիկ են, ովքեր բացահայտ ատամ են ցույց տվել վերոնշյալ պարոնին։ Սյունիքո՞ւմ են իրեն կոպտորեն մերժել, ուրեմն` Հայաստանի գրեթե բոլոր հանցագործները Սյունիքում են բուն դրել։ Մնացած բոլոր մարզերի զանազան–զարմանազան պետերն ու նրանց ենթականերն օրինապահ են, արդար են ու ազնիվ, որովհետեւ եթե Ալենը նրանց էլ պարտադրի, որ Նիկոլի լուսանկարը կախեն իրենց աշխատասենյակներում, այդպես էլ անելու են` գլուխկոնծի տալով։

Մյուս պատժվողներն ովքե՞ր են։ Բնականաբար` լրագրողները։ Երեք տարի շարունակ թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր մեթոդներով «ասֆալտին են փռել ու պատերին են ծեփռտել» այս նույն ընտրյալին, նրա մերձավորներին ու կատարածուներին։ Ովքե՞ր էին վարձատրում եւ տեքստերը թելադրում այս լրատվամիջոցներին, սա էլ գիտենք բոլորս։ Հենց այն նույն մարդիկ, որոնց պատժելու ցանկությունը Նիկոլ Փաշինյանի կոկորդին է մնացել եւ մնալու է ընդմիշտ։ Ինքն էլ գիտի։ Բոլորիցս` լավ։ Դե, որտե՞ղ թափի երեք տարի կուտակած հերսը, պարզ է, որ` լրագրողների գլխին։ Ինչն էլ այսօր անում է նախկին լրագրող, հանուն խոսքի ազատության երկար տարիներ բոցաշունչ տեքստեր երկնած, ճնշումների ենթարկվող լրատվամիջոցների շահերը պաշտպանելու համար Երեւանի փողոցները քաջաբար չափչփած ընտրյալը։

…Դեռ կհասցնենք տեսնել ու թվարկել բոլոր այն աղաղակող փաստերը, ըստ որոնց` ամեն բացվող օրվա հետ ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը «ասֆալտին է փռում եւ պատերին է ծեփռտում» տարիներ շարունակ իր իսկ հայտարարած սկզբունքները` բոլորն անխտիր, եւ գերնպատակը մեկն է ու շարունակելու է լինել մեկը` միմիայն ի՛ր իշխանության ամրապնդումը հենց այն բիրտ, նողկալի ու ստոր մեթոդներով, որոնց դեմ, իբր, պայքարելու համար էր հեղափոխականի դիմակ հագել։

Ամեն գնով։

Նույնիսկ` Հայաստանի կորստյան։

Նախորդ հոդվածըՆախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտը մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում
Հաջորդ հոդվածըՎարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնումներն արդյունք չեն տվել