Լիզա Ճաղարյան. «Պահել ենք այնքան եւ որովհետեւ քանի դեռ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը

3191

Հուսով եմ, համայն հայությունը եւ ալամ աշխարհն արդեն տեղյակ է, որ Փաշինյան Նիկոլն իր երեկվա  ելույթով տարածություն է բացել Հայաստանի Հանրապետության և Արցախի համար։ Քաղաքակա՛ն, դիվանագիտակա՛ն տարածություն է բացել, ուրիշ հեքիաթներ մտքներովդ չանցկացնեք։ Իսկեւիսկ էն տարածությունն է բացել, որից նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկված էին մնացել։

Հիմա զրկված չեն։ Երեկվանից շատ մեծարգո վարչապետը էդ տարածությունը բացել է։

Ինքն է ասել։ Այսօր։

Էլի՛ բան է բացել, ի դեպ, իր երեկվա ելույթով։ Ճանապարհ է՛լ է բացել` Հայաստանի և Արցախի պետականությունը պահպանելու համար:

Ինքն է ասել։ Այսօր։

Է՞լ ինչ է բացել։ Այսօր։ Հա՛, փակագծեր։ Օրինակ` «պարզվում է»` 1996 թվականի փաստաթղթերում Շուշին հանձնելու հարցն էլ էր դրված, Լաչինի միջանցքն էլ ոնց որ թե էնքան նեղ էր, որ` բա մեզ պետք է՞ էդքան նեղ միջանցքը։ Գլխներին կպչի։ Ադրբեջանցիների։

Մյուս փակագծի բացումից էլ տեղեկանում ենք, որ մարդիկ կան` երազում են, որ «Ղարաբաղի ժողովուրդը օր առաջ դուրս գա»։ Ինքը չի երազում, ասում է` Ղարաբաղի ժողովուրդը դուրս չպետք է գա, Ղարաբաղի ժողովուրդը պետք է Ղարաբաղում ապրի:

Դեռ ավելի՛ն, ասում է, Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն «դուրս չպետք է գա», այլեւ պետք է շարունակի մնալ «ղարաբաղցի, արցախցի և հայ»։ Ճիշտ է ասում։ Բա չէ. մեր շարքերում, օրինակ, մարդիկ կան, որ բավարարվում են միայն երկու ցանկությամբ. որ ժողովուրդը մնա միա՛յն արցախցի ու հայ։ Իսկ ինքը քանի որ աննախադեպ վարչապետ է, ուզում է` ոչ միայն արցախցի ու հայ մնան, համ էլ` ղարաբաղցի մնան։ Հո մեր թայը չի, որ քչով բավարարվի։

Իր երեկվա ելույթով մի ճանապարհ էլ է բացել Նիկոլ Փաշինյանը, «հազար ներողություն», ասեմ` իմանաք։ Էդ մի բացած ճանապարհով էլ մեզ մատաղացու գառան կարգավիճակից դուրս է բերելու։

Ուրեմն, երեկվա ելույթից հետո մենք ի՞նչ ունենք, ի մի բերենք. Ունենք տարածություն եւ երկու ճանապարհ։

Բայց հո միայն երեկվա ելույթով չենք լիքը բաներ բացել, այսօրվա ելույթով էլ պարզել ենք, որ «Հայաստանը ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ,  որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, մենք երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց և ինչքան մեզ մորթեն և ոնց և ինչքան մեզ ներեն, մենք պետություն ենք, մենք ազգ ենք, մենք ինքնիշխան ենք»:

Էս էլ սենց։

Համ էլ հպարտ ենք եւ ունենք ինքնասիրություն։ Մեծարգո վարչապետն է ասել այսօրվա ելույթում։ Ու քանի որ հպարտ ենք եւ ունենք ինքնասիրություն, պարզ է, չէ՞, որ «թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլեն մեզնից» եւ այլն։

Ով որ չի հասկացել, թե ինչ էր ուզում ասել այսօր Նիկոլ Փաշինյանը, առաջարկում եմ կարդալ այս տեքստի վերնագիրը։ Այնտեղ ամեն ինչ պարզորոշ ասված է։

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Փաշինյանի ակնհայտ երկու ստերը
Հաջորդ հոդվածըԱվետիս Ավագյան. Անսկզբունքայնությունն էլ չափ ու սահման պետք է ունենա