Հարութ Ուլոյան. Փաշինյանի ակնհայտ երկու ստերը

2387

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է.

Մի կողմ թողնելով Փաշինյանի «Մեր նահատակներն ընկել են, որ Ղարաբաղի և Հայաստանի համար հեռանկար բացվի» տիպի ցնորամիտ դրսևորումները, անդրադառնանք ակնհայտ երկու ստերին։

1․ Փաշինյանի պնդմամբ, «Շուշիի հարցը 1994-96 թվերից սեղանի շուրջ է եղել»։ Ու դա ասվում է այն կոնտեքստում, թե, իբր, Շուշին Ադրբեջանին չհանձնելու այլընտրանք չկար։

Քանի կար` Փաշինյանը Շուշին հանձնելը նույնացնում էր փախստականների հնարավոր վերադարձի, այժմ արդեն՝ Ադրբեջանի ցանկությունների հետ։

Նախ, բանակցային որևէ փաստաթղթում Շուշին Ադրբեջանին հանձնելու որևէ դրույթ գոյություն չունի։ Այն, որ Ադրբեջանը մշտապես պահանջել է, որ Շուշին հանձնվի իրենց, դա բոլորովին այլ խոսակցություն է։ Դա ոչ մի առնչություն չունի փաստաթղթերում ամրագրված դրույթների հետ։ Դա եղել է զուտ Ադրբեջանի ցանկությունը։

Եթե Ադրբեջանի ցանկություններով պետք է դիտարկենք հարցը, ապա Ադրբեջանը ոչ միայն Շուշին, այլև ամբողջ ԼՂԻՄ-ն է համարել ու համարում իր անբաժանելի մասը։ Ու ոչ միայն ԼՂԻՄ-ը․․․ 1994 թվականին էլ, զինադադարից առաջ, պաշտոնական մակարդակով պնդում էին, որ քանի դեռ հայտնի շրջանների հետ մեկտեղ իրենց չեն վերադարձվել նաև Լաչինն ու Շուշին, ոչ մի զինադադարի չեն համաձայնելու։ Ու ի՞նչ։

Ադրբեջանի ցանկություններով մեր ներկայիս կորուստներն արդարացնողները ադեկվատ մարդի՞կ են։ Փաշինյանն իրեն ինչ ասես կարող է թույլ տալ։ Նա վաղուց է ապացուցել, որ իր համար որևէ բարոյական սահման գոյություն չունի։ Բա նրան լսողնե՞րը։

Ի դեպ, 44-օրյա պատերազմից օրեր անց Փաշինյանն ինքն է խոստովանել, որ պատերազմի ընթացքում Շուշին հանձնելու պայմանն ի սկզբանե չի եղել․ «Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայնդեպս, սկզբնական շրջանում» (16.11.2020)։

Ավելին, 2020 թվականի հունվարին Կապան քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, Փաշինյանն անձամբ գաղտնազերծում ու ընթերցում է «ժառանգություն ստացած» բանակցային փաստաթղթի դրույթները, որոնցում Շուշին հանձնելու մասին ընդհանրապես խոսք չի գնում։

2․ Փաշինյանը նաև պնդում է, թե նախկինում բանակցված փաստաթղթերում «Լաչինի միջանցքի լայնության մասին ոչինչ չկա»։

Դժվար է գուշակել, թե «փաստաթղթերում» ասելով` Փաշինյանը կոնկրետ որ փաստաթուղթը նկատի ունի, բայց, օրինակ, 1997 թվականի «Փուլային» տարբերակում խոսքը գնում է ոչ թե Արցախը Հայաստանին կապող «Լաչինի միջանցքի», այլ՝ «Լաչինի շրջանի» մասին։ Այսինքն, այդ տարբերակի իրականացման դեպքում, բացի ԼՂԻՄ-ի ողջ տարածքից, Արցախի վերահսկողության տակ էր մնալու նաև Լաչինի ողջ շրջանը։

Նախորդ հոդվածըՎարդան Հարությունյան. Մեր պարտությունը մեզ չփոխեց. ԱլիքՄեդիա
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. «Պահել ենք այնքան եւ որովհետեւ քանի դեռ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը