‘Լիզա Ճաղարյան. Պայքարել չգիտեք, գոնե պայքարողների ոտքի տակ մի ընկեք’

2436

Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների մացոյական դատավճիռն անսպասելի չէր, եւ ուշացած ախ-օխերն առնվազն արհամարհելի են:

Ոմանք շատ կցանկանային, որ մոռացության մատնվեին 2008-ի փետրվարյան օրերը, նույնիսկ նրա՛նք, ովքեր այդ օրերին մեր կողքին էին, իսկ այժմ հակառակ ճամբարում մոլեգնորեն պայքարում են մեր դեմ: Ամեն գնով այդ օրերը մոռացության մատնելու կամ անազնվորեն խեղաթյուրելու հաճույքից առավե՛լ հաճույքով պետք է զրկեմ նմաններին:

2008-ին ժողովրդի քվեներով Հայաստանի նախագահ ընտրված Լեւոն Տեր-Պետրոսյանի հազարավոր համակիրները` Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքների ու երթերի օրերին, ինչպես ընդունված է ասել` ոչ մի ծաղիկ չեն տրորել, ոչ մի ապակի չեն կոտրել, ոչ մեկի քթից արյուն չի եկել: Բայց դա ամենեւին չխանգարեց իշխանական հանցագործներին, որ մինչեւ մարտի մեկն սկսեն իրենց վայրագությունները, ձերբակալությունները, հետո մարտի մեկի լուսաբացը արյունով ներկեն, կրակեն խաղաղ ցուցարարների վրա, բանտերը լցնեն հարյուրավոր քաղբանտարկյալների, իսկ հետո նույն կամակատար մացոները չորս եւ ավելի տարիների ազատազրկման դատավճիռներով Հայաստանի ազատասեր քաղաքացիներին փակեն բանտերում:

Ի՞նչ արեց դրանից հետո Հայ ազգային կոնգրեսը: Սա՛ էլ կուզենայիք մոռացության մատնել, բայց ստիպված եք հիշել. կոնգրեսականները մոռացան տուն-ընտանիք, սեր, աշխատանք, գիրք ու թատրոն եւ իրենց գերնպատակը դարձրին քաղբանտարկյալների ազատությունը: Մեր պայքարն օրեր չտեւեց, շաբաթներ ու ամիսներ չտեւեց, աննահանջ պայքարի տարիներ գլորեցինք: Մեր ծնունդ-կնունքներն էլ, մեր Ամանորն էլ Հյուսիսային կոչեցյալ անիծված «պողոտայում» էինք նշում, հետո գազանաբար ու բազազաբար մեզ «վտարեցին» Սարյանի պուրակ, եւ այսպես` տարիներով ոստիկանների ծեծուջարդն ու գարշահոտ հայհոյանքներն էինք «վայելում», ամե՛ն Աստծո օր տասնյակ ցուցարարների էին քարշ տալիս ոստիկանական բաժանմունքներ, բաժանմունքից բաժանմունք էինք վազում, որ մեր ընկերներին ազատենք: Անզորության զգացումից արտասվում էլ էինք, բռերով դեղեր էլ էինք խմում, որ սրտի կաթվածից կամ արյան բարձր ճնշումից չմեռնենք, բայց չէինք հուսահատվում, որովհետեւ ոչ մի րոպե մեզ չի լքել գերնպատակը` քանի դեռ մեր ընկերները բանտում են, իրավունք չունենք հուսահատվելու ու նահանջելու:

Այսպես, հերթով բանտից դուրս էին գալիս մեր ընկերները եւ առաջին բանը որ անում էին` գալիս էին Սարյանի պուրակ, ասում էին, որ եթե մենք այդպես չպայքարեինք, իրենք ազատության երեսը չէին տեսնի: Ամենահուզիչն, ի դեպ, նրանց ելույթներն էին, որոնցից մեկը հետագայում Կոնգրեսի ազնվագույն երիտասարներին «լակոտներ» բնորոշմամբ «պատվեց», իսկ ոմանք էլ հիմա «ծախված» պիտակն են կպցնում էն ոսկի ջահելներին, որոնք փաբերում ու ռեստորաններում կյանքը վայելելու, իրենց ուսումը շարունակելու փոխարեն` ամեն օր հերոսական կռիվ էին տալիս Սերժիկ Սարգսյանի վարժեցրած ու բիրտ համազգեստավորների դեմ:

Բայց` գրողի ծոցը դրանք, 2008-ի մեր պայքարի մասին հիշեցնելու նպատակս երախտամոռներին հիշելը չէ: Մի կաթիլ չեմ կասկածում, որ ինչ ցանել են, դա էլ հնձելու են ու հենց հիմա էլ հնձում են` լուսանցքներից ժամանակ առ ժամանակ ծվծվոցներ արձակելով:

Ի՞նչ արեցին մեկ օրում հեղափոխություն անելու կատաղի կողմնակիցները` Շանթ Հարությունյանի նստացույցի օրերին: Ֆեյսբուքը ողողեցին Շանթի մասին ճռճռան «պոեզոզուռնայով», թույլատրելի ու անթույլատրելի բառապաշարով շան լափ թափեցին Շանթի ընտրած ճանապարհի արդյունավետությունը թերահավատությամբ ընդունողների վրա…

…Իսկ այդ օրերին` Ազատության հրապարակում Շանթի կողքին 15-20 մարդ կար…

Հետո Շանթին ու իր ընկերներին ձերբակալեցին, ու Ֆեյսբուքը ողողվեց Շանթի «ցավը տանողներով», «ջանին մեռնողներով», «ջիգյարը ուտողներով»…

…Իսկ Շանթի ու նրա ընկերների ազատության պահանջով փողոց դուրս եկան մի քանի տասնյակ մարդիկ… Այնպես` ձեռի հետ, մի քանի անգամ, մի քանի ժամով: Հետո` ցրվում էին «տներով»:

Սա էլ քիչ էր, պարզվեց` «Շանթականներին» տհաճ է, որ կոնգրեսական երիտասարդներն էլ են մասնակցում այդ բողոքի ակցիաներին: Պարզվեց` բողոքավորների գերակշիռ մասը ոչ թե պայքարում է Շանթենց ազատությունից զրկած Սերժիկ Սարգսյանի դեմ, այլ… Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա համակիրների:

Հիմա էլ նույն Ֆեյսբուքում վայնասուն է սկսվել` էս ի՜նչ դաժան դատավճիռներ կայացրին:

Հնարավոր է` մի քանի անգամ փողոց էլ դուրս գան` քսան-երեսուն հոգով: Հետո կցրվեն «տներով»:

Ֆեյսբուքն է կանչում. բա որ փողոցում մնան, ո՞վ է աղբ թափելու Սերժիկ Սարգսյանի հրաժարականը պահանջողների վրա:

Մանավանդ` լավ առիթ է. Շանթենց ազատազրկման մեղքն էլ կարելի է բարդել եռյակի եւ մասնավորապես ու հատկապես` իրենց քունուդադարը խաթարած Կոնգրեսի առաջնորդի վրա:

Ի զե՛ն ընդդեմ «վտանգավոր» ընդդիմության, պարոնայք ու տիկնայք տնաբույծ հեղափոխականներ:

Սերունդները եթե չգնահատեն ձեր այս «ինքնահրկիզման» ջղակծկումները, Սերժիկ Սարգսյանն անպատճառ կգնահատի:

Նախորդ հոդվածը‘ Ռուսաստանի կոմունիստները սեփական հեռուստաալիքն են բացել’
Հաջորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Հայաստանի դատական համակարգն ամենակախյալն է աշխարհում’