‘Լիզա Ճաղարյան. Սա «գլխավոր փորձն» էր, սպասենք «բեմելին»’

5561

Երեկվա մաուզերիստահոտ «ֆլեշմոբից» հետո մի չտեսնված-չլսված, մի նախանձելի հովվերգություն է տիրում բոլոր այն սոցկայքերում, որոնք նոր իշխանության «ապօրինությունների» մասին սովորաբար այնպիսի աղմուկ ու վայնասուն են բարձրացնում, որ ընթերցողին միայն մեկ բան է մնում անել՝ հոգեբանորեն նախապատրաստվել «աշխարհի վերջին»։

Ձեն-ձուն չկա, խորախորհուրդ լռություն է տիրում։ Օրենքի աննկուն «պաշտպանները» զայրացած չեն, նույնիսկ զարմացած չեն, որ այս կարկառուն կուսակցության ոչ պակաս կարկառուն ընկեր Գեղամ Մանուկյանը ներկայացել է ոստիկանություն եւ հայտարարել, որ ինքը ծեծել է Հայաստանի քաղաքացիներից մեկին ու շատ էլ ճիշտ է արել, որ ծեծել է։ Լսած կլինեք՝ «հիմնավորում է»՝ հայհոյախառն գրառումներ է անում Ֆեյսբուքում, մեկ էլ «պապուն» վիրավորել է։ Օրենքի փրփրակալած «պաշտպանները», չէ՛, ընկնավորության նոպայի նշաններ ցույց չեն տալիս, որ այս նույն ընկեր Գեղամին միացել են եւս մի խումբ աննկուն ընկերներ եւ պնդել, որ իրենք էլ են ծեծել այդ ՀՀ քաղաքացուն ու շա՛տ լավ են արել, որ ծեծել են, չմոռանալով թութակի պես կրկնել ընկերգեղամմանուկյանական «անխոցելի հիմնավորումները»։

Ինքնադատաստանի գովազդի այս լկտի ցուցքը, չէ՛, չի զարմացրել ու զայրացրել ԶԼՄ-ական վարձկաններին։ Սրանց դրա՛ համար չեն վճարում, սրանց վճարում են միմիայն իշխանության «խախտումների» մասին ողբուկականի ու վայրահաչի համար։ Սրանք չեն պահանջում քրեական գործ հարուցել ընկեր Գեղամի եւ նրա «ինքնաբուխ» ոհմակի դեմ։

Առնվազն երկու քրեական հոդվածի տարբերակ կազմուպատրաստ սպասում է իրավապահների կողմնորոշմանը։ Եթե կապացուցվի, որ իրոք այս մարդիկ են ծեծել Հայաստանի քաղաքացուն, ուրեմն պետք է դատվեն սրանից բխող քրեական հոդվածի հատկանիշներով։ Իսկ եթե պարզվի՝ ստում են, ուրեմն պետք է դատվեն սուտ ցուցմունք տալու համար։ Դե, չասեմ ամենավտանգավորի մասին՝ այս մարդիկ հասարակությանը պարզ եւ հոդաբաշխ հուշում են, որ լպիրշ բռնությունը քրեորեն պատժելի արարք չէ, ընդամենը «դաստիարակչական» նպատակ է հետապնդում, եւ ով ում ուզենա «դաստիարակել»՝ ոչ թե պետք է դիմի իրավապահ մարմիններին, այլ կարող է ոհմակ կազմել եւ «դալաններում ծեծել»։

Լավ ենք պրծել։

Հնարավոր էր, չէ՞, որ մեղադրյալն, օրինակ, ոչ թե ընդամենը Ֆեյսբուքում հայհոյախառն գրառումներ անելու եւ «պապուն» վիրավորելու համար «արժանանար» դաշնակցության կրկնակի ծեծին, այլ վերցներ ու ըստ դաշնակցության հայրենասիրական չափանիշների՝ առանձնակի դաժանությամբ հայրենիքին դավաճաներ։

Հնարավոր էր, չէ՞, որ կարկառուն դաշնակցական ընկեր Գեղամ Մանուկյանը ներկայանար իրավապահ մարմիններին եւ բոցաշունչ դոշը սերունդներին հառնելով ասեր՝ ե՛ս եմ սպանել։ Եվ ինչպես երեկ հպարտությամբ «հիմնավորում էր», թե ինչու էր «դաստիարակչական» ծեծ կերել (ի դեպ՝ երկու անգամ) «պապուն» բան ասողը, նույնքան հպարտությամբ կհիմնավորեր, թե ինչու են հայրենիքի դավաճանին սպանել «արդարադատ» ընկեր դաշնակները։ 

Դե, ո՞ր վեհուվես դաշնակցականը կհանդուրժի, չէ՞, հայրենիքի դավաճանի գոյությունը մեր սուրբ հողի վրա։ Հո իզու՞ր չեն հարյուր եւ եսիմէլիքանի տարի ձեռքները դնում մաուզերին ու երդում ուտում՝ սրանից բխող «հիմնավորված» ինքնադատաստաններ ի կատար ածելով։

Եթե այս լկտի մարտահրավերի հեղինակներն անպատիժ մնան, ուրեմն կարող ենք արձանագրել՝ այս «դաստիարակչական» ծեծը «գլխավոր փորձն» էր, առաջիկայում սպասենք «բեմելին»։

Նախորդ հոդվածը‘Իգոր Դոդոն. «Մենք երբեք չենք վճարի այդ գազի դիմաց»’
Հաջորդ հոդվածը‘Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցելու Ռուսաստանի հետ’