Լիզա Ճաղարյան. Վանոյին

6380

Իմ սիրելի Ռոմեն Գարիի լավագույն վեպերից մեկի («Երկնքի արմատները») հերոսը` Մորելը, Երկրորդ համաշխարհայինից հետո կյանքը նվիրել էր աֆրիկյան փղերի փրկությանը։ Պայքարում էր ինքնամոռաց` արհամարհելով քաղաքակիրթ աշխարհի քրեական օրենսգրքերի համապատասխան բոլոր հոդվածները։ Ու վստահ էր, որ այդ նույն քաղաքակիրթ աշխարհը կարդարացնի իրեն, որովհետեւ իր նպատակն արդար էր` փրկել փղերին ոչնչացումից։

Մորելը հրեա էր եւ ապրել էր նացիստական համակենտրոնացման ճամբարի բոլոր սարսափները։ Չգիտեմ, թե այս գիրքն ընթերցած մարդիկ որտեղ են գտել այն հարցի պատասխանը, թե ինչու է Մորելը հատկապես փղերի փրկության համար պայքարում, երբ որ բնության մեջ բոլոր կենդանիների գոյությունն է վտանգված երկոտանի արարածի «շնորհիվ», ես գտա վեպի գրեթե վերջաբանի մի պատմության մեջ։

Անմարդկային պայմաններում աշխատելուց հետո սովահար ու ուժասպառ գերիները գետնին չտապալվելու համար իրար հենված վերադառնում են ճամբար, եւ ճանապարհին ինչ–որ բան է դիպչում Մորելի գլխին ու ընկնում գետնին։ Գերմարդկային ճիգով Մորելը ներքեւ է նայում` վախը սրտում, որ դիրքը փոխելուց կարող է տապալվել, ու տեսնում է, թե ինչպես է մեջքի վրա ընկած մայիսյան բզեզն անզոր շարժումներ անում, որ շրջվի ոտիկների վրա։ Մորելը դողալով կռանում է եւ օգնում բզեզին։ Ու տեսնում է, որ սա միակ անօգնական բզեզը չի, դրանք բազմաթիվ են, ու սկսում է տենդագին բոլորին թաթիկների վրա կանգնեցնել։ Հերթով նրան են միանում բոլոր քաղբանտարկյալներն ու որքան շատ բզեզների են փրկում, այնքան ավելի ուժ է հորդում նրանց տանջահար մարմինների մեջ։ Գերիների մարած բիբերն սկսում են բոցկլտալ. նրանք կյանք են փրկում, կյանքեր են փրկում, նրանք` այդ նվաստացված, ոչնչացված կենդանի դիակները, դեռ ընդունակ են ուրիշների կյանքը փրկել։

Բայց նացիստ սերժանտը գրագետ ու կիրթ գազան է, անմիջապես զգում է վտանգը` տեսնում է, որ ոչնչություն դարձած այդ մարդկային ուրվականների հայացքներում արժանապատվության զգացումն է արթնանում։ Եվ ի՞նչ է անում։ Չէ, չի մտրակում մարդ դառնալու փորձ անող ուրվականներին, սվինով չի խոցում, ավտոմատի խզակոթով չի հարվածում, նա մոլագարի պես ցատկոտելով սկսում է կոխկռճել բզեզներին ու չի հանգստանում` մինչեւ այլեւս իրեն տեսանելի ոչ մի կենդանի բզեզ չի մնում։

Ահա այս պատմությունը կարդալուց հետո մտածեցի, որ Մորելը փղերի փրկությունն է ընտրել, որովհետեւ ցամաքի վրա ապրող ամենախոշոր կենդանին է փիղը, ու ոչ մի երկոտանի գազան չի կարող նրանց կոխկռճել։

Եվ երբ հասկացել է, որ փղի համեմատ բզեզի չափսի մարդն ի վիճակի է հարյուրներով ու հազարներով կոտորել այդ հսկաներին, գուցե դա՞ է պատճառ դարձել, որ սկսել է ինքնասպանի հուսահատությամբ որսագողերի դեմ պայքարել բոլոր հնարավոր ու անհնար, թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով։

…Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն քսաներեք տարի միջատներն սպանում են փղերին։

Եվ սրանց դեմ պայքարը ժամ առ ժամ դառնում է ինքնասպանի հուսահատ ջղակծկում։

Նախորդ հոդվածըԿոչ ենք անում Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում․ Հայ ազգային Կոնգրես
Հաջորդ հոդվածըՎտարանդիության մեջ իր մահկանացուն կնքեց Վանո Սիրադեղյանը․ (մահախոսական)