Վտարանդիության մեջ իր մահկանացուն կնքեց Վանո Սիրադեղյանը․ (մահախոսական)

3811

Հայ ազգային կոնգրեսը խորը վշտով հայտնում է, որ վտարանդիության մեջ, որպես քաղաքական հալածյալ, իր մահկանացուն կնքեց Ղարաբաղյան շարժման ղեկավար մարմնի՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական- պետական գործիչ, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, գրող եւ հրապարակախոս, Գրողների միության անդամ, հայ գրականության երախտավոր Վանո Սիրադեղյանը եւ ցավակցում նրա ընտանիքին։

 Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին, Հայկական ԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում։

1966-1969թթ. ծառայել է խորհրդային բանակում։

1969-1974 թվականին սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Առաջին գրական ստեղծագործությունները հրապարակվել են «Գարուն» ամսագրում 1972 թվականին։ Աշխատակցել է մի քանի թերթերի եւ ամսագրերի։

1982 թվականին նա դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր՝ «Տարվա լավագույն պատմվածքների համար»։

1988-90թթ. եղել է Ղարաբաղյան շարժման ղեկավար մարմնի՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» («Ղարաբաղ» կոմիտե) անդամ։

1989թ. դեկտեմբերին ձերբակալվել եւ «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ 6 ամիս արգելափակվել է մոսկովյան Բուտիրկա բանտում։

1990-95թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (ՀՀՇ խմբակցության անդամ)։ Միաժամանակ՝ 1990-91թթ. աշխատել է որպես ՀՀ անտառային տնտեսության վարչության պետ, 1991-92թթ.՝ ՀՀ Նախագահի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերով խորհրդական։

1992-1996թթ. զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, 1996 (նոյեմբեր)-1998 թվականներին՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնները։ 1997-1999թթ. միաժամանակ եղել է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր («Հանրապետություն» խմբակցության անդամ)։

1998թ. պետական հեղաշրջման հետեւանքով հրաժարական է ներկայացրել Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։

1990-1992 եւ 1997-2000 թվականներին եղել է Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահը։ 2000 թվականից առ այսօր ՀՀՇ (2013 թվականից վերանվանված Հայ ազգային կոնգրես) կուսակցության վարչության անփոփոխ անդամն է։

2000 թվականից քաղաքական վտարանդի էր։

Վանոն առաջին հերթին հայ արձակի տաղանդավոր եւ ինքնատիպ ներկայացուցիչներից էր։

Հենց այսպես է ներկայացնում նրա մուտքը գրական ասպարեզ Հրանտ Մաթեւոսյանը.

«Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած… Եւ հրճվանք էին պարզում այդ պատկերներն ու կերպարները – ուրախացնում էին իրենց արդեն իսկ կենդանությամբ ու բազմությամբ, ուրախացնում էր նրանց տերը՝ բազում կոչվածների մեջ եզակիի իր ընտրյալությամբ: Սա ճիշտ գրող էր և սա ճշմարիտ արձակ էր: Մերձակա ամբողջ ամայության պատճառը մոտավորությունն էր, իսկ սա երկարակեցության էր կոչված»:

Սա է իրական տաղանդի եւ հանճարի բնորոշումը՝ առանց վերամբարձ բառերի ու ներբողական խոսքերի՝ առանցքային ՃՇԳՐԻՏ եւ ՃՇՄԱՐԻՏ բառերի շեշտադրմամբ։

Հրատարակությունների քանակը եւ ծավալը չէ, որ բնորոշում են գրողի մեծությունն ու վաստակը, այլ ասելիքի ճշմարտացիության, ձեւի եւ բովանդակության այն շեշտված յուրահատկությունը, հեղափոխականությունը, որով գրողը ոչ թե իր հարմար, թեկուզ եւ՝ արժանի տեղն է զբաղեցնում գրականության կառքում, այլ լծվում է այդ կառքին՝ այն առաջ տանելու անմոռաց մղումով։ Այդպիսին է Վանո Սիրադեղյանի գրական ժառանգությունը, որ եթե հազարավոր էջեր չի զբաղեցնում, բայց տասնյակ ու հարյուր հազարավոր մտքեր է շարժում, որի ամեն տողը մեխվում է ընթերցողի մտքում որպես գեղեցիկ պատկեր, ճշմարիտ իրողություն կամ դիպուկ ասույթ։

Վանոյի արձակը ամփոփված է հետեւյալ ժողովածուներում.

Կիրակի (պատմվածքներ), Երևան, 1983։

Ծանր լույս (պատմվածքներ), Երևան, 1987։

Շատ չհամարվի, Երևան, 1993։

Ձեռքդ ետ տար ցավի վրայից, Երևան, 2000։

Գյադաների ժամանակը, Երևան, 2005։

Երկիր Ցպահանջ, Երևան, 2011։

Այս ցանկը կարող էր կրկնապատկվել, եթե նա շուրջ մեկ տասնամյակ չնվիրեր քաղաքականությանը։ Այս ցանկը կարող էր քառապատկվել, եթե նրա դեմ կյանքին սպառնացող շինծու մեղադրանքներ չհարուցվեին, եւ երկու տասնամյակ ստիպված չլիներ ապրել տարագրության մեջ։

Եթե մարդու համար կենսակերպ է ՃՇԳՐԻՏԸ եւ ՃՇՄԱՐԻՏԸ, նա չէր կարող այլ կերպ վարվել իր ժողովրդի համար ճակատագրական թոհուբոհի պայմաններում։

Վանոն չէր կարող չլինել Ղարաբաղյան համաժողովրդական շարժման ոչ միայն առաջին շարքերում, այլեւ նրա ակունքներում եւ ղեկավար կազմում։ Նա 1988թ. փետրվարյան հանրահավաքներում ձեւավորված «Կազմկոմիտեի» մեջ էր, մայիսից՝ Շարժման նոր ղեկավարության՝ «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» 11 անդամներից մեկը։

Միշտ չէ, գուցե եւ եզակի դեպքերում է այսպես լինում. ինչպես որ ինքնատիպ եւ արդյունավոր էր նա գրական ասպարեզում, նույնպիսին էր նաեւ քաղաքականության մեջ, որպես միակ հենակետ ու ելակետ ունենալով նույն՝ ՃՇԳՐԻՏԸ եւ ՃՇՄԱՐԻՏ-ը։

Այստեղ էլ դիմենք Հրանտ Մաթեւոսյանին.

«Ինչ լավ է, որ քաղաքականությունը նույնպես, ինչպես գրականությունը, ինչպես մաթեմատիկան, պատժում է իրեն աղարտողներին, ինչ լավ է, որ գրականությունը քաղաքականություն է ղրկել իր եզակի չխարդախողին»:

Չխարդախող մնաց Վանո Սիրադեղյանը իր քաղաքական ողջ գործունեության ընթացքում։

Այդպիսին էր նա որպես պատգամավոր, որպես պետական պաշտոնյա, որպես ընկեր, որպես մարդ ու քաղաքացի։

Լեգենդի է վերածվել նրա պաշտոնավարումը՝ որպես ՀՀ Ներքին գործերի նախարար։

Կոմունիստական հասարակարգի թողած ժառանգության մեջ կաթվածահար վիճակում էին բոլոր բնագավառները։ Թերեւս, ամենակաթվածահար վիճակում էր ՆԳ համակարգը։ Խորհրդային վերջին տարիներին, բարձիթողի վիճակից օգտվելով, հանրապետությունում վխտում էին տասնյակ մանր ու մեծ զինված խմբեր, հազարավոր մարդկանց ձեռքն էին անցել չգրանցված զենքեր: Երեւանում եւ հանրապետության մյուս բնակավայրերում ծաղկում էր «ասֆալտի ֆիդայիների» ռեկետը, հատկապես գիշերները անընդհատ լսվում էին անկանոն կրակոցներ, լինում էին զոհեր: Առավել չափով ակտիվացել էր «գողական» աշխարհը։ Նոր իշխանության առաջին ՆԳ նախարարները չկարողացան շտկել իրավիճակը։ Մինչդեռ 1992թ. սկզբից սահմանային բախումները վերածվեցին լայնածավալ պատերազմի։ Անկայուն նման թիկունքով որեւէ պատերազմ դատապարտված էր պարտության։ Նույն թվականի փետրվարին ՆԳ նախարար նշանակված Վանո Սիրադեղյանը պարզապես ամիսների ընթացքում կարողացավ արմատապես փոխել իրավիճակը։ Ապահովվեց ներքին կարգուկանոնը, ամբողջությամբ չեզոքացվեց «գողական աշխարհը»՝ որպես անկայունության գործոն եւ նրա ազդեցությունը քաղաքական գործընթացների, մասնավորապես ընտրությունների վրա։ Ոստիկանությունը նաեւ կարեւոր ներդրում ունեցավ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության հետ կապված ամենահրատապ խնդիրները լուծելու գործում։

ՀՀ ՆԳ համակարգը Վանո Սիրադեղյանի ղեկավարությամբ եղել է Հայաստանի պետականության կայացման եւ հաղթանակների ձեռքբերման կարեւոր հենասյուներից մեկը։

Վանոն Ղարաբաղյան հակամարտության՝ փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորման համոզված ջատագովներից էր։ Բնականաբար, նա առաջիններից մեկն էր այն քաղաքական գործիչներից, ովքեր հրաժարական տվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին 1998թ. փետրվարին տեղի ունեցած պետական հեղաշրջման հետեւանքով։

Զարմանալի քաղաքական հոտառություն ուներ, հայտնի են հատկապես նրա դիպուկ կանխատեսումները այն հետեւանքների մասին, որ պիտի ունենար Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ուղեգծից շեղվելը եւ «ստատուս քվոն» պահպանելու արկածախնդրական քաղաքականությունը։

Ողբերգական էր Վանո Սիրադեղյանի կյանքի վերջին երկու տասնամյակը անձնապես իր եւ իր ընտանիքի համար։ Անդառնալի է այն կորուստը, որ ունեցավ հայ գրականությունը եւ Հայաստանի քաղաքական կյանքը այդ տասնամյակներում։ Դրա համար առաջին հերթին մեղավոր են նրան  վտարանդիության դատապարտած՝ Հայաստանի Հանրապետության վերջին երեք ղեկավարները։ Մեղավոր է նաեւ այդ ամենը հանդուրժած հայ մտավորականությունը եւ, առաջին հերթին, նրա գրչակից ընկերներից շատերը՝ իրենց լուռ ու հանցավոր անտարբերությամբ։ Այդ մեղքը նրանց չի ներվելու, ինչպես 20-րդ դարի 30-ական թվականների ղեկավարներին չեն ներվել Չարենցի, Բակունցի եւ արվեստի, գիտության, գրականության բազմաթիվ այլ գործիչների բռնադատումներն ու սպանությունները։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Վանոյին
Հաջորդ հոդվածը«Ոսկե գնդակ»․ Զիդանի ֆավորիտը