‘Լիզա Ճաղարյան. Քծնողների դասի գլխավոր մրցանակակիրը Էդիկ Շարմազանովն է’

2961

Եթե մերոնցից մեկնումեկի մտքով անցնի չար խաղ խաղալ Հայաստանի գլխին, այսինքն՝ այս երկրի քաղաքացիների ընդհանրական նկարագրի չափանիշ ընտրի Սերժիկ Սարգսյանի մանկլավիկներին, ապա հետեւությունը շատ տխուր կլինի, ինչն ինքնաբուխ բացականչությամբ այսպես կհնչի. «Խելապակասների երկիր Հայաստանս»:

Անմեղսունակ զառանցանքների, «տրամաբանական» անհեթեթությունների, «իմաստուն» ապուշությունների, «քաղաքական» բարբաջանքների, չլսված-չտեսնված իշությունների ու անգրագիտության շքահանդեսի այն տարափը, որ ամեն օր թափվում է Հայաստանի քաղաքացիների գլխին՝ հորդում է «Հանուն մի կտոր լափի» նշանաբանի ներքո Սերժիկ Սարգսյանի ոտնահետքերը լիզելու համար հերթ կանգնածների «ակունքից»:

Չես հասցնում մարսել ահռելի որովայնն ուղեղի հետ շփոթած «օրենսդրի» փողոցային մակարդակի գարշահոտ բառակույտը, մեկ էլ մեջլիս է դուրս գալիս դեմիրճյանական Իշխան Սաքոյի բախտով իշխանության ամենավերին օղակներում հայտնված նախկին մանկավարժը (խեղճ երեխաներ) ու գրական հայերենով հիմարությունների այնպիսի սեանս է տալիս, ինչին կնախանձեին աբսուրդի թատրոնի նույնիսկ ամենավառ ներկայացուցիչները: Հետո սազը ձեռքն է առնում երրորդ «լափապաշտը», հետո չորրորդը, հինգերորդը… Շատ են: Եթե շատ չլինեին, վաղուց արդեն Սերժիկ Սարգսյանը՝ բոլոր այս մանկլավիկներից զրկված, չորս պատի ընկերակցությամբ ռեֆերատ գրելիս կլիներ այն մասին, թե ինչ էր պետք անել, որ «խիարը թարս չաճեր»:

Շատ են, ու դժվար է «լավագույն» խելապակասի դափնին սրանցից որեւէ մեկին շնորհել: Մեկը մյուսից անզուգական են:

Ավելի ճիշտ՝ էի՛ն: Ազգային ժողովի փոխնախագահ Շարմազանովը՝ Էդիկը, ծալեց ու գրպանը դրեց քծնողների մեջլիսի բոլոր սազանդարներին՝ հայտարարելով, որ գործող նախագահը (Սերժիկին նկատի ունի) ի՛նքը կորոշի, թե ով է լինելու հաջորդ նախագահը:

Կարիք չկա զայրանալու, զարմանալու, նաեւ հիշեցնելու, որ ըստ Հայաստանի սահմանադրության՝ ՀՀ քաղաքացիներն են ընտրում երկրի նախագահին: Էդիկը սա լավ գիտի: Բայց նաեւ գիտի, որ իրեն հասանելիք լափի քանակը եւ որակը պայմանավորված է քծնանքի դոզայով առ Սերժիկը Սարգսյան, որի ձեռքին է լափամանի շերեփը:

Էդիկն այս հայտարարությամբ բացճակատ խոստովանեց, որ ՀՀԿ-ական վերնախավի բոլոր անդամները Սերժիկ Սարգսյանի՝ ամենավերին օղակի Քաջ Նազարի «գյադեք»-ն են, որոնք «է՛ս կողմն են անցնում», եթե Նազարն այդպես է հրահանգում, հետո «է՛ն կողմն են անցնում», եթե Նազարի սիրտն այդպես է ուզում:

Էդիկն այս հայտարարությամբ նաեւ խիզախորեն բարձրաձայնեց, որ ՀՀԿ-ական որջում ոտնատակ են տվել Սահմանադրությունը եւ կշարունակեն ոտնատակ տալ, եթե Նազարն այդպես կամենա: Իսկ նազար Սերժիկ Սարգսյանը՝ Բաղրամյան 26-ը զավթելուց հետո, ինչ էլ կամենում է՝ Սահմանադրության կոխկռճման «բարձր հովանու ներքո» է կամենում:

Էդիկն այս հայտարարությամբ եւս մեկ անգամ բացահայտեց վաղուց արդեն բացահայտվածը՝ ՀՀԿ-ական վերնախավը պղծել է, պղծում է եւ պղծելու է ամեն սուրբ բան, քանի դեռ բերաններումը շունչ կա, դեմներն էլ՝ լափամանը լիքն է:

Էդիկը լավ տղա է, էդիկին բան չասեք: Էդիկը ՀՀԿ-ական քծնողների դասի գլխավոր մրցանակակիրն է: Բրդյա գուլպաներ հագցրեք՝ ոտքերը չսառեն: 

  

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Նորգաղութատիրությունը Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘ Ջհանգիրյանը հորդորեց կողմ քվեարկել զինծառայողների սոցիալական ապահովության մասին օրինագծին (տեսանյութ) ‘