‘Խմբագրական. Նորգաղութատիրությունը Հայաստանում’

2732

Հայաստանում ձեւավորվում է նորգաղութական համակարգ, եւ աստիճանաբար, թերեւս, հենց դա է դառնալու մեր հասարակության առջեւ ծառացող մեծ մարտահրավերը, որից բացատրելի կլինեն մնացած բոլոր՝ մեծ եւ փոքր հարցերը: Գաղութային ասելով՝ նկատի ունենք այնպիսի համակարգեր, որոնք՝ ա. ուղղակիորեն կամ անուղղակիորեն կառավարվում են դրսից, բ. սպասարկում են գերազանցապես դրսի շահերը, գ. սնվում են դրսում ստեղծված արժեքներով՝ նյութական թե հոգեւոր, դ. մանիպուլյացիայի են ենթարկում հասարակական գիտակցությունը կեղծ՝ իրական նպատակները քողարկող քարոզչական եւ գաղափարական կաղապարներով՝ շահարկելով նաեւ հանրային կարծրատիպերը, ե. տեղում իրականացնում են սոսկ վարչական կառավարում կամ ներկայացուցչական, մասնաճյուղային գործառույթ (այսինքն՝ մեծ որոշումները ընդունվում են այդ համակարգերից դուրս), զ. շահագործում են երկրի բնական եւ այլ պաշարները՝ յուրացնելով կամ դուրս հանելով երկրի հարստությունը, է. գաղութացման ենթակա պետությունը վերածվում է տարածքի, քաղաքացիները՝ բնակչության: Սա, իհարկե, գաղութականության գիտական եւ ոչ էլ սպառիչ սահմանում չէ, բայց մեր նպատակը, տվյալ դեպքում, միայն առկա հասարակական միտումների նախնական ուրվագծումն է, որը կարելի է հետագայում խորացնել եւ հարստացնել մանրամասներով եւ ճշտումներով:

Կարեւոր է, որ նշված կետերը նկարագրում են ոչ միայն իշխող, այլեւ, ընդհանրապես՝ մեր վերնախավային խմբերի գործունեության կաղապարը (մեզանում վերնախավ բառը հասկանում են հաճախ արժեքային իմաստով՝ իբրեւ բարձր որակների կրող մարդկանց խումբ, մինչդեռ մենք նկատի ունենք զուտ տեխնիկական իմաստը՝ մարդիկ, որոնք ունեն այս կամ այն ազդեցության լծակներ եւ ռեսուրսներ՝ իշխելու, կարծիքներ ձեւավորելու, համախմբելու եւ այլն): Կարեւոր է նաեւ այն, որ սա իրապես նոր ձեւավորվող համակարգ է, այլ ոչ թե հին պատմություն: Մենք սովոր ենք համարել, որ Հայաստանում ամեն բան վատ է այն աստիճան, որ այլեւս տարբերություն չկա, թե որքանո՛վ վատ է: Իրավիճակի նման անշարժ պատկերացումը բթացնող է՝ իրական, այլ ոչ թե սոսկ ճարտասանական կանոններով ձեւակերպված մարտահրավերները բաց թողնելու վտնագ պարունակող: Կարելի է վիճել այն մասին, թե իր 20-ամյա պատմության մեջ Հայաստանն իր բոլոր համակարգերով՝ քաղաքական, տնտեսական, մտավոր եւ այլն, որքանո՛վ իրապես անկախ է եղել եւ ո՛ր փուլերում, բայց այն, որ նորգաղութականությունը ամբողջանալու եւ Հայաստանի իրավիճակը նկարագրող առավել համարժեք եզր դառնալու միտում ունի՝ նորույթ է, եւ խոսքը ոչ թե արդեն ավարտված, այլ դեռ ընթացող գործընթացի մասին է: Փորձենք մի փոքր ուրվագծել այդ գործընթացը: Ընդ որում՝ շարադրանքից բաց եմ թողնում տնտեսական մասը, որի առումով ինձ կոմպետենտ չեմ համարում, բայց որն, անշուշտ, ձեւավորվող գաղութային համակարգի կարեւորագույն տարրերից է:

Թույլ հասարակություն, դեկորատիվ վերնախավ

Նորգաղութային համակարգի հիմքը մեր հասարակության թուլությունն է՝ ոչ միայն զուտ նյութական՝ տնտեսական, այլեւ մտավոր, հոգեբանական եւ կազմակերպչական: Որպես ամբողջություն՝ մենք ոչ միայն ի զորու չենք պաշտպանել, այլեւ, առավել հաճախ՝ ձեւակերպել եւ գիտակցել իսկ սեփական շահը, տարանջատել այն պարտադրված օրակարգերից ու թեմաներից: Խոսքը, տվյալ դեպքում, իհարկե, ոչ թե հասարակության մեծամասնության, այսպես կոչված՝ «հասարակ ժողովրդի» մասին է, որի վրա մունաթ գալը մեր վերնախավերի սիրած զբաղմունքն է, այլ հենց իրենց՝ վերնախավերի: Որեւէ երկրում եւ որեւէ պատմական փուլում հենց վերնախավերի գործառույթն է՝ ձեւակերպել, վերլուծել եւ իրականացնել հասարակության շահերը՝ սա տափակ այն ճշմարտությունների շարքից է, որը Հայաստանում անհրաժեշտություն կա հիշեցնել. թե չէ՝ մարդիկ սիրում են, տանը նստած ու ձեռքերը ծալած, իրենք իրենց շատ կիրթ ու հանճարեղ երեւակայել՝ բողոքելով «էս ժողովրդից», որն «անորակ» է եւ «ոչինչ չի հասկանում», կարծես կիրթ խավերի պարտականությունը չէ ձեւավորել եւ դաստիարակել ժողովուրդներին, եւ կարծես ժողովուրդներն իրենք իրենցով երկնքից պատրաստի վիճակում են իջնում: Երբ վերնախավը չի կատարում իր այս գործառույթը, ապա վերածվում է դեկորատիվ, զուտ ձեւական եւ, ի վերջո՝ մակաբույծ շերտի, ու կարեւոր չէ, թե վերնախավի տվյալ ներկայացուցիչը իշխանական չինովնիկ է, մեծահարուստ «օլիգարխ», թե համեմատաբար համեստ ապրող «չճանաչված հանճար», որը «դժգոհ» է կյանքից եւ ճակատագրից:

Հայկական վերնախավերն ընդհանրապես սովոր են գաղութային համակարգի, այդ պատճառով էլ դա բավականին հեշտությամբ վերականգնվում է մեզանում այսօր: Քաղաքական վերնախավը սովոր է իր զուտ վարչարարական, կատարողական գործառույթին, մտավորականությունը՝ «պիոներական» հոգեբանությանը՝ «կողմ ենք բոլոր լավ, եւ դեմ ենք բոլոր վատ բաներին» եւ այլն:

ԶԼՄ դաշտի եւ քաղաքական միավորների վերաձեւավորումը

Երեք՝ երկու արտաքին եւ մեկ ներքին մեծ համակարգեր այսօր փորձում են եւ զգալի հաջողության հասնում երկիրը՝ մարդկանց, կառույցները, տնտեսությունը, քաղաքական լծակները, մտքի եւ խոսքի դաշտը իրար մեջ բաժանելու գործում (մյուս համակարգերն այս պահին համեմատաբար թուլացած վիճակում են, եւ հեռանկարում անհրաժեշտ է դիմադրողական դաշտի վերադասավորում): Արտաքին համակարգերը մոտավորապես պարզ են, իսկ երբ ասում ենք՝ ներքին, ապա, հատկապես նկատի ունենք իշխանության, այսպես կոչված՝ «երիտթեւը», որովհետեւ հինը՝ «հանրապետական քյարթերը», զուտ պաշտպանողական դիրքում են ՝ նրանք զուրկ են սեփական քարոզչական-լրատվական հնարավորություններից, եւ հասարակության մեջ էլ նրանց նկատմամբ, մասամբ՝ բնականորեն, մասամբ էլ՝ նորերի ագրեսիվ քարոզչության շնորհիվ, ձեւավորված է կայուն հակակրանք: Նրանց՝ այսօր դեռ համեմատաբար ուժեղ դիրքը ժամանակավոր է եւ ապագայի տեսակետից՝ ժամանակավրեպ, թեեւ հասարակությունը ցայսօր նրա՛նց հետ է կապում («հայերեն» ասած՝ ասոցացնում) իշխանության դեմքը, ու թեեւ նրանք դեռ տիրապետում են իշխանական լծակների եւ հարստության իրենց՝ զգալի մասնաբաժնին: Իրական համակարգ են «նորերը», որոնք հենվելով տեխնոլոգիական հզոր գործիքների, ներքին եւ արտաքին շեշտված կապերի վրա, ծրագիր ունեն՝ վերացնելով հին վերնախավը՝ զավթել երկիրը՝ ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմադիր դաշտը վերաձեւելով ըստ «կրեաԾիվ» մտահղացման: Ի դեպ, չնայած ձեւականորեն «երիտթեւը» հայաստանյան է, սակայն իրականում գաղութատիրական դիրքավորում ունի երկրի եւ ժողովրդի հանդեպ:

Հատկապես լրատվական դաշտի «քարտեզից» է հստականում այսօրվա ուժային իրական դասավարությունը: Արտաքուստ՝ ԶԼՄ դաշտում, հատկապես՝ դրա ոչ հեռուստատեսային՝ թերթերի ու կայքերի հատվածում, լիակատար քաոս է, իսկ իրականում բավականին հստակ ներքին տրամաբանությամբ գործող համակարգ է: Այստեղ մեծ փոփոխություններ են եղել վերջին տարիներին: Եթե կարճ ձեւակերպենք, ապա նախկինի՝ «թերթը մանր բիզնեսի տեսակ է, ուր թերթի սեփականատերը փող է պոկում տարբեր քաղաքական խմբերից», այսպես ասած՝ մանր բուրժուական համակարգից անցում է կատարվել դեպի ավելի կենտրոնացված համակարգ, ուր տվյալ ԶԼՄ-ն եղած խոշոր ուժային բեւեռներից մեկի կամ երկուսի շահերը սպասարկող միավորներից է: Նախկին համակարգը թեեւ փչացած էր («գրաբարով» ասած՝ կոռումպացված), բայց ավելի ազատ էր, իսկ ներկայում այդ «խուժան ազատությունը» աստիճանաբար իր տեղը զիջում է մենաշնորհայինի մոտեցող համակարգին: Մանր բիզնեսի փոխարեն ԶԼՄ-ները խոշոր, համակարգային, հետեւողական պատվեր են կատարում (մանրը մնում է, բայց ոչ առաջնային դերում): Իհարկե, ասվածն ընդհանուր միտումն է, որը կարող է ամեն տվյալ դեպքում տարբեր դրսեւորումներ եւ երանգներ ունենալ, բայց դա էական չէ:

Ի դեպ, նույն միտումն ուժեղանում է եւ սպառնում է տիրապետող դառնալ նաեւ քաղաքական դաշտում՝ մանր քաղաքական միավորները նույնպես «ազատ բիզնեսից» կարող են, եւ ըստ գերակայող միտման՝ նաեւ պետք է ի վերջո վերածվեն խոշոր բեւեռներից կոնկրետ մեկի շահերը գերազանցապես սպասարկող ենթահամակարգերի՝ նույնիսկ «առեւտրական» ինքնիշխանությունից զրկվելով: Բացի այդ, նկատվում է քաղաքական միավորների ներքին բաժանման միտում, ուր ձեւականորեն մեկ կառույցի մեջ միավորված խմբերն ու անհատները «անջատողական» կապեր են ձեւավորում յուրաքանչյուրն իր նախընտրած համակարգի հետ: Այս պահի քաղաքական իրավիճակը ճահիճ է, որի մեջ չափից ավելի մեծ եւ անզգույշ ակտիվություն ցուցաբարելու դեպքում կարելի է եւ չնկատել սեփական խուրդվելն ու մանրանալը: Տիրապետող են դատարկ խոսքն ու վարքը, որոնք իսպառ մոռացվելու են եւ կորցնելու են իրենց արդիականությունը, հենց որ անամպ երկնքից անսպասելի հնչի իրական, այլ ոչ թե թատերական որոտման ձայնը:

ԶԼՄ-ների օրինակը պատահական չհիշեցի, չնայած՝ արտաքուստ թվում է, թե դա մեզ թեմայից շեղում է: ԶԼՄ-ների միջոցով արտադրվող քարոզչական-իդեոլոգիական կաղապարներներից առավել պարզ են դառնում մրցող մեծ համակարգերի նպատակները, որոնք քողակված են վեհ գաղափարական փաթեթների մեջ:

Երեք համարգ, երեք կեղծ իդեոլոգիա

Եթե ընդհանրացնելու լինենք, ապա մեր հասարակությանը մատուցվում է երեք իդեոլոգիական կաղապար՝ երեքն էլ, ըստ էության, գաղութատիրական: Դրանցից երկուսը բացահայտորեն սպասարկում են արտաքին շահերը, իսկ մեկը թեեւ ձեւականորեն հայաստանյան ծագում ունի, սակայն դրա տակ թաքնված է «երիտէլիտայի» փորձը՝ ստանձնել սեփական երկրի եւ ժողովրդի նկատմամբ գաղութատիրոջ դերը՝ արտաքին աշխարհի նկատմամբ դիրքավորվելով որպես «բնիկային», սպասարկու վերնախավ: Այլ կերպ ասած՝ «երիտխավը» պատրաստ է սպասարկել «մեծ աշխարհի» շահերը, բայց պայմանով, որ տեղական գաղութատիրոջ, «նայողի» դերն իրենը լինի: Ի դեպ, հատուկ չեմ գրում իշխող խմբի երիտխավ, որովհետեւ խոսքն արդեն ոչ միայն իշխող, այլեւ ընդդիմադիր դաշտում դիրքավորվող երիտշերտի մասին է, որի մի զգալի մասը որոշել է ընթանալ հեշտ ճանապարհով՝ չդիմադրել ժամանակի ոգուն եւ «հաղթողների» կողմից գծած խաղի կանոններին:

Առաջին իդեոլոգիկ-քարոզչական կաղապարը «առաջադիմականն է», որը շահագործում է հատկապես անկախության թեման, իբր՝ անկախականությունը նույնանում է քաղաքական արեւմտամետության, ծայրահեղ հակառուսականության եւ աշխարհաքաղաքական բախումների մեջ որպես կողմ ներգրավվելու դիրքի հետ: Անկախություն բառը չարաշահելով՝ չեն խորշում արտաքին ուժերի բացահայտ սպասարկուի դերը ստանձնել, ընդհուպ մինչեւ, «արեւը ծագեց արեւելքում, շնորհակալություն մեծ եղբորը դրա համար» ոճը: Պարզ է, առանց բացատրելու իսկ, որ իրական անկախականության հետ այս դիրքը նույնքան կապ ունի, որքան անանասը հյուսիսային բեւեռի հետ, պարզապես նախկին հավատավոր պիոներներն այժմ նոր «Պարծիա են» գտել իրենց համար: Այս իդեոլոգիկ կաղապարի մյուս կոնկրետ դրսեւորումները տարբեր են եւ հաճախ լինել իրար հակադիր: Կախված ընթացիկ միտումներից, օրինակ, կարող է խրախուսվել կամ, հակառակը՝ պախարակվել ռոմանտիկ ազգայնականությունը, բայց միակ բանը, որը երբեք խրախուսելի չէ՝ իրապաշտական, իրապես հայրենասիրական հայաստանակենտրոն դիրքորոշումը:

Մյուս՝ առաջինին շատ առումներով հակադիր, բայց խորքով իրականում նույնական իդեոլոգիական կաղապարը բացահայտ հակաանկախականն է: Սա վերջին շրջանում մի քիչ ավելի լուսանցքային դեր ունի ԶԼՄ դաշտում, բայց, միեւնույն է, ունի նաեւ իր անխոնջ մարտիկներն ու մշակները: Չնայած թվացյալ թունդ ընդդիմադիր ճարտասանությանը եւ հակաանկախական, ըստ էության՝ հակապետական դիրքի՝ սրանք շարունակում են հովանավորվել գրեթե պետական մակարդակով, ինչպես եւ նախկին դիրքի կրողները: Այս իդեոլոգիկ կաղապարի հիմնական թեզն է՝ հայերն ի զորու չեն ինքնակառավարվել, հայկական միջավայրն ի զորու է ձեւավորել միայն հանցագործ վերնախավեր, ողջ հայկական քաղաքական, տնտեսական եւ ռազմական էլիտան խուժան եւ բանդիտներ են եւ այդպես են եղել ու կլինեն միշտ, բացի այն պահերից, երբ Հայաստանը կառավարվում է օտարների կողմից: Այս թունդ քննադատությունից, իհարկե, դուրս է մնում ոչ անհայտ Սերժ Ազատիչը, բայց դե նա էլ մենակով ի՞նչ կարող է անել: Ինչպես տեսնում ենք, երկրորդ այս իդեոլոգիական կաղապարը առաջինից պակաս հակահայկական չէ:

Վերջապես՝ երրորդ իդեոլոգիական-քարոզչական կաղապարը մեր սիրելի երիտթեւի համակարգինն է: Այս կաղապարը որոշ առնչություններ ունի թե՛ առաջինի, թե՛ երկրորդի հետ: Հիմնական թիրախը «հներն են», «օլիգարխիան»՝ չարիք, որից մեզ պետք է ազատագրեն հրապարակավ անանուն, բայց իրականում բոլորիս էլ հայտնի անուններով՝ «կիրթ», «նոր» երտասարդները՝ իշխող վերնախավից, նաեւ՝ ընդդիմադիր դաշտից: Այս ամենը պետք է արվի իբր հանուն ժողովրդավարության եւ առաջադիմության: Իրական (որքանով գիտակցված՝ կարեւոր չէ, քանի որ ավելի կարեւոր է գործընթացների ներքին տրամաբանությունը, քան մարդկանց պատկերացումները դրանց մասին) նպատակն է վերնախավային հեղաշրջումը, իշխանական եւ քաղաքական լծակների եւ հարստության վերադասավորումը եւ «արտասահմանում կրթություն ստացած» կամ էլ պարզապես չգիտես որ խաչից որպես «կիրթ» ու «իտելեկտուալ» ներկայացող երիտասարդների «նրբին» գաղութատիրական դիկտատուրայի հաստատումը «անկիրթ» եւ «քյարթ» Հայաստանի վրա: Երիտօլիգարխիայի շահերն ու կապերը՝ տնտեսական, գաղափարական, հոգեբանական, ի տարբերություն «հների» մի մասի՝ Հայաստանից դուրս են, «աշխարհաքաղաքացիական են» եւ կարող են ձեւակերպվել «բիզնեսը հայրենիք եւ ազգություն չի ճանաչում» արտահայտությամբ: Ի դեպ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «պետությունը մահանում է» թեզը, ինչպես նաեւ՝ «մնան, որ հեղափոխություն անեն» «բլթցրած» խոսքը կարող են լավագույնս մեկնաբանվել հենց այս՝ ներքին գաղութատիրական իդեոլոգիայի շրջարկում: Նաեւ, իմիջիայլոց, նկատենք, որ այս ամենը չի խանգարում, որ այս կաղապարի շրջանակում էլ հարկ եղած դեպքում շահագործվի պարզունակ ազգային ռոմանտիզմը, հայդատականությունը, որովհետեւ այն, ի տարբերություն իրապաշտական ազգայնականության, որեւէ վտանգ չի պարունակում ո՛չ արտաքին գաղութատիրական համակարգերի, ո՛չ էլ ներքին «աշխարհաքաղաքացիների» շահերին՝ երեքն էլ հանգիստ շահարկում են դա իրենց պետք եղած դեպքերում:

Այս երեք տարբեր, բայց խորքով միասնական համակարգերի դեմ միակ իրական դիմադրությունը կարող է կազմավորվել, ինչպես արդեն պարզ է շարադրանքից, միայն իրապաշտական հայրենասիրության՝ հայաստանակենտրոնության դիրքերից, որը պետք է միավորող լինի՝ առկա ժամանակավոր եւ մակերեսային քաղաքական, կուսակցական բաժանումներից դուրս եւ բարձր:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտարկում Օմարի լեռնանցքում’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Քծնողների դասի գլխավոր մրցանակակիրը Էդիկ Շարմազանովն է’