‘«Լիսկայի գործով» քննիչը բոլոր նյութերը կտրամադրի դատարանին’

1056

Այսօր առավոտյան Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Բուդաղյանների ներկայացուցիչ Հ. Ալումյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին  ազատելու որոշման դեմ և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:  

Հայկ Ալումյանը այսօրվա դատական նիստի սկզբում կրկին պնդեց, որ քննիչ Ա. Ղազարյանը դատարանին տրամադրի իր որոշումը հիմնավորող նյութերը (2500 թերթից դատարանին տրամադրվել է ընդամենը 189-ը), որին ի պատասխան՝  դատախազ Կ. Հարությունյանը պատճառաբանեց, որ խնդիրը տեխնիկական է, իսկ Ա. Ղազարյանն իր հերթին համաձայնեց 5-7 օրվա ընթացքում ներկայացնել բողոքին առնչվող բոլոր նախաքննական նյութերը:

«Երբ քննինչն է որոշում, թե որ նյութերն է ավելի նպատակահարմար ներկայացնել, դատարանը հայտնվում է պատանդի կարգավիճակում նախաքննական մարմնի առջև»,- հայտարարեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Նա նշեց նաև, որ նյութերի առկայության դեպքում, հնարավոր է՝ բողոքի մեջ տեղի ունենան որոշ լրացումներ կամ փոփոխություններ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին:

Հիշեցնենք նաև, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում էին այս տարվա հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության և նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու համար: Քննչական մարմինը «հիմնավորել էր», որ Խաչատրյանի և Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, որի հիման վրա դադարեցվել էր հետապնդումը:   

Նախորդ հոդվածը‘«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը պահանջում է անցկացնել հանրաքվե ‘
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Շանթ Յարութիւնեանը եւ … Սփիւռքի լռութիւնը’