‘Լիսկայի որդու փաստաբան. Ես Տիգրան Խաչատրյանի փաստաբանն եմ, այլ հարցերի պատասխանելը ինձ համար անթույլատրելի է’

1218

Այսօր փաստաբանների պալատի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով ձերբակալված, ապա ազատ արձակված որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է iLur.am-ի հարցերին:

-Պարոն Սահակյան, Ավետիք Բուդաղյանի սպանությունից անմիջապես հետո հասարակության մեջ հաստատված էր այն համոզմունքը, որ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները չեն պատժվելու, որ Սուրիկ Խաչատրյանին Հայաստանում թույլատրված է ամեն ինչ, և օրինակ էին բերում գործարար կնոջ ծեծը «Մարիոտ» հյուրանոցում, որից հետո Խաչատրյանը չպատժվեց: Մարդիկ զուգահեռներ են անցկացնում նաև այս գործի և  Տիգրան Առաքելյանի  ու Կոնգրեսի ակտիվիստների գործի միջև ,  երբ վերջիններիս  դատարանը դատապարտում է 2-6 տարվա ազատազրկման՝ ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար, իսկ Տիգրան Խաչատրյանն ազատ է արձակվում: Արդյոք այս ամենը չի՞ խոսում այն մասին, որ Հայաստանում չկա արդարադատություն, այլ ընդամենը արդարադատության իմիտացիա է կամ ֆարս:

-Տիգրան Առաքելյանի գործին ես ծանոթ չեմ, պատասխանել չեմ կարող: Ծանոթ չեմ Սիլվա Խաչատրյանի գործին, չնայած որ շատ լավ ծանոթ եմ Սիլվա Խաչատրյանին, մենք շատ մտերիմ ենք եղել, ես նրա պաշտպանն եմ եղել: Ես չեմ ուզում մեկնաբանություններ անել՝ չիմանալով գործի նյութերը, ես փաստաբան եմ և Տիգրան Խաչատրյանի փաստաբանն եմ, այլ հարցերի պատասխանելը ինձ համար անթույլատրելի է:

-Շատերը համեմատում են  Հարսնաքարի և այս գործերն ու պնդում, որ եթե այս դեպքում Ավետիք Բուդաղյանի սպանությունը որպես ինքնապաշտպանություն է դիտվել, իսկ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ էլ դադարեցվել է քրեական հետապնդումը, ապա Վահե Ավետյանի սպանությունն էլ կարող է համարվել ինքնապաշտպանություն, և Ռուբեն Հայրապետյանի՝ Վահե Ավետյանին սպանած թիկնապահների նկատմամբ էլ կարող է քրեական հետապնդումը դադարեցվել:  Չե՞ք կարծում, որ սա վտանգավոր նախադեպ է:

-Գիտեք, առանց գործի նյութերին ծանոթ լինելու՝ այս միտքը, որ դուք շարադրեցիք՝ «շատերն ասում են» բառերով, ես ինքս այդ շատերի նման ասել եմ. եթե այնտեղ այսպիսի իրավիճակ է, նրանք (Հայրապետյանի թիկնապահները — խմբ.) պետք է արդարացվեն, դա ասել եմ առաջին օրերին, բայց ես երբեք ինձ վրա չեմ վերցնի պատասխանատվություն՝ հաստատել այդ ամենը որպես միակ ճշմարտություն, որովհետև ծանոթ չեմ գործի նյութերին:

Կարեն Թովմասյան 

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Դանիա. Հաղթելո՛ւ ենք ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն առաջարկել է միջազգային վերահսկողություն սահմանել Սիրիայի քիմիական զենքի նկատմամբ’