‘«Լիվերպուլը» շտապեց գնել Վան Դեյկին՝ վախենալով «Սիթիի» հետաքրքրությունից’

8259

«Լիվերպուլը» ստիպված էր շտապել և, հնարավոր է, ավելի շատ ծախսել Վիրգիլ Վան Դեյկի տրանսֆերի համար, վախենալով պաշտպանի հանդեպ «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունից։ Դեկտեմբերին որոշ անգլիական պարբերականներ հաղորդել էին, թե Վան Դեյկը դարձել է Քաղաքաբնակների առաջնահերթ նպատակը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հավանաբար Խոսեփ Գվարդիոլայի թիմին միանալու շանսը գրավիչ էր 26-ամյա հոլանդացու համար, չէ՞ որ «Էթիհադում» Վիրգիլը հիանալի ֆինանսական պայմաններ կստանար, կենտրոնական պաշտպանի դիրքում հարաբերականորեն քիչ մրցակցություն և այս մրցաշրջանում նվազագույնը Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճելու հնարավորություն։
Ինչպես հայտնի է դարձել Liverpool Echo-ին, Կարմիրները այնքան էին վախենում ձեռքներից բաց թողնել Վան Դեյկին, որ այնպիսի առաջարկություն են ներկայացրել, որին անհապաղ հետևել է պատասխանը. որպես փոխհատուցում «Սաութհեմփթոնին» 75 մլն ֆունտ և շաբաթական 180 հազար ֆունտ աշխատավարձ՝ խաղացողին։
Ավելին, չորեքշաբթի «Լիվերպուլը» օդանավով իր պատվիրակությանը շտապ ուղարկել է Բորնմուտ, որպեսզի Վան Դեյկը արագացնի բուժզննումը և կատարի բոլոր ձևականությունները մինչև տրանսֆերային պատուհանի պաշտոնական բացումը։
Չնայած «Սիթիի» ողջ գրավչությանը հազիվ թե Վիրգիլի համար դժվար եղավ «Լիվերպուլի» օգտին որոշում կայացնելը։ Հայտնի է, որ ամռանը Հոլանդիայի հավաքականի խաղացողը հուսահատ փորձում էր տեղափոխվել Մերսիսայդյան ակումբ, բայց այն ժամանակ «Սաութհեմփթոնը» կտրականապես հրաժարվեց բանակցություններ վարել։
Ամռանը Կարմիրների հետ Սրբերի շփվելու ցանկության բացակայությունը շատ բանով կապված էր նրա հետ, որ «Լիվերպուլը» փորձում էր անմիջականորեն պայմանավորվել Վան Դեյկի հետ՝ շրջանցելով ակումբին։ Այն ժամանակ «Սաութհեմփթոնը» նույնիսկ սպառնաց բողոք ներկայացնել Պրեմիեր լիգա։

Այդ ժամանակվանից Fenway Sports Group-ի նախագահ Մայք Գորդոնին հաջողվեց վերականգնել հարաբերությունները «Սաութհեմփթոնի» հետ։ Այսպիսով «Լիվերպուլը» սկսեց պատրաստվել Վան Դեյկի ձեռքբերմանը հունվարյան տրանսֆերային պատուհանից շատ առաջ, իսկ «Սիթիի» կողմից մրցակցությունը ինչ-որ չափով նույնիսկ օգնեց Կարմիրներին շտապել և ավարտին հասցնել սկսած գործը։
Չնայած նրան, որ «Լիվերպուլը» 15 մլն ֆունտ ավելի է վճարել այն գումարից, որն առաջարկել էր ամռանը, Յուրգեն Կլոպը վստահ է, որ Վան Դեյկը առաջիկա տարիներին կարող է դառնալ պաշտպանության լիդերը։ Ակումբի ղեկավարությունը պաշտպանել է Վան Դեյկի վերաբերյալ իր մարզչի դատողությունները, ով մրցաշրջանի 2-րդ կեսին կարող է օգնել Կարմիրներին ինչպես Անգլիայի գավաթում, այնպես էլ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի փուլում, քանի որ ոչ մի անգամ հանդես չի եկել այդ երկու մրցաշարերում։

Նախորդ հոդվածը‘Ռեյ Ուիլքինս. Եկել է ժամանակը, որ «Յունայթեդի» որոշ ֆուտբոլիստները հասկանան թե որտեղ են խաղում’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ը ցանկանում է հունվարին վարձակալել Դավիդ Վիլյային’