‘ «Լիվերպուլ»- «Տոտենհեմ». Չեմպիոների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ ‘

1081

1 հունիսի, մեկնարկը՝  23:00,  «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Դամիր Սկոմինա (Սլովենիա)

Այսօր ֆուտբոլային աշխարհում շատ կարևոր ևս մի իրադարձություն տեղի կունենա, որով և կեզրափակվի եվրոպական ֆուտբոլի ընթացիկ մրցաշրջանը: «Տոտենհեմը» և «Լիվերպուլը» կենաց ու մահու պայքարի դուրս կգան ամենահեղինակավոր տիտղոսներից մեկը նվաճելու համար:   

Կիսաեզրափակչի առաջին հանդիպումներից հետո շատերն անգամ ամենահամարձակ կանխատեսումներում հազիվ թե կարողանային նման եզրափակիչ կանխագուշակել: Պատմության մեջ երկրորդ անգամ Չեմպիոնների լիգայի ամենավճռական հանդիպման մասնակիցներն անգլիական թիմեր են: Առաջին անգամ նման խաղի ականատես ենք եղել 2008 թվականին, երբ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում միմյանց դեմ էին դուրս եկել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:  Այսօրվա մրցավեճը, անկասկած, աչքի կընկնի բոլորովին այլ որակներով՝ իր ինտենսիվությամբ և ագրեսիվությամբ: Պատճառն ակնհայտ է՝  մարզիչները գերադասում են խաղալ ագրեսիվ ֆուտբոլ և անընդհատ պրեսինգի են դիմում:

Ֆուտբոլային աշխարհը այս հանդիպման ֆավորիտ է համարում «Լիվերպուլին»: Պրեմիեր լիգայում Կլոպի գլխավորած թիմն արդեն իսկ ապացուցել է իր առավելությունը «Տոտենհեմի» նկատմամբ` ավարտելով առաջնությունն առաջիկա մրցակցից 26 միավորի տարբերությամբ: Բացի դրանից, «Լիվերպուլը» չի ցանկանա կրկնել անցած տարվա սխալները և երկրորդ տարին անընդմեջ պարտվել մրցաշարի ամենակարևոր խաղում: Միայն նշենք, որ հունվար ամսից սկսած «Լիվերպուլը» 23 հանդիպում է անցկացրել և պարտվել է միայն մեկ անգամ: Այդ պարտությունը «Կարմիրները» կրել են «Նոու Կամպում», բայց պատասխան խաղում կարողացան շտկել իրավիճակը:  

Վերջին մի քանի ամիսներին այնքան էլ բարդ չէր գուշակել «Լիվերպուլի» մեկնարկային կազմը, մանավանդ առջև գծում: Բայց առաջիկա խաղում կարող է ամեն ինչ այլ լինել, քանի որ կասկածելի է մեկնարկային կազմում Ֆիրմինոյի հայտնվելը: Բրազիլացի հարձակվողը ապաքինվել է վնասվածքից և արդեն մեկ շաբաթ է, ինչ մարզվում է: Դժվար է ասել, թե որքանով է նա պատրաստ այս հանդիպմանը ֆունկցիոնալ առումով: Ամեն դեպքում, եթե Ֆիրմինոն անգամ պատրաստ չէ, Կլոպը նրան փոխարինելու երեք տարբերակ ունի: Այս ֆուտբոլիստի  փոխարեն առաջին րոպեներից խաղադաշտ կարող է դուրս գալ ինչպես Դանիել Ստարիջը, այնպես էլ Օրիգին: Բայց միևնույն ժամանակ չպետք է բացառել նաև Վեյնալդումի տարբերակը, որը հիանալի աշխատեց «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում: Ավելի հավանական է, որ հարձակման գծում կգործի Ֆիրմինոն, իսկ Վեյնալդումը կխաղա կիսապաշտպանությունում, որտեղ Կլոպը նույնպես մի քանի տարբերակներ ունի` հաշվի առնելով Միլների, Հենդերսոնի և Ֆաբինյոյի առկայությունը: Պաշտպանության եզրերում կգործեն Ալեքսանդր-Առնոլդը և Էնդի Ռոբերտսոնը, իսկ կենտրոնում Վիրջիլ Վան Դեյկն ու Մատիպը: Վերջինս վերջին շրջանում շատ լավ տպավորություն է թողնում: Դարպասին անկասկած լինելու է Ալիսոն Բեկերը, որը, հուսանք, չի կրկնի Կարիուսի սխալները:

Պրեմիեր լիգայի 2-րդ կեսում «Տոտենհեմի» գործերն այնքան էլ լավ չդասավորվեցին: Այդ ժամանակահատվածում Պոչետինոյի սաները հասցրեցին կրել են 12 պարտություն: «Տոտենհեմի» մեկնարկային կազմը գուշակելը նույնպես շատ բարդ է: Մաուրիսիո Պոչետինոն մրցաշարի ընթացքում մի քանի անգամ փոխել է իր մարտավարությունը, խաղացել է թե 3 և թե 4 պաշտպանով: Իհարկե, Պոչետինոյի նման կերպ վարվելը պայմանավորված է այն հանգամանքով, թե որ խաղացողներն են ներկա պահին շարքում և նրա տրամադրության տակ: Եզրափակիչ խաղում արգենտինացի մասնագետը հավանաբար կգործի 4-2-3-1 դասավորությամբ: Առջև գծում կարող է խաղալ ոչ թե կիսաեզրափակիչ պատասխան խաղի հերոս Լուկաս Մոուրան, այլ վնասվածքից ապաքինված Հարի Քեյնը: Ձախ եզրում Ալեքսանդր-Առնոլդի դեմ դուրս կգա Սոնը: Կենտրոնում կարող էր գործել Էրիկսենը, բայց Ալիի ներկայությունը կարող է ստիպել Էրիկսենին գործել ավելի մոտ աջ եզրին: Ալին փորձելու է սկսել թիմի գրոհները և գնդակ հասցնել Հարի Քեյնին, որը դրա կարիքը շատ է ունենալու: Կիսապաշտպանության կենտրոնում, ամենայն հավանականությամբ, գործելու են Վիկտոր Վանյաման և Մուսա Սիսոկոն: Այս զույգից մեծ հաշվով շատ բան է կախված լինելու:

Պոչետինոն որոշակի խնդիրներ ունի պաշտպանության աջ եզրի հետ կապված: Տրիպյեն այնքան էլ հաջող մրցաշրջան չի անցկացնում, ինչի մասին կարող են վկայել անգամ «Այաքսից» բաց թողած երկու գոլը: Դա կարող է ստիպել Պոչետինոյին աջ եզրում օգտագործել Օրյեին: Ավելի հեշտ է գուշակել, թե ովքեր են խաղալու պաշտպանության կենտրոնում և ձախ եզրում` Յան Վերտոնգեն, Տոբի Ալդերվեյրելդ և Դենի Ռոուզ, իսկ դարպասին անկասկած լինելու է Ուգո Լյորիսը:

Ինչ վերաբերում է մրցաշարի եզրափակիչ հանդիպումների վիճակագրությանը, ապա վերջին 26 եզրափակչից միայն մեկում է գոլ գրանցվել հիմնական ժամանակում: Իսկ վերջին 8 եզրափակչում երկու թիմերն էլ գրավել են միմյանց դարպասը:

 

Նախորդ հոդվածը‘Մահացել է «Ռեալ»-ի և «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել’