‘ԼՂՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել Կալիֆորնիայի խորհրդարանում ‘

916

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը, որն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպական աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին այցելել է Կալիֆորնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտո, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Օրվա առաջին կեսին պատվիրակությունը մասնակցեց հատուկ ընդունելությանը, որը Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում կազմակերպվել է Արցախի պատվիրակության պատվին՝ նահանգային խորհրդարանի անդամ Խաչո Աչաջյանի և սենատոր Քեվին Դե Լեոնի նախաձեռնությամբ:

Իր խոսքում ԼՂՀ ԱԺ նախագահը հակիրճ ներկայացրեց Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ արժևորելով երկրում իրականացվող քաղաքական և տնտեսական բարեփոխումները: Խորհրդարանի նախագահն այդ համատեքստում կարևորեց Միացյալ Նահանգներում և, մասնավորապես, Կալիֆորնիայում ապրող մեր հայրենակիցների մասնակցությունը հայրենիքում իրականացվող ծրագրերին և կոչ արեց շարունակել աջակցությունը նաև մասնագիտական ու խորհրդատվական ձևերով:

Ողջունելով պատվիրակության անդամներին, Կալիֆորնիայի խորհրդարանականները վերահաստատեցին Արցախին առնչվող հարցերն ուշադրության կենտրոնում պահելու իրենց պատրաստակամությունը և հույս հայտնեցին, որ հաստատված համագործակցությունը կհամալրվի գործնական քայլերով:

Օրվա երկրորդ կեսին Արցախի պատվիրակությունն այցելեց Բերկլի քաղաք, որի համալսարանի իրավունքի դպրոցում կազմակերպվել էր կլոր սեղան՝  նվիրված ԼՂՀ-ում ընտրությունների դիտարկման գործընթացին: Քննարկումներին զեկուցումներով  հանդես եկան 2012թ. հուլիսի 19-ի ԼՂՀ նախագահական ընտրություններին որպես միջազգային դիտորդներ մասնակցած մի խումբ մասնագետներ: Դիտորդները համակողմանի վերլուծեցին անցած ընտրությունները՝ այն բաղդատելով տարբեր ընթացակարգերի հետ և, ընդհանուր առմամբ, բարձր գնահատեցին ԼՂՀ-ում հաստատված ընտրական ավանդույթը՝ այն գնահատելով որպես ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ:

Կլոր սեղանի ընթացքում Աշոտ Ղուլյանն անդրադարձավ դիտորդների կողմից ներկայացված դիտողություններին և հավաստիացրեց, որ Արցախում շահագրգռված են ընտրական գործնթացների հանդեպ միջազգային փոձագետների գնահատականներով, ուստի վճռական են կատարելագործելու ընտրական օրենսդրությունը՝ որպես պետական իշխանության ձևավորման ժողովրդավարական մեխանիզմ:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն այնուհետև պատասխանեց միջոցառման մասնակիցների հարցերին:

 

Նախորդ հոդվածը‘YouTube-ը ընդգրկվել է Ռուսաստանի արգելված կայքերի ռեեստրում ‘
Հաջորդ հոդվածը‘Առնվազն 21 մարդ Իսրայելում վիրավորվել է ավտոբուսի պայթյունի հետեւանքով ‘