‘ԼՂՀ խորհրդարանականները միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի ֆաշիստական վարքագծի վրա’

1244

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսի կարգավիճակով դիմավորած Ադրբեջանի իշխանությունների «ֆաշիստական» եւ «ցեղասպանային բնույթ կրող» քաղաքականության վրա:

 «Ս.թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները Ադրբեջանին են արտահանձնել Ռամիլ Սաֆարովին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտված հունգարական դատարանի կողմից` հայ սպա Գուրգեն Մարգարյանին առանձնակի դաժանությամբ եւ կանխամտածված սպանելու համար: Ադրբեջանի մայրաքաղաքում Սաֆարովին դիմավորել են իբրեւ «հերոսի»: Հունգարական իշխանությունները փաստորեն գործարքի մեջ են մտել Ադրբեջանում իշխող վարչախմբի հետ: Սաֆարովի արտահանձնումը, Ադրբեջանում նրա հանդեպ ցուցաբերվող հատուկ հոգատարությունը նախադեպը չունեցող մարտահրավեր են քաղաքակրթությանը, միջազգային իրավունքին եւ, հատկապես, տարածաշրջանում հանդուրժողականության եւ խաղաղության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջնորդական ջանքերին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի խմբակցությունները Մինսկի խմբի համանախագահների եւ նրանց ներկայացրած երկրների ղեկավարության ուշադրությունը վերստին հրավիրում են այն իրողության վրա, որ Ադրբեջանն իր այդ քայլով հերթական անգամ դրսեւորեց ձեռք բերված համաձայնությունները չկատարելու հակվածություն եւ, որ այդօրինակ գործողությունները չեն կարող վստահություն ներշնչել: Տվյալ հանգամանքը չպիտի եւ չի կարող հաշվի չառնվել ոչ միայն համանախագահների ու նրանց ներկայացրած երկրների, այլեւ Արցախի ժողովրդի կամքը ներկայացնող խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների կողմից:

Ադրբեջանի կառավարող վարչախմբի այդ եւ նման գործողությունները պետք է խստորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից՝ որպես հասարակության ֆաշիստականացման եւ ցեղասպանային բնույթ կրող հանցագործությունների արդարացման անթույլատրելի փորձեր», -ասվում է Արցախի խորհրդարանականների տարածած հայտարարության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Հնագետները Իտալիայում բուրգեր են հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը՝ օգոստոս ամսվա ԱՊՀ լավագույն խաղացող’