‘ԼՂՀ-ում նոր կուսակցություն կստեղծվի’

1108

Լեռնային Ղարաբաղում նոր քաղաքական միավոր կստեղծվի, այն կոչվում է «Ազգային վերածնունդ»: Կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«2013թ. փետրվարի 24-ին, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի ակումբի դահլիճում կմեկնարկի «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը, որի օրակարգում են կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագծերի հաստատումը, կուսակցության մարմինների ձեւավորումը։

Կուսակցության նախաձեռնող խմբի կազմում են ուսուցիչ Վարդան Առուստամյանը, միջազգայնագետ Հայկ Խանումյանը, ուսանող Լեոնիդ Հայրապետյանը, որոնց տարածած հայտարարության մեջ ասվում է.

Հիմնադիր համագումարի անցկացման վայրը պայմանավորված է կուսակցության ծրագրում գյուղին, շրջանների զարգացմանը եւ ապակենտրոնացմանը տրվող մեծ դերով։ Կուսակցության անդամների մեծամասնությունը շրջաններից են։

Համաձայն «Կուսակցությունների մասին» ԼՂՀ օրենքի հիմնադիր համագումարի մասին հայտարարությունն առնվազն մեկ ամիս առաջ տարածվում է ԶԼՄ-ներով։ Հայտարարությունը տպագրվել է «Ազատ Արցախ» թերթի հունվարի 24-ի համարում։  Համագումարի պահին կուսակցությունը պարտավոր է ունենալ առնվազն հարյուր հիմնադիր անդամ։

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը (ԱՎԿ) իր գաղափարախոսությամբ ազգային, սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է:

Կուսակցության գերնպատակը միացյալ Հայաստանի ստեղծումն է:

Ներկա փուլում կուսակցության նպատակներից են`  Արցախի Հանրապետությունում հասնել իշխանության եւ բիզնեսի տարանջատմանը, հնարավորինս բնապահպանական ուղղվածության տնտեսության ստեղծմանը, գյուղի զարգացմանն ու գյուղական աղքատության վերացմանը, ապակենտրոնացմանը, շրջանների զարգացմանը, մրցունակ տնտեսական համակարգի կայացմանը, համայն հայությանը Արցախի կյանքում առավել մեծ ներգրավմանը, բարեկեցության մակարդակով աշխարհում առաջատար դիրքերին, կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրն ամբողջապես կներկայացվեն կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ»:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը լրացուցիչ հողամաս է տրամադրելու Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտի կառուցման համար’
Հաջորդ հոդվածը‘Գարեգին Նժդեհի դերակատարը ավտովթարի է ենթարկվել և չի մասնակցել ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին’