‘ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Միացյալ Նահանգներ ‘

1084

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպական աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 15–ին
աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ պատվիրակության կազմում են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ–ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և ԼՂՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ համագործակցության վարչության պետ Արմինե Ալեքսանյանը:
Նոյեմբեր 16-ի առավոտյան պատվիրակությունը Լոս Անջելեսում այցելել է Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի ազգային առաջնորդարան և հանդիպել թեմակալ առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  Ազգային ժողովի նախագահը ժողովրդի և իշխանությունների անունից շնորհակալություն է հայտնել հայ համայնքի
ներկայացուցիչներին` Արցախին մշտապես աջակցելու համար և կոչ արել շարունկել ազգանվեր առաքելությունը:
Նույն օրը պատվիրակությունը «Գոթ Պրինթ» ընկերության տնօրեն Ռեյ Հարթունյանի հրավերով այցելել է այդ հաստատության գրասենյակ և ծանոթացել ընկերության արտադրական հնարավորություններին: Ռեյ Հարթունյանի և ընկերության տնօրինության հետ ԼՂՀ պատվիրակության հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տպագրական գործի զարգացման հեռանկարները:
Ազգային Ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Ռեյ Հարթունյանին Արցախին նվիրված ծրագրերի իրականացմանը նրա ակտիվ մասնակցության, կատարած զգալի ներդրումների համար։

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ՆԳ նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել ‘
Հաջորդ հոդվածը‘«Ազատության քայլերթ» Երեւանում (Տեսանյութ) ‘