‘ԼՂՀ վարչապետ. Էլեկտրաէներգիան բանկչության համար չի թանկանա’

991

Էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագների վերջին բարձրացումների ֆոնին Լեռնային Ղարաբաղում առաջացած դժգոհությունների ալիքը մեղմելու նպատակով կառավարությունը հունվարից սոցիալական լուրջ ծրագրեր է սկսում, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է վարչապետ Արա Հարությունյանը:

Լեռնային Ղարաբաղի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը հունիսի 10-ին հաստատել էր գազի, ջրի և էլեկտրաէներգիայի նոր` ավելի բարձր սակագները: Գազի սակագինը, ինչպես և Հայաստանում, մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար 1 խորանարդ մետրը կկազմի 156 դրամ: Այս սակագինը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից, իսկ 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի նոր` 290 դոլար սակագինը կգործի հուլիսի 10-ից։ Խմելու ջրի և ջրահեռացման նոր սակագինը բնակիչների համար կմնա նույն 100 դրամը, իսկ ահա այլ սպառողների համար խմելու ջրի խորանարդ մետրը հուլիսի 10-ից կկազմի 134 դրամ, իսկ ջրահեռացմանը՝ 16 դրամ։ Էլեկտրաէներգիայի նոր սակագինը հասցվել է 38 դրամի` ցերեկային ժամերի համար, իսկ գիշերային ժամերի համար՝ 33 դրամի` համապատասխանաբար 25 և 15 դրամ սակագների փոխարեն:

Պատասխանելով հարցին, թե ինչի՞ հաշվին և որքա՞ն ժամանակով է սուբսիդավորելու էլեկտրաէներգիայի թանկացումը կառավարությունը, Արա Հարությունյանը ասել է. — «Իհարկե, բնակչության համար չի թանկանալու, կառավարությունը սուբսիդավորելու է կառուցված հէկ-երից և ավելի վաղ գործող մեր Սարսանգի հէկ-ից պետական բյուջեում ստացած լրացուցիչ գումարների հաշվին: Այսինքն, բնակչության համար սակագնի պահպանումը ապահովվում է կառուցված հէկ-երից ստացված եկամուտների և Սարսանգի հէկ-ից ստացված հոսանքը ավելի արդյունավետ օգտագործելու շնորհիվ»:

Ինչ վերաբերում է մնացած սպառողներին, այսինքն՝ իրավաբանական անձանց, ապա կառավարությունը էլեկտրաէներգիան տրամադրելու է Հայաստանի Հանրապետությունում գործող սակագնով:

Նախորդ հոդվածը‘P.S. Գագիկ Ջհանգիրյանը՝ Մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘Թե ինչպես Ղարաբաղը օկուպացրեց Չինաստանը. Թարգմանական կազուսներ’