‘Լորետա Բարսեղյանը, գրոհային լինելուց բացի, նաև բարերար է (ֆոտոշարք)’

5402

Երեկ Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել Գորիսում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Մարզպետարանի տարածած վարկածից ստացվում է, որ հունիսի 1-ի իրադարձություններում առանցքային դեր է ունեցել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը: Վերջինս, հաղորդագրության համաձայն, նախ մոտենում է հավաքվածներին, բռնում Արտակ Բուդաղյանի զենքից՝ փորձում խլել այն կամ խանգարել կրակելուն, այնուհետև մոտենում է ավազաթմբին ընկած գնդապետին, նախ՝ ոտքով խփում-հրում է կողքին ընկած զենքը, այնուհետեւ ձեռքը մեկնում Արտակին՝ վեր բարձրացնելու փորձ անում, բայց վայր է ընկնում ավազաթմբի վրա, բարձրանում ու նորից քայլում դեպի Ավետիքը։

Facebook սոցիալական կայքում Լորետա Բարսեղյանի կերպարը բուռն քննարկման է արժանացել: Ներկայացնենք ամենաուշագրավները:

Արմինե Գեղամյան 

Փաստորեն, Չաք Նորիսը Լորետան է :Ճ

Գոհար Սիմոնյան

Հլը մի հատ տեսեք` Լիսկան հաստատ քնած է?
Լորետն էլ?
Դե քանի որ տղեն էլ մեկուսացված է` կարանք մենք էլ հանգիստ գնանք քնենք:
Բարի գիշեր :Ճ

Տաթև Եսայանն էլ հետաքրքրվում է, թե ի վերջո ով է Լորետան, ինչին օգտատերերը մեկնաբանություններում արձագանքում են՝ զոն նայող, լիսկուհի:

Քանի որ մարզպետի տիկնոջ կերպարը նման հետաքրքրություն է առաջացրել, հարկ ենք համարում ներկայացնել տեղական lorinews.com կայքի «Գորիսից մինչև Բովաձոր. Հսկայական օգնություն 10-ամյա Յուրիկի ընտանիքին. Մայրական սիրով ու օրհնությամբ» ապրիլի 13-ի հրապարակումը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է «հեռավոր Գորիսի» ՔԿԱԳ տարածքային բաժնի ղեկավար Լորետա Բարսեղյանը «մի տուն ապրանք» նվիրում «դառնացած սրտով ու աշխարհի վրա զարմանալիորեն չչարացած, վաղուց արդեն ժպիտը կորցրած» վանաձորցի կարիքավոր ընտանիքին: Հրապարակումը ներկայացնում ենք ամբողջությամբ: Զգուշացնենք, որ այն «Ոզնի» ամսագրի հետ որևէ կապ չունի:

 

«Օգնել կարող ենք ամենքս» բարեգործական նախաձեռնության շրջանակներում ներկայացված Լոռու մարզի Բովաձոր գյուղում բնակվող 10-ամյա Յուրայի ու նրա հոր պատմությունը ցնցեց բոլորին. Յուրայի օգնության արձագանքը, ինչպես նախաձեռնության շրջանակներում ներկայացված բոլոր նախորդ ընտանիքներին, այս անգամ էլ չուշացավ:

Օգնության համար զանգահարած քաղաքացիներին, սակայն, կանդրադառնանք հաջորդ շաբաթ, բայց ամենակարևորը, որ արվեց Յուրայի համար, հեռավոր Գորիս քաղաքից էր: Եվ այսպես, Գորիսի ՔԿԱԳ տարածքային բաժնի ղեկավար Լորետա Բարսեղյանի, նրա ամուսնու՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և որդիների  միջոցներով երեկ Բովաձոր տեղափոխվեց Յուրայենց տան համար գնված կահույքի մի ամբողջ պաշար, կարճ ասած՝ «մի տուն ապրանք»:

Այս մասին արդեն հատ առ հատ. Երկու մահճակալ՝ անկողնային բոլոր  պարագաներով, հեռուստացույց, հեռուստացույցի տակդիր, խոհանոցային սեղան՝աթոռներով և փոքրիկ գրասեղան, Յուրայի համար հագուստ, որոշակի սպասք, սնունդ, հյուրասենյակի  ջահ, խաղալիքներ ու գրենական պիտույքներ, ու այն ամենը, ինչի կարիքն այսքան տարի ունեին Յուրան ու իր հայրը:

Լորետա Բարսեղյանը հեռավոր Գորիսից այս ամենը կազմակերպել և իր ընկերների միջոցով ուղարկել էր Վանաձոր՝ անձամբ հոգալով բոլոր ծախսերն ու խնդիրները: Հենց մեր ներկայությամբ Յուրան ու իր հայրը՝Ռուբիկը, արագորեն դեն նետեցին իրենց տան ամբողջ կահույք կոչվածը և տունը կահավորվեց տիկին Լորետայի նվիրած գույքով:

Իսկապես, նյութը հրապարակելուց անմիջապես հետո տիկին Բարսեղյանը մայրական սիրով հանձն առավ հոգալ բոլոր այն խնդիրները, որոնք ուներ Յուրան, խոստանալով պարբերաբար ևս աջակցել նրանց ընտանիքին:

Հիրավի, շատերը տեսան ևս մեկ դժվար կյանքի տխուր պատմություն, շատերն իմացան ու լսեցին աշխարհից հեռացած փոքրիկ Բովաձոր գյուղի թևերին ծվարած այս խարխուլ տնակի դառնացած բնակիչներին: Մարդիկ, ովքեր չունեին ժպտալու պատճառ, ծիծաղի կարիք:

Դառնացած սրտով ու աշխարհի վրա զարմանալիորեն չչարացած, վաղուց արդեն ժպիտը կորցրած այս մարդկանց դեմքին ժպիտ հաղորդելը թվում էր դժվար ու նույնիսկ անիրագործելի սխրանք: Ու այդ սխրանքը առանց երկմտելու, առանց շահի հաջողվեց Լորետա Բարսեղյանին ու իր ընտանիքին:

 Մենք էլ մեր հերթին շնորհակալություն ենք հայտնում այս ընտանիքին՝ նախաձեռնությանն արձագանքելու ու ևս մեկ հոլովակի կայացմանն աջակցելու  համար:

Այժմ ներկայացնում ենք Լորետա Բարսեղյանի նամակը՝ ուղղված «Օգնել կարող ենք ամենքս» բարեգործական նախաձեռնության հեղինակ  Էդվարդ Արզումանյանին.

«Էդվարդ ջան, քեզ իսկապես հաջողվել էր գտնել դժվարին կացության մեջ գտնվող ընտանիք և նրանց ծանրագույն վիճակին հաղորդակից դարձնել մարդկանց:Այսօր, ցավոք, շատ են հոգածության կարիք ունեցող ընտանիքները՝մեզ մոտ էլ, ամենու՝ողջ Հայաստանում: Բայց այս պատմությունը կոնկրետ ինձ ցնցեց «մորից» սկսած…մինչ Յուրայի՝ իր հայրիկ Ռուբոյի ջիգյար լինելը, երեխային մանկատուն տանելը մտքով անգամ չանցկացնելը…Հետո ասում են՝մայր, հայր…

Ես այս երեխայի կյանքին նայեցի մոր, կնոջ աչքերով, նայեցի ու որոշեցի նրա համար իսկական տան, բնակարանի, կենցաղի մի տաքուկ անկյուն ստեղծել…Հոգ տարա, որ Յուրան նաև իր հասակակից երեխաների հետաքրքրություններին համահունչ զբաղմունքներ ունենա՝ խաղ-խաղալիքներից մինչ տեխնիկական ամենատարբեր՝ժամանակակից միջոցներ…Որ իրեն տան՝օջախի երեխա զգա՝հարմարավետությունից մինչ հնարավոր բարեկեցություն…

Թող որ մի բան էլ այնքնան էլ հեշտ չյուրացնի, բայց վստահություն հավաքի, որ ինքն էլ…21-րդ դարի երեխա է…Այս հարցում, հավատացած եմ, դու և քո պես բարի ու սրտացավ  մարդիկ կօգնեն նրան, կսովորեցնեն՝ինչից ոնց օգտվել.նա շատ խելացի ու խորունկ աչքերով երեխա է, կարծում եմ՝ հեշտ կյուրացնի…

Եթե անգամ մի բան  դժվար էլ ստացվի, ոչինչ, երեխան թող հավատա, որ ինքն էլ այդ ամենից ունի, որ ինքն էլ կարող է…Որ իրեն էլ սիրում են, իր համար հոգ են տանում.նկատի ունեմ ՀԱՎԱՏԸ…

Սիրով ու օրհնությամբ՝

Լորետա Բարսեղյան

Գորիս, ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ»

Նախորդ հոդվածը‘«Առաջարկում եմ Ձեզ իմ ձեռքն ու սիրտը»,- Արցախում ասել է Մոնսերատ Կաբալիեն (Լուսանկարներ, Տեսանյութ)

 ‘
Հաջորդ հոդվածը‘Գտիր տարբերությունը’