‘Լուկաս Մոուրա. Հնարավորություն՝ դուրս գալ Նեյմարի ստվերից’

849

Ընդամենը 7 օրից փակվում է ձմեռային տրանսֆերային պատուհանը, որտեղ, եթե որևէ արտառոց գործարք տեղի չունենա, ամենաթանկ ձեռքբերումը կդառնա ՊՍԺ-ինը: Փարիզցիները իր ավարտին հասցրին երիտասարդ բրազիլացի Լուկաս Մոուրայի հետ բանակցությունները, որի տրանսֆերին անցած ամռանը հավակնում էին «Մանչեստեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն, իսկ մեկ մրցաշրջան առաջ՝ նաև Մադրիդի «Ռեալ»-ը:

ՊՍԺ-ի տարբերակն ընտրելու հարցում Լուկասի համար, իհարկե, մեծ դեր ունեցավ փարիզցիների սպորտային տնօրեն Լեոնարդոն, ով կարողացավ ակումբի սեփականատերերին համոզել, որ արժե այդքան մեծ գումար ծախսել 20-ամյա  խաղացողի համար:

Նրա մասին առաջին անգամ սկսեցին խոսել 2010-ին, երբ «Սան Պաուլո»-ի երիտասարդական թիմը հաղթեց նահանգի առաջնությունում, որից հետո թիմի մարզիչ Սերժիո Բարեզին, ով ժամանակավորապես ստանձնեց «Սան Պաուլո»-ի մարզչի պաշտոնը, Լուկասին իր հետ բարձրացրեց առաջին թիմ: Հետագայում գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Պաուլո Սեզար Կարպեջիանին, ով մեծ ազդեցություն ունեցավ երիտասարդ խաղացողի աճի հարցում:

Հաջորդ տարվա փետրվարին Լուկասը դարձավ Հարավային Ամերիկայի երիտասարդ առաջնության գլխավոր հայտնություններից մեկը, որտեղ եզրափակչում բրազիլացիները 6-0 հաշվով հաղթեցին ուրուգվայցիներին, իսկ Լուկասը դարձավ 2 գոլի հեղինակ: Այդ թիմի կազմում խաղում էր նաև Նեյմարը, ում արդեն ճանաչում էին ամբողջ աշխարհում՝ շնորհիվ բրազիլացիների կատարած մեծ պրոմո արշավի: Ընդհանրապես, վերջին տարիներին՝ Ռոնալդինյոյից հետո, բրազիլացիների հաջորդ գերաստղի` Նեյմարի հանդեպ ուշադրությունն այնքան մեծ է, որ շատ քիչ է խոսվում այլ երիտասարդ տաղանդների մասին: Նույն Գանսոն, ում ընդամենը 1 տարի առաջ իր պոտենցիալով համարում էին Ռիկելմեի կարգի խաղացող, չկարողացավ դիմակայել ճնշմանը և Եվրոպայում հայտնվելու փոխարեն՝ տեղափոխվեց «Սան  Պաուլո»:

Լուկասի խաղը դիտելիս կարող է տպավորություն ստեղծվել, որ նա նույնսիկ գերազանցում է Նեյմարին և արդեն պատրաստ է եվրոպական ֆուտբոլում փայլելու: Առաջին հայացքից նա ունի ամեն ինչ` լավ արագություն, բրազիլացիներին հարիր փայլուն տեխնիկա, փոխանցման տեխնիկա, որով նա արդեն աչքի ընկավ «Բորդո»-ի դեմ խաղում, և լավ հարված: Բայց նրա խաղում, ինչպես և գրեթե ցանկացած բրազիլացու մոտ, զգացվում է հնարավորությունների գերագնահատման խնդիր: Եվ դրա հետ կապված՝ մեծ է մտավախությունը, որ նրա հետ կարող է տեղի ունենալ այն, ինչ ժամանակին պատահեց Դենիլսոնի կամ Ռոբինյոյի հետ: Երկուսն էլ, համարվելով գերտաղանդներ և ֆուտբոլային առումով ոչ հասուն տարիքում հայտնվելով եվրոպական դաշտերում,  չկրողացան նույն ֆուտբոլը խաղալ և շատ արագ սպառեցին իրենց՝ չկարողանալով գտնել զարգացման այլ ուղիներ: Եթե փորձենք Լուկասին համեմատել Եվրոպայում խաղացողներից մեկի հետ, ապա նա նման է Տյագո Ալկանտարային, ումից շատ ավելի հագեցած տեխնիկա ունի, բայց զիջում է մտածողությամբ և խաղային հասունությանբ: Իհարկե, դրանք կարելի է համարել այնպիսի որակներ, որոնք, կարելի է ասել, Բրազիլիայում չեն սովորեցնում:

Ամեն դեպքում՝ ՊՍԺ-ն այն թիմն է, որտեղ ճնշումն այդքան էլ մեծ չէ՝ չնայած այն մեծ գումարներին, որոնք արաբ շեյխերը ծախսում են՝ նոր խաղացողներ ստորագրելու համար: Փարիզյան թիմում խաղում են նաև Լուկասի փորձառու հայրենակիցներ Ալեքսը, Տյագո Սիլվան և Մաքսվելը, ովքեր պետք է օգնեն շուտ ադապտացվելու հարցում: Պետք չէ մոռանալ, որ հենց ՊՍԺ-ից սկսեց իր եվրոպական կարիերան բրազիլացի վերջին գերաստղը` Ռոնալդինյոն, այստեղ է խաղացել նաև «Սան Պաուլո»-ի լեգենդներից մեկը՝ Ռայը:

Փարիզ տեղափոխվելու ընտրությունը ճիշտ էր նաև գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի պատճառով, ով արդեն մեկ անգամ «Միլան»-ում Կակայի դեպքում ցույց է տվել, որ կարողանում է բրազիլացուց «պատրաստել» եվրոպական մտածելակերպով խաղացող: Առաջին խաղերում Անչելոտին նրան սկսել է օգտագործել Պաստորեի փոխարեն, և դեռևս Լուկասը արդարացնում է մարզչի ընտրությունը:  Լուկասին վստահում է նաև Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, ով,ինչպես հայտնի է, շատ բծախնդիր է երիտասարդների հարցում:

Կդառնա՞ արդյոք ՊՍԺ-ն ցատկահարթակ՝ ավելի հզոր ակումբ տեղափոխվելու հարցում՝ կապված է ֆրանսիական ակումբի կարգավիճակի սպասվող փոփոխությունից և, իհարկե, Լուկասի անձնական առաջադիմությունից:

Նախորդ հոդվածը‘Նիկոլա Սարկոզին մտադիր է Դեպարդյեի պես խուսափել ֆրանսիական հարկերից’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն’