‘Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են iLur.am-ի լրագրողի նկատմամբ կատարված հարձակումը’

1162

Մի քանի լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով մեր կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ օրերս տեղի ունեցած բռնության դեպքը: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«2013 թվի ապրիլի 23-ին, ժամը 17:30-ի մոտ iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը (լուսանկարում) Երեւանի Նորքի 8-րդ զանգվածի բակերից մեկում լուսաբանելիս է եղել Տարոն Մարգարյանի քարոզարշավը, երբ մի քանի հոգի նրանից պահանջել են դադարեցնել նկարահանումները: Լրագրողը բացատրել է, որ իր մասնագիտական պարտականությունն է կատարում: Ըստ լրագրողի, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու Աշոտ Պապայանը մոտեցել է իրեն եւ հայհոյելով սկսել է հարվածել լրագրողին: Նրան են միացել էլի մի քանի հոգի, սկսել են քաշքշել եւ նույնպես հարվածել: Միջադեպին ներկա եւ ականատես է եղել ոստիկանության մի մայոր, սակայն որեւէ մեկը չի կասեցրել լրագրողի նկատմամբ գործադրվող բռնությունը: Այդ մարդիկ լրագրողի ձեռքից խլել են ֆոտոխցիկը: Քիչ անց մեկը վերադարձրել է ֆոտոխցիկը, որի միջից մաքրված են եղել բոլոր նկարահանած նյութերը:

Մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտելով  լրագրողի նկատմամբ կատարված այս հարձակումը եւ բռնությունը, պահանջում ենք իշխանություններից պատժել մեղավորներին եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ` հետագայում նման վայրագությունները կանխելու նպատակով:

Չպատժելու որեւէ արդարացում անընդունելի է, քանի որ ակնհայտորեն այս հանցագործության բացահայտելը որեւէ դժվարություն իրենից չի ներկայացնում: Եթե այս հանցագործությունը անհետեւանք մնա, ոստիկանության ղեկավարության բազմաթիվ հայտարարությունները իրենց քաղաքական չեզոքության մասին դատարկ խոսքերի շռայլում կհամարենք»:

Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Էդիկ Բաղդասարյան, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ

Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ

Նունե Սարգսյան, «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Սուրեն Դեհերյան, «Լրագրողներ hանուն ապագայի» ՀԿ

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը և Տարոն Մարգարյանը շրջայց են կատարել Երևանում. «Տարոն, գեղեցիկ չի» արտահայտության մասին ոչինչ չի հաղորդվում’
Հաջորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Տարոն Մարգարյանն իսկապես շատ սիրված տղա է՝ օլիգարխների կողմից (տեսանյութ)’