‘Լ.Զուրաբյան. Տարոն Մարգարյանն իսկապես շատ սիրված տղա է՝ օլիգարխների կողմից (տեսանյութ)’

2233

Այսօր` ապրիլի 26-ին, գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ուրբաթօրյա բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ի պաշտպանություն քաղաքական հայացքների համար դատապարտված Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստների: Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն մեկ տարուց ավելի է՝ անազատության մեջ է գտնվում:

Ակցիային ելույթ ունեցավ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ստորեւ ներկայացնում ենք Երեւանի ավագանու ընտրությունների եւ քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանին վերաբերող՝ ելույթի հատվածը: 

«Ավագանու ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այս ընտրություններն ունեն շատ մեծ նշանակություն: Ավելին, ես չափազանցրած չեմ համարում պնդել, որ այս ընտրությունները լինելու են հայ ազգի համար բացառիկ հնարավորություն՝ ժողովրդի ուղղակի մասնակցությամբ ազդել Հայաստանի համար բախտորոշ զարգացումների վրա:  

Ժողովուրդը նման հնարավորություն շատ քիչ է ունենում: Այլ բան է՝ մենք կկարողնա՞նք այդ հնարավորությունից օգտվել, թե՞՝ ոչ: Բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ հնարավորությունը ունի: Եթե մենք մայիսի 5-ին մեծագույն փոփոխություն չկատարենք Հայաստանում, ուրեմն, իմացեք՝ մինչեւ 2017 թվականը Հայաստանում լինելու է ճահիճ, բառիս բուն իմաստով, Հայաստանը ուղղակի մատնված է լինելու թալանի, կողոպուտի, արտագաղթի եւ գնալու է կործանման ճանապարհով, որովհետեւ մինչ այդ եթե ոչինչ չփոխվի, ոչ մի ընտրություն նախատեսված չէ, այսինքն, ժողովուրդը հնարավորություն չի ունենալու ընտրության միջոցով որեւէ ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Մայիսի 5-ին եթե Կոնգրեսը, միայնակ, կամ իշխանությունից դուրս այլ ուժերի հետ համագորածակցությամբ հասնում է հաղթանակի, ուրեմն, մենք իսկապես փոխում ենք պատմության ընթացքը Հայաստանում, մենք ստեղծ ենք մի իրավիճակ, որտեղ իշխանությունն այլեւս միակողմանիորեն չի տիրապետում իրավիճակին, ստեղծում ենք մի քաղաքապետարան, որը ընդդիմանում է այս իշխանություններին՝ գողությանը, կոռուպցիային, փչացած կառավարմանը, բայց դրանով չենք բավարարվելու, նաեւ դրանով ճանապարհ ենք բացելու դեպի փոփոխությունները ամբողջ Հայաստանում:  

Ընտրությունների վերաբերող կոնկրետ մի թեմայից եմ ուզում խոսել: Արդեն բոլորդ զգում եք, որ Կոնգրեսի ընտրաշավը որոշակի փոփոխություն է կատարել ժողովրդի գիտակցության մեջ, ամեն օր մեր վարկանիշը աճում է, եթե այսպես շարունակվի, իսկ մենք մեր ջանքերը եռապատկելու ենք, մեն լուրջ արդյունք կգրանցենք ընտրությունների օրը: Մի կարեւոր բան էլ՝ իշխանությունը մի հետաքրքիր հնարք էին գործածում, նրանք հասկանալով, թե որքան թույլ եւ ատելի են Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն,  փորձում են ժողովրդին ներկայանալ բարի եւ իբր ժողովրդի կողմից սիրելի Տարոն Մարգարյանի ժպտադեմ երեսով: Մեզ բոլորիս փորձում են բացատրել, թե Տարոն Մարգարյանը շատ սիրված տղա է, այն էլ, թե ժողովրդի կողմից: Հիմա ուզում եմ բացատրել այս սիրո գաղտնիքը: Ես ընդունում եմ՝ Տարոն Մարգարյանն իսկապես շատ սիրված տղա է, շատ, բայց ո՞ւմ կողմից: Ինքը սիրված է այս օլիգարխների կողմից՝ Ռուբեն Հայրապետյան, Սամվել Ալեքսանյան, Մհեր Սեդրակյան, Միքայել Մինասյան: Տարոն Մարգարյանը այսպիսի՝ Հայաստանը թալանող օլիգարխների կողմից է սիրված:

Ինչի՞ համար: Շատ պարզ պատճառով, որովհետեւ նա սպասարկում է իրենց շահերը եւ քաղաքապետարանի ամբողջ իշխանությունը ծառայեցնում է ժողովրդին թալանելու նրանց նկրտումներին: Եւ մի բան էլ՝ այս առումով Տարոն Մարգարյանը ավելի վատն է, քան նույն ավազակապետության գործիք հանդիսացող Գագիկ Բեգլարյանը եւ Կարեն Կարապետյանը: Նրանք գոնե ինքնուրույն ֆիգուրներ էին, գոնե ինչ-որ չափով այդ ավազակապետական վարչախմբում կարող էին ինչ-որ հարցերում անգամ դիմադրել որոշ օլիգարխների անձնական շահերին՝ էլի սպասարկելով ավազակապետությանը: Տարոն Մարգայանը սկի դրան էլ ընդունակ չէ: Նա բոլոր օլիգարխների հետ պետք է ունենա բարեհամբույր, հոյակապ հարաբերություն, նրանց ցանկացած կապրիզ բավարարի, եւ պատահական չէ, որ մենք շատ լավ գիտենք, թե իրականում ում է ինքը ծառայում եւ զեկուցում: Մեր տեղեկություններով նա զեկուցում է Ռուբեն Հայրապետյանին, այսինքն, նա ավելի շատ Ռուբեն Հայրապետյանի անձնական քաղաքապետն  է, քան՝ որեւէ այլ մարդու: Այո, մի թաղից են, միշտ օգնել են իրար եւ պատահական չէ, որ Տարոն Մարգարյանը կիրառ է հենց նույն մեթոդները, ինչ Ռուբեն Հայրապետյանը իր քաղաքական հակառակորդների դեմ ՝ բռնություն, բիրտ ուժ, մարդկանց վախեցնելու, ահաբեկելու, ինչու չէ, նաեւ սպանելու մեթոդները: Այդ մարդիկ, քանի որ փաստարկի, համոզելու ունակություն չունեն, որեւէ գաղափարական բան ասելու ունակություն չունեն, իրենց համար միակ մեթոդը մարդկանց ահաբեկելն է՝ ծեծել, ջարդել: «Հարսնաքարը» հիշեք, այն այս ռեժիմի բիզնես քարտն է:  

«Հարսնաքարով» այս ռեժիմը ներկայանում է մեր ամբողջ ժողովրդին եւ միջազգային հանրությանը: «Հարսնաքարն» է այսօրվա Հայաստանը, այսօրվա Երեւանը: Եւ սա մեզ շատ սահուն կերպով բերում է նաեւ Տարոն Մարգարյանին: Եթե փորձնեք գնահատել, ընդհանրապես՝ մի քանի բառ, մի նախաասության մեջ կապելու իր ունակությամբ: Հիմա ընտրարշավ է  եւ նա ստիպված գնում եւ հանդիպում է ընտրողների հետ: Բայց ՀՀԿ-ականները ընդհանրապես հետաքրքիր մի ոճ են ընտրել՝ բանավեճի չեն գնում: Մի քանի բանավեճի գնացին, մենք ջախջախեցինք, հասկացան, որ մեր որեւէ փաստարկի առաջ չեն կարող խոսել, եւ այլեւս չեն գնում, որովհետեւ ասելու բան չունեն: Անգամ նրանք, ովքեր խոսել գիտեն: Բայց Տարոն Մարգարյանը պարզվում է՝ խոսել էլ չգիտի: Այսինքն, նա գնում է իր հանդիպումների, ճիշտ է՝ այդ մարդկանց այնտեղ տանում են բռնի ձեւով, թելադրանքով, բայց մարդը գոնե եկել-հասել է այնտեղ՝ գոնե երկու կապակցված խոսք լսի, բայց դա էլ չեն անում: Դա պատահական չէ,այդ բիրտ ուժին, ամենակեղտոտ հնարքներին գնում են այն մարդիկ, որոնք այլ կերպ չենք կարող հեղինակություն վաստակել: Դեմոկրատական աշխարում  այդ հեղինակությունը վաստակում ենք խոսելու արվեստով, համոզելով, գաղափարով: Այն «Հարսնաքար»-ային աշխարհում, որ այսօր ստեղծվել է Հայաստանում, հեղինակությունը վաստակում են մարդկանց ծեծել-ջարդելով, ահաբեկելով: Ահա սա է, որ մենք պետք է փոխենք եւ մայիսի 5-ին մենք ձեզ հետ միասին կտոնենք հաղթանակ այս ավազակապետական ռեժիմի նկատմամբ»:  

Նախորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են iLur.am-ի լրագրողի նկատմամբ կատարված հարձակումը’
Հաջորդ հոդվածը‘Տիտո Վիլանովա. «Բարսելոնայի» դարաշրջանի ավարտի մասին միշտ են խոսում’