‘Լրագրողներն ուսումնասիրում են Յանուկովիչի գաղտնի փաստաթղթերը’

989

Մեժիգորյեում Վիկտոր Յանուկովիչի նախագահական նստավայրն այժմ դարձել է Մայդանի ակտիվիստների և լրագրողների գրասենյակը: Խուզարկության արդյունքում անցյալ կիրակի նստավայրի տարածքում, ինչպես նաև Կիևի ջրամբարում հայտնաբերվել էին հարյուրավոր գաղտնի փաստաթղթեր, որոնց մի մասը հնարավոր չէ վերականգնել: Ակտիվիստները պնդում են,  թե ինչ-որ մեկը փորձել է այրել դրանք՝ «Մեժիգորյեն» լքելուց առաջ: Այնուամենայնիվ, փաստաթղթերի մի մասը հաջողվել է փրկել: «Մի քանի փաստաթղթեր մենք կարողացանք հավաքել ջրի մակերեսից: Մյուսները ջրասուզորդները դուրս բերեցին ջրի հատակից: Դրանք հարկավոր էր անհապաղ չորացնել, որպեսզի տեղեկատվությունը չկորչի»,- պատմել է մի լրագրող:

Լրագրողները փաստաթղթերը տեղադրում են ինտերնետում: Այժմ http://yanukovychleaks.org. կայքում տեղադրված է յոթ հարյուր  էջ փաստաթուղթ, հիմնականում դրանք պայմանագրեր են, հաշիվներ և ծառայողական գրություններ: «Իրականում այդ փաստաթղթերը շատ արժեքավոր են՝ Վիկտոր Յանուկովիչի, նրա թիմի և շրջապատի կոռուպցիոն գործունեությունն ապացուցելու տեսակետից»,- ասել է մեկ այլ լրագրող:

Ավելի վաղ Ռադայի պատգամավորները քվեարկել էին նախագահական նստավայրը պետության սեփականության վերադարձնելու օգտին, իսկ այնտեղ բնակվող գազաններին որոշվել էր տեղափոխել կենդանաբանական այգի: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Նոր ակցիաներ Ուկրաինայում՝ ընդդեմ նոր իշխանությունների կողմից ռուսաց լեզվի դեմ տարվող պայքարի’
Հաջորդ հոդվածը‘Մահվան ելքով ավտոպատահար Ստեփանավան-Լոռի-Բերդ ճանապարհին’