‘Լևոն Զուրաբյան. Դատավարությունը ծաղր էր արդարադատության նկատմամբ’

1589

Հարգելի խորհրդարան,

2008 փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կեղծումը եւ մարտիմեկյան սպանդը Հայաստանում ստեղծել են խորը քաղաքական ճգնաժամ, որի հետեւանքները մինչեւ այսօր հաղթահարված չեն: Իշխանության ոչ-լեգիտիմության ճգնաժամը, մարտի 1-ի սպանությունների պարտակումը եւ ժողովրդավարական ազատությունների այլ սահմանափակումները միայն խորացնում են իշխանության օտարումը ժողովրդից, նպաստում հուսալքությանն ու արտագաղթին: Սակայն կա մի հարց, որը շատ է լարում իրավիճակը եւ թունավորում ներքաղաքական մթնոլորտը:

Դա քաղբանտարկյալների առկայության հարցն է: 2008 թվականի տխրառչակ իրադարձություններից հետո ունեցանք ավելի քան 150 քաղբանտարկյալ: Նրանք վերջնականապես ազատվեցին 2011 թվականի մայիս-հունիսին, ինչը հնարավոր դարձրեց իշխանությունների եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ երկխոսության ծավալումը: Երկկխոսությունը ընդհատվեց օգոստոսի 9-ի ոստիկանության սադրանքից հետո, երբ նորից Հայաստանում հայտնվեցին քաղբանտարկյալներ՝ ի դեմս Կոմգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի: Դատավարությունը ծաղր էր արդարադատության նկատմամբ, քանի որ բացի ոստիկանության աշխատակիցների հակասական ցուցմունքների, մեղադրանքի որեւէ ապացույց այդպես էլ չներկայացվեց: Ավելին, Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին, Դավիթ Քիրամջյանին առաջին ատյանի դատարանը նշանակեց համապատասխանաբար՝6, 3, 2 եւ 2 տարի ազատազրկում: Վերաքննիչ դատարանի ակնկալվող ապօրինի որոշումից հետո մենք Հայաստանում կունենանք արդեն 4 քաղբանտարկյալ: Մեր դիվանագիտական շփումներից ելնելով, կարող եմ փաստել, որ միջազգային հանրությունը նման դրակոնյան դատավճիռների կայացումը միանշանակ ընկալում է որպես քաղաքական հետապնդում:

Հայաստանը կանգնած է ծանր արտաքին մարտահրավերների առջեւ: Պետականորեն մտածող ցանկացած ուժ նման իրավիճակներում իրենից կախված ամեն ինչ անում է ներքին քաղաքական լարվածությունները թուլացնելու նպատակով: Կասկած չունենաք, որ քաղբանտարկյալների առկայությունը երկրում սրելու է ներքին քաղաքական լարվածությունները, վնասելու է Հայաստանի միջազգային վարկին եւ դառնալու է ավելորդ ճնշումների առիթ:   

Ցուցադրեք, որ ընդունակ եք պետական մտածողության, մի վերածվեք ժողովրդավարական ազատությունների համար պայքարող երիտասարդների դահիճների: Եւ մեզ հեքիաթներ մի պատմեք դատական իշխանության անկախության մասին, ազատ արձակեք նրանց ուղիղ այնպես, ինչպես որոշել եք նրանց կալանավորել: 

Մեր երիտասարդների ճակատագրով մտահոգ բոլոր պատգամավորներին հրավիրում եմ որբաթ օրը ժամը 14.00-ն դատախազության դեմ անցկացվող բողոքի ակցիային:   

Լևոն Զուրաբյան 

11.09.2012

ՀՀ Ազգային Ժողով

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Քոչար. «Դաշտենցի ապաշնորհ այս գիրքը տրոցկիստական-նացիոնալիստական գրական վիժվածք է» ‘
Հաջորդ հոդվածը‘Հանրահայտ «Մյուզ» ռոք-խմբին մեղադրում են գրագողության մեջ’