‘Լևոն Զուրաբյան. Եվրոպայի խորհրդի արձագանքը ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտումներին համաչափ չէ իրողությանը’

1512

Եվրոպայի խորհրդի արձագանքը ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտումներին համաչափ չէ իրողությանը: Այս մասին այսօր «Մարիոթ» հյուրանոցի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Խոսելով ԵԵԽՎ-ից ակնկալիքների մասին՝ Զուրաբյանն ասաց, որ իրենք երբևէ ակնալիք չեն ունեցել որևէ մեկից:

«Ակնկալիք չունենք, բայց դա չի նշանակում, որ մենք ձեռքներս ծալած պիտի նստենք: Եթե մենք դատարանից ակնկալիք չունենք, դա չի նշանակում, որ մենք պիտի չդիմենք դատարան, որովհետև դա միակ ձևն է ցույց տալ քո իրավական մոտեցումը հարցին: Եթե ակնկալիք չունես Եվրոպայի խորհրդից, դա չի նշանակում, որ չպիտի գնաս ու ճշմարտությունը չհասցնես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին: Այսինքն՝ եթե ակնկալիք չունես, որ քաղբանտարկյալներին բաց չեն թողնի, չի նշանակում, որ դու չպիտի քաղբանտարկյալների հարցը բարձրացնես Եվրոպայի խորհրդի մինիստրների կոմիտեում»,- ասել է Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ սա աշխատանք է, որն իրենք անցկացնում են միջազգային հանրության հետ: Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ այս աշխատանքը արդյունքի բերելու է:

Զուրաբյանն ասաց, որ Հայաստանը շատ փոքր երկիր է և ներկայացված չէ Եվրոպայի ինֆորմացիոն հոսքերում, ինչի պատճառով էլ ԵԽԽՎ ներկայացուցիչները չունեն ալտերնատիվ ինֆորմացիա Հայաստանի մասին: Բացի այդ, Զուրաբյանի խոսքով՝ համազեկուցողների ինֆորմացիայից շատ բան է կախված, բայց համազեկուցողներն ընդհանրապես մոռացել են Հայաստանի մասին:

«Համազեկուցողները, ըստ էության, չեն կատարում իրենց աշխատանքը: Արդեն մեկ տարի կլինի, որ ընդհանրապես չեն զբաղվում Հայաստանով, իսկ ես տեսել եմ, թե Եվրոպայի խորհրդում ոնց են զեկուցողները զբաղվում համապատասխան երկրներով: Նրանք ամբողջ օրը անցկացնում են պատվիրակությունների հետ, ինֆորմացիա են հավաքում և ներկայացնում դա Եվրոպայի խորհրդին: Հայաստանի դեպքում դա չկա»,- հայտարարեց Զուրաբյանը:

Փաստորեն՝ ստացվում է, որ Հայաստանի դեպքում Հայաստանի մասին ինֆորմացիան և քաղաքական գնահատականները կախված են մեկ հոգուց՝ մոնիթորինգային հանձնաժողովի մեկ պաշտոնյայից: Սա Զուրաբյանը շատ լուրջ պրոբլեմ է համարում, որը պետք է հաղթահարել, և այսօրվա ակցիան ծառայում է նաև այդ պրոբլեմի հաղթահարմանը:

«Ես կարող եմ տեսնել հետևյալ միտումը. եվրոպական կառույցներին ավելի շատ հետաքրքրում են աշխարհաքաղաքական խնդիրներ, քան ժողովրդավարության վիճակը Հայաստանում: Հիմնական խնդիրը, որ Հայաստանի առջև դրվում էր, Ղարաբաղի հարցն էր, և դրա հետ կապված հնարավոր զիջումները, միայն այդ հարցով էին դիմում արտգործնախարարին: Ես էլ կարող եմ եզրակացնել, որ այն, ինչ մենք քանի տարի խոսում էինք, որ Ղարաբաղի և հայ-թուրքական հաշտության հարցերում զիջումների գնալու համար կամ դրա փոխարեն հակված են ավելի շատ աչք փակել մարդու իրավունքների վրա, ճիշտ է, այլապես մենք կտեսնեինք շատ ավելի ակտիվ Եվրոպայի խորհուրդ»,- նշեց Զուրաբյանը:

Նա ծիծաղելի է համարում, որ Հայաստանը ստանձնում է Եվրոպայի խորհրդի մինիստրների կոմիտեի նախագահությունը, ու նրա առաքելությունն է ամբողջ Եվրոպայում զբաղվել մարդու իրավունքների և ժողովրդավարության առաջխաղացումով այն դեպքում, երբ այդ հարցերը Հայաստանում ամենաշատն են կաղում ու չեն բարձրացվում նախագահության առջև:

Նախորդ հոդվածը‘Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինծառայողի ձախ կողմը պարալիզացված է’
Հաջորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Այս տրամաբանությամբ շուտով պետք է վերանորոգել նաև Հյուսիսային պողոտան ‘