‘Լևոն Զուրաբյան. Որ ժողովուրդը կանգնի՝ ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը (տեսանյութ)’

2778

Վանաձորում ընթացող ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի համատեղ հանրահավաքում քիչ առաջ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Եկել ենք Վանաձոր, նայում ենք այս քիմիական գիգանտին, հիշում ենք հզոր Վանաձորը, և հիշում եմ ընկերոջս, ով հիմա Սլովակիայում է: Նա քիմիական տեխնոլոգ է, կազմակերպիչ է, որը լրջորեն մշակել էր Վանաձորի քիմկոմբինատի արտադրության վերածննդի մի ծրագիր և ներկայացրել է և նախարարին, և այս իշխանություններին: Ոչ մեկը բանի տեղ չդրեց: Ի՞նչ արեց ընկերս. նա հիմա Սլովակիայում է և այնտեղ կազմակերպել է քիմիական գործարան՝ իր գիտելիքներով, մոտեցումներով և պատկերացումներով, շատ հաջողված գործ է անում, և Սլովակիան հիմա շահել է այն պատճառով, որ Հայաստանում նստած են գողեր, թալանչիներ ու ապաշնորհ մի ղեկավար:

Ամեն ինչ անում են միայն մի քանի հոգու հարստացման համար: Մեր ծրագրի մեջ մի կետ կա, որի մասին Սերժ Սարգսյանը իրենից անկախ խոսեց Չեխիայում՝ դա մենաշնորհների մասին հարցն է: 12 կետերի մեջ մենք պահանջում էինք, որ Հայաստանում վերջ դրվեն մենաշնորհներին, հիմա այս մասին Չեխիայում մի կին Սերժ Սարգսյանին հարց է տալիս՝ ո՞նց եք նայում նրան, որ Հայաստանում շաքարը բերում է մի մարդ՝ Լֆիկը, ինքն էլ ասում է ՝ բա Հայաստանի նման փոքր երկրում ուզում եք տաս հոգով շաքար բերե՞ն: Այ ախպեր, քո նման խելք ունեցող մի նախագահն էլ արդեն շատ է Հայաստանի համար: 

Դա մի ահավոր թալան է: Որ պատկերացնենք՝ ասեմ, որ մենակ շաքարի մենաշնորհի վրա եկամտաբերությունը 250 տոկոս է մոտավորապես: Ով կարդացել է Մարքս, գիտի, որ նա ասում էր՝ 250 տոկոս եկամտաբերության համար չկա որևէ հանցանք, որի առջև կապիտալիստը  կկանգնի, և այսօրվա ՀՀ իշխանություններն իրենց գործողություններով ապացուցում են, որ չկա այդպիսի հանցանք, որի առջև իրենք կկանգեն: Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ միայն շաքարի մենաշնորհը քանդելուց հետո շաքարի գինը 2.5 անգամ նվազելու է, նույնը՝ բենզինը, սննդամթերքը:

Այսինքն, առաջինը, ինչ պիտի անենք, երբ քշենք այս իշխանություններին. քանդելով մենաշնորհները՝ մենք էապես կիջեցնենք բոլոր գները, կստեղծենք ազնիվ մրցակցային մթնոլորտ, սա առաջ գործն է, որ պիտի անենք:

Այս իշխանություններն այսքան թալանել են, բոլոր հանցագործությունները կատարել են, սրա մասին բոլորս խոսել ենք, արդեն զզվել ենք մեր ասածներից էլ, որովհետև հարյուր անգամ նույն ճշմարտությունն ասելը դժվար է, բայց հիմա հարց է ծագում, այնուամենայնիվ, ո՞նց է ստացվում, որ սրանք մնում են: Այստեղ մի հետաքրքիր բան կա: 

Սրանք իրենց մնալու համար գտնում էին մի արդարացում, մոտավորապես էսպես էին ասում՝ թալանում ենք, ժողովուրդ ջան, ամեն ինչ էլ անում ենք, բայց «զատո»՝ Ղարաբաղը պահում ենք, դիվանագիտական ասպարեզում մեր կոշտ դիրքորոշմաբ Ղարաբաղը պահում ենք: Այս թեման հենց այնպես չեմ բացել:Նոր եմ վերադարձել Ստրասբուրգից, որտեղ հայաստանյան դիվանագիտությունը կրել է միգուցե ամենախայտառակ իր պարտություններից մեկը. ԵԽԽՎ-ն որոշել է պատրաստել մի զեկույց, որը կոչվում է այսպես՝ «Բռնության ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում»: Այս վերնագրից հետևում է, որ այսուհետ ԵԽԽՎ-ն համարում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից օկուպացված տարածք է: Մի բան, որ որևէ միջազգային փաստաթղթում երբեք ձևակերպված չի եղել, օկուպացված տարածքների մասին խոսել են, բայց ԼՂ-ից դուրս՝ սա առաջին անգամ է, և սրա միակ պատասխանատվությունը այս ապաշնորհ ու անգրագետ իշխանությունն է, սրանք Ղարաբաղը պահողը չեն, սրանք Ղարաբաղը ծախողն ու տվողն են, սրանք մեր պաշպանունակությունը քանդողն են, սրանք այնպես են անում, որ մեր երկիրը կորցնում է դիմակայելու որևէ ռեսուրս:

2008-ին բերեցին Ղարաբաղի սպեցնազը՝ մարտի 1 անելու համար, և խաբեցին այդ մարդկանց, թե Լևոնը գալիս է Ղարաբաղը տալու, և շատերին բացատրում էին, թե եթե մենք չլինենք, ով լինի՝ գալու է Ղարաբաղը տա: Այսօր նրանք կորցրել են նաև այդ կեղծ հաղաթուղթը, ոչ ոք այլևս չի մտածում սրանց մասին՝ որպես Ղարաբաղը պահող իշխանության: Այնպես որ, մարտի 1-ով Հովիկ Աբրահամյանն էլ, Սերժիկ Սարգսյանն էլ մեզ չվախեցնեն, հըլա տեսնենք, որ ժողովուրդը կանգնի՝ ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը:

Դուք պետք է վերջապես գիտակցեք ձեր ուժը, ձեր ուժը ոչ միայն հոկտեմբրի 10-ին պետք է արտահայտեք ու իշխանափոխության ժամանակ, այլ նաև իշխանափոխությունից հետո, որովհետև դուք պիտի չգնանք ձեր տները, պիտի ակտիվ լինեք, ունենաք դիրքորոշում, ձեր ղեկավարներին՝ թեկուզև ընտրված, մշտապես վերահսկողության տակ պահեք:

Ուրեմն, վերագտե՛ք այդ ուժը, ապացուցեք, որ այս երկրի բախտը ձեր ձեռքում է: 

Ուրեմն, հանուն Հայաստանի անվտանգության, պաշտպանունակության, հանուն արդարության, օրինական պետության, բարեկեցության՝ բոլորս հոկտեմբերի 10-ին ցույց տվեք ժողովդի ուժը, և երբ ցույց կտաք այդ ուժը, առաջին բանը, որ գոռալու ենք՝ հետևյալն է լինելու՝ Սերժիկ, հեռացիր»:

Նախորդ հոդվածը‘Միքայել Մելքումյան. Երկրում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ելե՛ք, ամո՛թ է, էս երկրին տեր կանգնե՛ք (տեսանյութ)’