‘Արամ Մանուկյան. Ելե՛ք, ամո՛թ է, էս երկրին տեր կանգնե՛ք (տեսանյութ)’

3392

Վանաձորում կայացած ընդդիմության համատեղ հանրահավաքի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Եւ լավ խոսքեր եմ ասելու, եւ դառը խոսքեր, դիմացեք:

1988-ի շարժումը վանաձորցիների համար վերելք էր, Վանաձորը շարժման կենտրոնն էր, շարժման առաջամարտիկներն այստեղ են, Վանաձորը տվեց հզոր, կռված բանակ, հերոսներ, այն միշտ յուրահատուկ էր: 1988-ին ամբողջ Հայաստանը գործադուլ էր անում, Վանաձորը՝ ոչ, մինչեւ համոզեցինք, Վանաձորը սկսեց, ամբողջ Հայաստանն արդեն ավարտել էր, հիմա «Ղարաբաղ» կոմիտեից եկել-ասում են՝ պետք է դադարեցնեք, մերոնք թե՝ չէ, հազիվ ենք սկսել, շատ որ դիմադրեցին, տղաներից Լեւոն Գրիգորյանն ասեց՝ եկեք՝ Վանաձորը հայտարարենք անկախ Հայաստանից:

Սա եւ լավ է, մենք ուշ ենք արթնանում, բայց որ լոռեցին արթնանում է, չի ուզում քնել: Ուզում եմ մի քիչ ամոթանք տալ՝ Գյումրին, Գավառը, Սեւանը կանգնած են, բոլորը, ովքեր դժգոհ են «Շրջանառության մասին» հարկից, բողոքում են, բա դուք ո՞ւր եք, այսինքն՝ դուք համաձա՞յն եք, որ մեզ ապուշի տեղ են դրել: 

Հըլա տեսեք, ոնց են բացատրում, ասում է՝ 3.5 տոկոսը շատ է, ես քեզ1 տոկոս եմ առաջարկում, դու չե՞ս հասկանում, որ դա լավ է: Ժողովուրդը ըմբոստանում է, ժողովրդին հիմարի տեղ են դնում, որովհետեւ ուզում են բացատրել, որ ապրանք տվողին ստուկաչ դարձնելով՝ կարող ես ավելի լավ աշխատել, բոլորիս համոզել են, որ կուտակային կենսաթոշակային համակարգը լավ է, դուք չե՞ք հասկանում, 30 տարի փող կտաք, որ 30 տարի հետո՝ յա էշը սատկած, յա՝ իշատերը, թոշակ կստանաք: Ինքն էլ օգտվում է այս առիթից, ինչքան ասես սեղմում է, եւ դուք ինչքան ասես տանում եք այս սեղմելը, շատ եք խելոք, հեզ, համբերատար, ո՞ւր է մնացել այն լոռեցին, ինձ թվում է՝ Ղարաքիլիսայի ճակատամարտը մեր պապերը չեն արել, ո՞ւմ առաջ եք խեղճացել: Բա ամո՞թ չի, 108 տղա մեր Պանթեոնում պառկած է, որի՞ն հիշեմ, բոլորին, ու հանկարծ՝ այդ տղերքի երեխեքը Հայաստանը լքո՞ւմ են, ախր ո՞նց կլինի: Հերոսները արյուն են թափել այս հողի համար, ու մենք այդ հիշատակը մոռացել, թողնում-գնում ենք, հայերը հիմա գիտեք ո՞ւր են արտագաղթում, անունները պիտի հիշես՝ էլ Տանզանիա, էլ Անգոլա: Հայաստանում մասնագետ չի մնացել ոչ մի բնագավառում, գնում են ու գնում են, մինչեւ ո՞ւր: 

Խելոք գնում եք՝ գլուխներդ ձիգ կանգնելու փոխարեն, կզում եք, վեշ-մեշ հավաքում եք, գնում եք, էս ո՞ւր եք գնում, ե՞րբ եք ըմբոստանալու, ե՞րբ եք ողնաշարը դզելու եւ ասելու՝ ես պիտի մնամ: Լուծումը հեշտ է, պետք է քշել երկու գողի, բայց երկու գողին քշելու փոխարեն՝ հազարներով գնում եք, բա ձեր նամուսը տեղից չի շարժվո՞ւմ, ի՞նչ անեն, որ ասեք՝ հերիք ա:  Գազը թանկացրին, հոսանքը թանկացավ, ուսման վարձը, բան կա՞, որ չի թանկացել: Էլ ի՞նչ ա պետք: Մեզ փորձության է ենթարկում, ասում է՝ սեղմելու եմ այնքան, ինչքան սեղմվեն:

Մենք սգի մեջ ենք, քնած են: Ելե՛ք, ոտքի՛ ելեք, ամո՛թ է, էս երկրին եկեք տեր կանգնե՛ք, լոռեցիք, մի՛ քնեք:

Հրանտ Մաթեւոսյանն ասում էր՝ մեր երկրի ողնաշարը ջարդելու է եղունգի չափ խելք ունեցողը, ու եղունգի չափ խելք ունեցողն էսօր ձեզ հեծնել է, կործանում է մինչեւ վերջ, բայց նույն Հրանտն ասում է՝ մի թող քեզ վախեցնեն, վախեցնողի աչքը հանի:

Հայաստան այսօր ավելի շատ է դատարկվում ու Ցեղասպանության ենթարկվում, քան Ցեղասպանության ժամանակ:  Ցեղասպանության 100 տարին մենք կդիմավորենք դատարկ Հայաստանում, Հայաստանը կարող է դառնալ մի փոքր գավառ՝ ինչպես Կրասնոդարն է: 

Կամ պիտի ասենք՝ բոլ ա, ռանդերդ քաշեք, կամ է՝լ վերջանալու ենք բոլորս:

Հոկտեմբերի 10-ին մենք գնում ենք, դուք գալի՞ս եք»:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Որ ժողովուրդը կանգնի՝ ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուս»-«Ռոմա». Լրատվամիջոցները մրցավարության մասին (տեսանյութ)’