‘Լևոն Չաուշյան. «Եթե ընտրությունները լինեն օրինական, Ռոբերտ Ամիրխանյանի շանսերը զրոյական են»’

1451

iLur.am-ն արդեն մի քանի անգամ անդրադարձել է կոմպոզիտորների միությունում տիրող վիճակին: Թեև կանոնադրության համաձայն՝ կոմպոզիտորների միության համագումարները պետք է անցկացվեն երկու տարին մեկ անգամ, վերջին 2009թ. համագումարից հետո կոմպոզիտորների միությունում համագումար չի անցկացվել: Այս փաստն առաջացրել էր մեծ թվով կոմպոզիտորների զայրույթը, որոնք դիմել էին դատարան` միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին պարտավորեցնելու կատարել կանոնադրության պահանջը:

Չորս տարվա դադարից հետո, վաղը՝ հոկտեմբերի 26-ին, վերջապես կկայանա կոմպոզիտորների միության համագումարը:

Այդ կապակցությամբ զրուցեցինք արդեն տեւական ժամանակ միության համագումարի հրավիրման համար պայքարող կոմպոզիտորներից մեկի՝ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանի հետ:

Պարոն Չաուշյան, վերջապես կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը տեղի տվեց ձեր պահանջների առջև և հրավիրեց կոմպոզիտորների միության համագումար, սակայն կարծես թե կոմպոզիտորների շրջանում առկա դժգոհությունները ոչ միայն չեն պակասել, այլև ուժգնացել են. կոմպոզիտորները մեղադրում են միության նախագահին համագումարը շոուի վերածելու մեջ: Ի՞նչ կասեք այս առնչությամբ և ինչպես եք պատրաստվում վաղվա համագումարին:

Ինչպես գիտեք, այս երկու ամիսների ընթացքում բավականին հստակ գնահատական տրվեց կոմպոզիտորների միության գործունեության վերջին 22 տարիներին: Ամիրխանյանի նախագահության օրոք տեղի են ունեցել օրենքի ահավոր խախտումներ` թքած է ունեցել օրենքի վրա, բացի դրանից ոչնչացրել է միության կառույցները՝ ստեղծագործական հանձնաժողովները, ստեղծագործական մասնաճյուղերը: Խզվել են կապերը արտասահմանյան կոմպոզիտորների կազմակերպությունների հետ կապերը, մինչդեռ մինչև 1991թ-ը մենք ունեինք հիանալի կապեր հսկայական թվով կոմպոզիտորական կազմակերպությունների հետ: Այս ամենը ոչնչացվել է: 22 տարի մենք ունեցել ենք  սեփականաշնորհված մի կազմակերպություն, որը չես հասկանում` ում է պատկանում: Եթե սա պատկանում է Հայաստանի  Հանրապետությանը, ապա մեր կոմպոզիտորների իմիջը պետք է բարձրացվի, տարածվի աշխարհով մեկ: Այս աշնանային, գարնանային համերգները, որտեղ ներկա են միայն հեղինակները իրենց բարեկամներով, ոչ մի իմիջ չեն ավելացնում, ընդհակառակը` այդ համերգները հակագովազդ են մեր երաժշտության համար:

Ամիրխանյանը շոումեն մարդ է, բնականաբար, ուրիշ կերպ չէր էլ կարող, որովհետև լուրջ խոսակցությունը իր համար սպանիչ է: Մենք պատրաստ ենք շոուին, թող լինի շոու, թող լինի նվագախմբի ելույթը, թող իր երկրպագուները խանգարեն մեր ելույթը, մենք գիտենք` ինչ պետք է անենք:

Չե՞ք կարծում, որ համագումարը «շոու-ներկայացմամբ» բացելով` Ռոբերտ Ամիրխանյանը ուղղակի փորձում է անլրջացնել այն:

Ինչ ուզում է անի, մենք գիտենք, որ մենք պաշտպանում ենք օրենքը և մեր կոմպոզիտորների միության պատիվը, այս երկու բանը մեզ շատ հզորացնում են:

Կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնի ֆավորիտները կարծես Արամ Սաթյանն ու Ռոբերտ Ամիրխանյանն են, ճի՞շտ է, ինչպե՞ս եք գնահատում նրանց հնարավորությունները:

Համագումարի ցանկացած պատվիրակ կարող է նախագահի թեկնածու առաջադրվել: Արամ Սաթյանը հստակ հայտարարել է առաջադրվելու մտադրության մասին: Եթե ընտրությունները օրինականության սահմաններում անցնեն, ես Ամիրխանյանի շանսերը զրոյական եմ համարում: Եթե օրենքից դուրս լինեն, եթե նա օգնություն ստանա ուրիշ օղակներից, այն ժամանակ վիճակը կբարդանա:

Ի՞նչ նկատի ունեք:

Նկատի ունեմ օգնությունը ավելի բարձր ատյաններից: Երկուսուկես տարի լիազորությունները սպառված վիճակում Ամիրխանյանը շարունակում է իր գործունեությունը այդ պաշտոնում, և արդարադատության նախարարությունը ուշադրություն չի դարձնում այդ հանգամանքի վրա: Սա արդեն հուշում է, որ նա ունի բարձր հովանավորություն: Դուք պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ մեր Ազգային Ժողովի լիազորությունները սպառված լինեն, և ոչ ոք դրա մասին չբարձրաձայնի. այդպիսի բան չի կարող լինել, չէ՞: Նա ընտրվել է 2009թ-ին երկու տարի ժամկետով, 2011թ. մայիսի 23-ին իր ժամկետը լրացել է: Մենք դիմել ենք արդարադատության նախարարություն, արդարադատության նախարարը հրաժարվում է պատասխանել հստակ դրված հարցերին:

Եղան խոսակցություններ այն մասին, որ Ամիրխանյանը կոմպոզիտորների միության որոշ անդամների նկատմամբ ճնշումներ է կիրառում, ոմանց 10 000 ական դրամ և այլ ծառայություններ է առաջարկում միության նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է՝ այդ ճնշումները և կաշառքները իրենց դերը կատարեն, և Ամիրխանյանը վերընտրվի նախագահի պաշտոնում:

Չեմ կարծում նման բաներ լինեն, համենայն դեպս՝ կոմպոզիտորների այն խումբը, որը պայքարում է միությունը մաքրելու համար, կազմված է ինտելիգենտ ու հայրենասեր մարդկանցից, որոնք մտածում են ոչ միայն իրենց անձի, այլև այս պետության և երաժշտության:

Հ.Գ

Մենք փորձեցինք վաղվա համագումարի մասին զրուցել նաև կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում ընտրվելու ֆավորիտներից Արամ Սաթյանի հետ, որը, խիստ զբաղված լինելով, չկարողացավ մեզ ժամանակ տրամադրել: Արամ Սաթյանը միայն նշեց, որ Ռոբերտ Ամիրխանյանը «ինչ-որ շոու և սյուրպրիզներ է պատրաստում»: «Նման բան չի եղել երբեք, սա արտառոց երևույթ է: Աշխատանքային ամբողջ պրոցեսը հենց ամենասկզբից այդ շոուով կխախտվի, սակայն կարծում եմ, բացի դրանից այլ սյուրպրիզներ էլ կլինեն, մենք ամեն ինչին պատրաստ ենք»,-հայտարարեց Արամ Սաթյանը:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Եվ նորից «վճռականների» մասին’
Հաջորդ հոդվածը‘Թուրք նկարիչներն ու երաժիշտները ընդդիմադիր կուսակցություն են հիմնել’