‘Խճճված «Նաիրիտ». ՀՅԴ-ն առաջարկում է ԱԺ-ում ուսումնասիրել քիմհսկայի իրավիճակը’

1126

«Նաիրիտ գործարանի» սեփականատիրոջ` ավելի քան 107 մլն դոլար պարտքի վերաբերյալ դատական որոշումից երկու շաբաթ անց էլ կառավարությունը որևէ կերպ չի արձագանքում իրավիճակին: Այս մասին գրում է panarmenian.net-ը և մանրամասներ ներկայացնում այսօր Աժ-ում գործարանի մասին տեղի ունեցած քննարկումից և դեպքերի հնարավոր զարգացումներ է ներկայացնում:

Քանի որ Հայաստանի քլորոպրենային կաուչուկ արտադրողի ճակատագիրն անհայտ է, Հայ հեղափոխական դաշնակությունն առաջարկում է ստեղված դրությունն ու հետագա անելիքներն ուսումնասիրել Ազգային ժողովում` ժամանակավոր հանձնաժողով ստեղծելով:

ԱԺ 5-րդ գումարման գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում հայտնել է նաև, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի թե գործարանի աշխատանքի վերականգնման բանակցային գործընթացը, թե ներկա դրությամբ առկա խնդիրները, թե իրավիճակն ամբողջությամբ: Դրանից զատ` հարցը նաև քննարկվելու է ընլայնված նստաշրջանի ընթացքում:

Հունվարի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել էր Միջպետական բանկի՝ 107 մլն դոլարի հայցն ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության, որը պաշտոնապես «Նաիրիտ գործարանի» սեփականատերն է:

Նախապես Միջպետական բանկը հայց էր ներկայացրել 25,2 մլն դոլարի բռնագանձման պահանջով, սակայն ավելացրել էր գումարի չափը, ու հատկանշական է ոչ Rhinoville Property Limited ընկերությունը, ոչ «Նաիրիտ գործարանը» դատական նիստերին չէին ներկայանում, ու որոշումից հետո էլ` որևէ մեկնաբանություն չեն արել քիմիական հսկայի ճակատագրի վերաբերյալ:

Հատկանշական է, որ Rhinoville Property Limited օֆշորային ընկերությունը, որն ակտիվներ չունի պարտքը վճարելու համար, պատկանում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին, որի բաժնետոմսերի 10 տոկոսը ՀՀ կառավարությանը, իսկ 90 տոկոսը նույն օֆշորային ընկերությանն են պատկանում, բացահայտել էր Hetq.am-ը: Այսինքն` ՓԲԸ-ն իր իսկ բաժնետոմսերի սեփականատերն է ու, ի դեմս կառավարության, պետական բյուջեից պետք է վճարի Միջպետական բանկին:

15 ամիս շարունակ աշխատավարձ չվճարած Հայաստանի քիմիական հսկան փրկելու որոշ հույսեր էին առաջացել անցած տարի, քանի որ գործարանով հետաքրքրվել էր մեկ այլ` գազային հսկա ռուսական «Ռոսնեֆթը», սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ պարզ դարձավ, որ ընկերությունը չի ցանկանում իր վրա վերցնել Նաիրտի կուտակած միլիոնավոր դոլարների պարտքերը:

Միևնույն ժամանակ տնտեսագետ-վերլուծաբանները դժվարանում են կանխատեսումներ անել գործարանի գործունեության վերաբերյալ:

«Այս հարցը շատ խճճված է: Հետաքրքրություն «Նաիրիտի» նկատմամբ միշտ էլ եղել է, ու հիմա էլ ռուսական «Ռոսնեֆթն» է հետաքրքրվում: Բայց պարտքային խնդիրը հիմնական խոչընդոտն է, ու հիմա հնարավոր չէ ասել, թե դա ինչ լուծում կստանա»,- PanARMENIAN.Net ին ասաց վերլուծաբան-տնտեսագետ Սամվել Ավագյանը:

«Նաիրիտը» կանցնի Միջպետական բանկին, ու այնտեղ կորոշեն, թե ինչպես այն տնօրինել, այսպիսով պարտքերի հարցը լուծվում է, սակայն կվաճառեն այն, թե կառավարման կհանձնեն՝ այլ հարց է, որի համատեքստում պարզ չէ նաև մեր կառավարության 10 տոկոս մասնաբաժնի ճակատագիրը»,- հավելեց նա` գործադիրի անելիքների մասով նշելով «Նաիրիտը» սնանկության հասցրած մարդուն՝ նախկին տնօրեն Վահան Մելքոնյանին պատասախանատվության ենթարկելու ու անհուսալի ներդրողներին Հայաստան չհրավիրելու քայլերը:

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը Խորհրդային միության քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է:

Նախորդ հոդվածը‘«Հրաժարականի կարողությունը բոլորին չի տված»’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’