‘Խմբագրական. Անկախության գինը’

2644

Նախօրեին Շոնտլանդիայում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, ըստ ամենայնի, ավելի շատ ֆեյսբուքահայերին հիասթափեցրին: Հաստատ` ավելի շատ, քան որոշ շոնտլանդացիների կամ, առնվազն՝ շոնտլանդացիների կեսին, ովքեր քվեարկեցին անկախության դեմ: Իսկ գուցե նաեւ` կողմ քվեարկածներին էլ հետը:

Վանոյի ականջը կանչի: Պարզվում է` ոչ միայն հայրենիքի հեռուն է լավը, այլեւ անկախության՝ ուրիշինը: Որովհետեւ ուրիշի անկախությունը «ջանք չի պահանջում, այդ անկախությունը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ անկախության հմայքն այն է, որ այդ անկախությունը պահողների մեջ լինել պարտադիր չէ», այն արարելը, պահպանելը, դրա համար դարեր շարունակ կռիվ տալը, ատամներով պահելը պարտադիր չէ:

Ուրիշի անկախությունն, անշուշտ, լավ բան է, յուղոտ է, թարմ է, ճռճռան է, հոտավետ է, համեղ է, հարմար է, գեղեցիկ է ու ռոմանտիկ: Հատկապես՝որ դու չես այն պատրաստողը, կողքից համտեսող ես, մի յուրահատուկ` դեգուստատոր:

Հիմա պարզվում է` անկախության սոսկ գաղափարն է լավ, տարայում կոնսերվացվածը, եւ ոչ տարան բացածը, որովհետեւ շշից դուրս եկած ջինի պես է շատերի համար, եւ հատկապես՝ նրանց, ովքեր այսօր իշխանության ղեկին են:

Էն, որ սրանց լկտիությունն ու շանտղությունը սահման չունի, գիտեինք: Բայց եւ այնպես, երբեմն երեւակայությունդ անգամ չի հերիքում պատկերացնելու համար, որ շանտղությունը կարող է հասնել սրբություն սրբոցին: Բայց եւ հասնում է, սրանք իրենց կեղտոտ կոշիկներով ուր ասես կմտնեն, կաղտոտեն, կսեւացնեն, որ հետո իրենց եւ էդ ամեն կեղտոտի միջեւ զգալի ու նկատելի տարբերություն չլինի: Իրենք սեւ խաղացողներ են, ուստի չեն կարող իրենց ֆոնին որեւէ սպիտակ բան թողնել, որ իրենց սեւությունն ավելի չընդգծվի, ու դրանից իրենք ավելի դիսկոմֆորտ չունենան:

Ամո՞թ, չէ՛, ո՛չ ամոթ, հենց միայն՝ դիսկոմֆորտ, որովհետեւ որքան էլ իրենց շրջապատին լռեցնեն, հայելիներին հո չե՞ն լռեցնելու: Հենց դրա համար էլ ցեխոտում են ամենը, ինչ պատահում է իրենց ճանապարհին: Ոչ միայն այն պատճառով, որ իրենք չեն այն կերտել, այլեւ՝ որովհետեւ իրենցը չէ բնույթով, ընդհանրապես իրենց հետ աղերս չունի:

Հենց դրա համար էլ իրենց սազանդարներին ուղարկում են արշավի՝ ընդդեմ անկախության` ասուլիսների, հարցազրույցների տեսքով: Որ սրանք մեզ բացատրեն, որ մենք երջանիկ չենք ոչ թե այն պատճառով, որ Սաշիկն ու Սերժիկը փայ են մտել մեր երջանկությանը, այլ որովհետեւ մենք «մժղուկներ ենք» այս աշխարհիս երեսին, որտեղ չկան իրական անկախ պետություններ, որ անկախության գաղափարն իսկ սուտ է, որ մենք փոքր ածու ենք, ուստի պիտի մոռանանք անկախ գործելու հնարավորության մասին իսկ, զի վատն է, վատն է անկախության հետ առնչվող ամեն ինչ, ու մոռացեք բարեկեցիկ ու լավ ապրելու մասին, սուտ է ամենը:

Ու չեն խորշում ցեխոտ կոշիկներով անկախության գաղափարը տրորել, որովհետեւ իրենք անկախության հետ ոչ միայն աղերս չունեն, այլեւ իրենց մտքի ոչ մի հյուլեով չեն էլ պատկերացնում, որ կարելի է լինել անկախ (անկախությո՞ւն, իսկ դա ի՞նչ է), որովհետեւ իրենք ծնվել, մեծացել ու ամենակարեւորը՝ ՄՆԱՑԵԼ են ՍՈՎԵՏՈՒՄ:

Եւ հետեւաբար՝ պիտի ատեն, անսահմանորեն ատեն անկախությանն առնչվող ամեն բան, պիտի մարդկանց քարոզեն չսիրել, չփայփայել, անտարբեր լինել անկախության հանդեպ: Ասես մի հեշտությամբ տրված էկզոտիկ միրգ է դրված սեղանին, որը մեր հանդերում ամեն դեպքում չի աճում ու չի ԱՃԵԼՈՒ, եւ հետեւաբար մի անգամ կերանք` էլ բավական է: Ու ամենացավալին` պիտի քարոզեն չլինել պատասխանատու, իբր՝ մի անգամ տեսանք էդ անկախությունը, իբր ի՞նչ էր, որ փայփայենք այն: Մոռանալով, որ անկախությունը պահելն ավելի դժվար է, քան նույնիսկ` ձեռք բերելը: Ինչպես որ այս աշխարհիս երեսին ամեն-ամեն ինչ:

Ասում են ու ասում, հասկացնում են ու հասկացնում. պատասխանատու լինե՞լ, պահպանել ու փայփայե՞լ անկախությունը, հանուն ինչի՞: Հայրենի՞ք: Խնդրեմ, ունեցեք ձեր պատմական հայրենիքը, բայց որքան հեռու` այնքան լավ, եկեք երբեմն ձեր պատմական հայրենիքը, խոնարհվեք հայրենի հողին` ինչպես սրբատեղիի առաջ, ատրուշանների վերածեք սիրելի վայրերը, եկեք, մոմեր վառեք, աղոթեք եկեղեցիներում, եկեք, ինչպես կգնայիք Երուսաղեմ կամ Մեքքա, եկեք ու հետ գնացեք: Մնում եք, որ ի՞նչ անեք: Մնալու համար պատասխանատու պիտի լինեք, առճակատման պիտի գնաք, տաժանակիր աշխատանք պիտի կատարեք, կռիվ պիտի տաք ի վերջո` հայրենիքը պետության վերածելու, կամ ունեցած պետականությունը պահելու համար:

Իսկ այսպես՝ շառ չի լինի, զի տարածքի Հայրենիքն է լավ (եւ ոչ պետությունը), իսկ Հայրենիքի` հեռուն, պետականության` ուրիշինն է լավ, ունեցածիդ`հոգեւորը, երազանքի` չիրականացվածն է լավ ու համախմբող, պատասխանատվության` անցյալինն ու ապագայինը, խոսքի` անհետեւանքն է լավ, ելույթի` կենացը, քաղաքացու երկքաղաքացին է լավ, հողի` տոպրակի միջինը, թշնամու` օտարն ու օտարինն է լավ, պայքարի` գրքինը:

Ու այս մեսիջներով` մսխում են անկախության ամեն մի ատոմը, հատիկ-հատիկ փայ են մտնում, մասնավորեցնում ու փոշիացնում, որովհետեւ անկախությունը ծանր ոսկոր է, կոկորդներին է մնացել, ոչ կարող են կուլ տալ, ոչ էլ` թքել, իրենց չի տաքացնում, եւ ոչ էլ` կշտացնում, ու եթե անկախությունը չի տեղավորվում իրենց ստամոքսներում, ապա ուրեմն իրենց ինչի՞ն է պետք այդ անկախությունը: Անկախությունը սրանց համար պիտի լինի այնպիսին, որ հեշտությամբ լափեն, կամ`տեղավորեն իրենց բանկային հաշիվներում: Եթե չի լափվում եւ չի տեղավորվում բանկային հաշիվներում, ուրեմն, պետք է մաշեցնել: Մի տան եղածն ի՞նչ է որ, մի տուն կգտնեն անծայրածիր աշխարհի մի անկյունում, ու կապրեն այնտեղ, որովհետեւ ոչ կապվածություն ունեն հողի հետ, ոչ կապ` անցյալի ու ապագայի հետ: Իսկ անկախությո՞ւնը: Անկախությունը պիտի ամեն անգամ փաթաթեն լավաշի ու քյաբաբի հետ ու ծամեն: Կամ` փորձեն ծամել այնքան, մինչեւ կուլ կգնա:

Մոռանալով, որ էդ ծանր ոսկորը բկներին է կանգնելու:

Հ.Գ. Վաղը ՀՀ անկախության հերթական տարեդարձն է: Անկախությունն ու անկախ պետականությունը Հայաստանի ամենանշանակալից ձեռքբերումն են: Շնորհավոր անկախությունդ, Հայաստան ջան: Քանի դեռ կան նրանք, ովքեր գիտեն անկախության գինը, սրանք անկախությունը չեն հասցնելու ոչ կուլ տալ, ոչ էլ թքել:

 

Քրիստինե Խանումյան

 

Նախորդ հոդվածը‘Վատիկանի թանգարանում միջնադարյան խաչքար է տեղադրվել’
Հաջորդ հոդվածը‘Սպիտակ տուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է’