‘Խմբագրական. Արտագաղթելու անհատական և հանրային չափումները’

2067

Արտագաղթը հիմնարար հասարակական խնդիր է, երբ խոսքն ընդհանուր թվերի մասին է, բայց խիստ անձնական, նույնիսկ՝ ինտիմ խնդիր և որոշում է, երբ խոսքն ամեն տվյալ անձի մասին է: Երբ խնդրի այդ երկու հարթությունները շփոթվում են, առաջ են գալիս մեզ ծանոթ կուրիոզային իրավիճակներ, երբ երկիրը լքելու որոշում ընդունած անձն իրեն պարտավոր է համարում «հաշվետվություն» տալ մնացողներին: Սա ոչ այնքան ազգային-պետական, որքան համայնքային մտածողության դրսևորում է, երբ հայրենիքն ընկալվում է ոչ թե որպես պետություն, այլ, այսպես ասած՝ «մեր գյուղ» կամ «մեր բակ», և լքողը պետք է իր «քուրախպերներին» բացատրի, թե ինչո՛ւ է գնում: Արդյունքում ստացվում է հակասական պատկեր՝ «հաշվետվության» դրդապատճառը համաքաղաքացիներին ենթագիտակցորեն «քույրեղբայր», այսինքն՝ մոտիկ մարդ ընկալելն է, բայց հետևանքն այն է, որ «գաղթելու հաշվետվություն» տվողը սովորաբար՝ կամա թե ակամա, վիրավորում է հենց նրանց, ում մոտիկ է համարում, որովհետև իր որոշումն արդարացնելու համար ստիպված է լինում առավելագույն չափով նսեմացնել երկիրը, մնացողներին, իրավիճակը նկարագրել որպես անհույս: Բա ուրիշ ո՞նց հիմնավորի «պապենական գյուղի» լքումը՝ ապագա չկա, հույս չկա և այլն. ստացվում է, որ մնացողներն անհույս կամ անճար հիմարներ են: Ու իհարկե, նման դեպքերում «հաշվետվություն տվողը» ստանում է համարժեք հակազդեցություն, որով հասարակությունը պաշտպանվում է իր գոյության իմաստը կասկածի տակ դնողից: Այս ամենը հոգեբանական մակարդակում է տեղի ունենում, գիտակցված մասերը քիչ են, դրա համար էլ ուժեղ է նաև հուզական երանգավորումը: Մարդիկ, փոխանակ քննարկեն արտագաղթը՝ որպես ընդհանրացված, չանհատականացված հասարակական երևույթ՝ իր պատճառներով, հետևանքներով և այլն, հանրային հարց են դարձնում անհատի պատահական առանձնահատկությունները: Բնականաբար՝ գործը մի պահից հասնում է նաև վիրավորանքների, նեղվածության և այլն:

Այս ամենն այսպես չէր լինի, եթե մարդիկ՝ գնացողներն ու մնացողները, ընկալեին իրենց կյանքի կարևոր որոշումը ոչ թե համայնքային, այլ զուտ անհատական պատասխանատվության սահմաններում: Տեղաշարժվելու իրավունքը հիմնարար է, և ոչ ոք պարտավոր չէ արդարանալ կամ հաշվետու լինել որևէ մեկի առաջ այս կամ երկրում ապրելու կամ այս կամ այն երկիրը լքելու համար: Գուցե միայն իրապես մոտիկ մարդկանց շրջանակում է դա նորմալ, բայց որպես հանրային քննարկման թեմա՝ անհեթեթություն է: Ո՛չ հանրությունը պետք է անհատին մեղադրի, ո՛չ էլ անհատը, համարելով, որ արդարանալու խնդիր կա, պետք է հրապարակայնորեն «երկրի» հերն անիծի:

Կասեք, որ սա ծայրահեղ անհատապաշտական, չոր դիրքորոշում է, որը նաև նսեմացնում է արտագաղթի խնդրի նշանակությո՞ւնը: Ըստ իս՝ ճիշտ հակառակն է: Հասարակությունը պետք է քննարկի արտաղթի խնդիրը, որովհետև ինքնին պարզ է, որ դա լրջագույն մարտահրավեր է պետության համար, բայց քննարկումը, որն իջնում է անձնական-հուզական մակարդակի, ոչինչ չի կարող տալ: Առավել ևս՝ արտագաղթը հնարավոր չէ կանգնեցնել զուտ հայրենասիրության կոչերով: Այդպիսի հարցերը չեն կարող լուծում ստանալ կոչական, «բանասիրական» մակարդակով: Հայաստանը պետք է դառնա ձգող, «պրեստիժ» երկիր հայերի և նույնիսկ ոչ հայերի համար, և այդ դեպքում առանց կոչերի էլ մարդիկ ոչ միայն կմնան Հայաստանում, այլև կգա՛ն Հայաստան: Իսկ դա միայն պետական քաղաքականության լուծելիք խնդիր է:

Բայց մի կարևոր երանգ էլ կա, որն արդեն վերաբերում է ոչ թե բոլորին, այլ այն շերտին, որն ուզում է ավելի գիտակից համարվել, վերնախավի հավակնություններ ունի կամ հանգամանքների բերումով վերնախավային դիրք է զբաղեցնում հասարակության մեջ: Այդ նեղ խավի մեջ պետք է լինեն մարդիկ, որոնց համար հայ լինելը և Հայաստանում ապրելը գիտակցված ընտրություն պետք է դառնա: Բայց թե ի՛նչ է դա նշանակում՝ գուցե խոսենք մեկ այլ առիթով:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

Նախորդ հոդվածը‘Շիրակի մարզում 3 БМП-ներ բախվել են միմյանց. Shamshyan.com’
Հաջորդ հոդվածը‘Ախուրյանում գայլերը հոշոտել են 36 գլուխ ոչխար’