‘Խմբագրական. Բոլորս` դեպի Հայաստան’

2274

Սպասվում էր, իհարկե, որ Սերժիկ Սարգսյանի մոսկովյան այցից հետո Հայաստանում սրտակոտոր թառանչներ կլսվեն զանազան անկյուններից, սակայն` ոչ այս ծավալի:

Զարմանալի չէ, որ տնքտնքում են, ասենք, քաղաքապետարանի  երրորդական-չորրորդական չինովնիկի կամ ոստիկանության որեւէ սերժանտի հրաժարականը պահանջողները, կամ էլ` դեմքներին շատ լուրջ արտահայտություն դաջած այն «ըմբոստները», որոնք ժամանակ առ ժամանակ Հայաստանի բոլոր անհաջողությունները կապում են ներկայիս ոչինչ չարժեցող վարչապետի հետ ու հասարակությանը լուսավորում, թե ինչեր կաներ Սարգսյան Սերժիկը, եթե նրան չխանգարեր այս չարագործ Սարգսյան Տիգրանը:

Առնվազն տարօրինակ է, որ ցնցակաթվածային վիճակում են հայտնվել մարդիկ, որոնք, իրավացիորեն, մեր պետության զարգացման ելքը չեն տեսել, քանի դեռ Սերժիկն է տնօրինում Հայաստանի ճակատագիրը: Եվ բնականաբար`առաջին հերթին պահանջել են նրա  հրաժարականը (դրանից հետո շարքային ավազակների խնդիրն ինքնըստինքյան կլուծվեր): Եվ հիմա, երբ այս նույն Սերժիկը հասավ Պուտինի դուռն, ու ինչպես միշտ` ծնկները ծալվեցին, հանկարծ այս նույն մարդիկ զարմացել ու զայրացել են` էս ի՞նչ է անում, Հայաստանը ծախում է:

Իսկ մինչ այս այցն ինչո՞վ էր զբաղված, չէ՞ր ծախում:

Ստացվում է` Հայաստանի նախագահի աթոռը զավթողից սպասելիքներ ունեին նույնիսկ նրա հրաժարականը պահանջողներից շատերը: «Դեպի Եվրոպա» դայլայլողներն այնքան էին ներշնչել այս մարդկանց, որ ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո նույնիսկ Սերժիկ Սարգսյանի նմանը կարող է մեզ առաջնորդել դեպի պայծառ ապագա, որ արդեն նորանոր «հավատացյալներ» էին հայտնվել, թե ահա Սերժիկը հասնելու է Մոսկվա, աքացիով բացելու է Պուտին Վովայի դուռն ու ասելու է`առա՛ջ, Եվրոպա: Ստացվում է` այս մարդիկ մինչեւ հիմա չեն էլ հասկացել, թե ինչու են պահանջում Սերժիկ Սարգսյանի հրաժարականը: Չեն հասկացել, որ այս մարդը, մեծագույն ցանկության դեպքում անգամ, ի վիճակի չէ հակադրվելու իր տերերին, որոնցից գլխավորը հենց այս նույն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է: Չեն հասկացել, որ Հայաստանի անկախությունը մաս-մաս վաճառած ու վաճառող այս պարոնը եղել եւ մնում է այն նույն կեւորկովյան շկոլայի կոմսոմոլը, որ է՛ր` սովետի տարիներին, եւ Ռուսաստանի ցանկացած նախագահի ներկայությամբ ` Պուտին լինի, թե Սուտին, ինքը մոռացել ու մոռանալու է, թե նախապես ինչ հոխորտալի տեքստ է բերանացի սովորել, եւ թութակի պես  կրկնել ու կրկնելու է այն ամենը` ինչ իր ականջին «կշշնջա» շեֆը: Որովհետեւ ինքը հավերժ կոմսոմոլ է, իսկ հավերժ կոմսոմոլների շեֆը միշտ նստած է եղել մոսկովյան Կրեմլում ու նստած է լինելու մոսկովյան Կրեմլում, որքան էլ որ այդ նույն Կրեմլից հեռու` պարոն Սերժիկ Սարգսյանն ու իր կոմսոմոլ շրջապատը եվրոպաների մասին «առաջադեմ» ճառեր ասեն:

Ավելին, վաղն էլ եվրոպացիները բերման կենթարկեն Սերժիկ Սարգսյանին, ու այս պարոնը նրանց էլ կխոստանա` ինչ թելադրեն, հետո նորից Պուտինը կկանչի, ու նորից կոմսոմոլի ծնկները կծալվեն, հետո նորից եվրոպացիները, հետո նորից Պուտինը, հետո նորից… Եվ այսպես շարունակ՝ այնքան ժամանակ, քանի դեռ ե՛ւ Եվրոպային, ե՛ւ Ռուսաստանին ձեռնտու է, որ ահա այսպիսի՝ ծնկներից թույլ կոմսոմոլ լինի Հայաստանի ղեկավարը: Որովհետեւ ո՞ր մի օտարը կհրաժարվի նման նմուշից, եթե այդ նմուշը  պատրաստ է հնազանդվել այդ օտարի քմահաճույքներին` չխորշելով զոհաբերել ամեն ինչ` մարդկային կյանքից մինչեւ երկրի ինքնիշխանություն, քանի որ այդ ամենի ու ամենքի կորուստն օգնում են, որ ինքը շարունակի զավթած պահել այն աթոռը, որը բավարարում է իր եւ իր մանկուրտ շրջապատի որովայնաքարշ ցանկությունները:

…Իսկ Հայաստանը երեկվանից արդեն երկու քաղբանտարկյալ ունի, եւ այդ նույն առաջադեմ ու ժողովրդավար Եվրոպային նույնքան կանհանգստացնի երկրորդ քաղբանտարկյալի գոյությունը, որքան երկու տարի շարունակ «անհանգստացնում է» մինչ այդ միակ քաղբանտարկյալի` Տիգրան Առաքելյանի ազատազրկումը: Եվ քաղբանտարկյալները դեռ կավելանան ու կավելանան, որովհետեւ «տուժող» համազգեստավոր հանցագործներ` որքան ուզեք (շնից շատ), իսկ լֆիկսամոների, նեմեցների ու Սերժիկ Սարգսյանի շպրտած լափին սպասողների հերթն էլ, պակասելու փոխարեն, ավելանում է:

Այնպես որ` բոլորս դեպի Եվրոպա: Չէ՛, Ռուսաստան: Չէ՛, Եվրոպա: Թե՞ Ռուսաստան: Թե՞ Եվրոպա:

Իսկ գուցե` բոլորս դեպի Հայաստա՞ն, ինչը, նախեւառաջ, նշանակում է` օտարի խամաճիկ Սերժիկ Սարգսյանին արտաքսել Եվրոպա: Չէ՛, Ռուսաստան: Չէ՛, Եվրոպա: Թե՞ Ռուսաստան: Թե՞ Եվրոպա…

Նախորդ հոդվածը‘Զեպպ Բլատեր. Չեմ կարծում, որ Բեյլի տրանսֆերը արժե այդքան’
Հաջորդ հոդվածը‘Վահան Հովհաննիսյանը ստիպված է լինելու Էդուարդ Նալբանդյանին «շեֆ» անվանել. Մամուլ’