‘Խմբագրական. «Գաղափարական ընդդիմության» բլեֆը’

2715

Պարզից էլ պարզ եւ կանխատեսելի է իշխանական ծրագիրը ներքաղաքական այս փուլում՝ հասնել վերահսկելի ընդդիմադիր դաշտի ձեւավորմանը: Սա նոր ծրագիր չէ, եւ առաջին անգամ չէ, որ նման փորձ է արվում: Այդ ծրագիրը նաեւ բնական է, որովհետեւ իշխանությունն էլ, մի կողմից՝ հասկանում է, որ հասարակության մեջ դժգոհների թիվը միշտ էլ պատկառելի է (Հայաստանի պես երկրներում, ուր իշխանությունը չի փոխվում տարիներով, եթե ոչ՝ տասնամյակներով, առավել եւս՝ այդ թիվը մեծ է), եւ հնարավոր չէ այդ դժգոհությունը վերացնել, մյուս կողմից էլ՝ իշխանությունն, իհարկե, կուզենա՝ ինքն անուղղակիորեն վերահսկի, կառավարի, ուղղորդի նաեւ հասարակության դժգոհ հատվածի տրամադրությունները:

Վերահսկելի ընդդիմություն ստեղծելու նախագիծն առաջին անգամ հստակ ուրվագծվեց 2012-13 թթ., երբ, այսպես կոչված՝ «միշիկական» մամուլի ֆլագմաններում փորձ արվեց ձեւակերպել դրա գաղափարախոսությունը: Տարբեր պատճառներով այն ժամանակ չհաջողվեց կյանքի կոչել այս ծրագիրը, եւ այն առժամանակ սառեցվեց: Այժմ դա նորից վերաակտիվանում է: Քանի որ թեման շատ տարողունակ է, ապա այն կփերձեմ բացել ոչ թե միանգամից, այլ, այսպես ասած՝ փուլ առ փուլ տարբերակով:

Ո՞րն է վերահսկելի ընդդիմության առաջնային չափանիշը, եթե նայենք խնդրին իշխանություն ունեցողի տեսակետից: Թիվ մեկ եւ գրեթե միակ չափանիշն անվտանգ լինելն է: Այսինքն՝ իշխանությանը պետք է այնպիսի ընդդիմություն, որը որեւէ իրական վտանգ չներկայացնի իշխանությանը ո՛չ այս պահին, ո՛չ էլ տեսանելի ապագայում, այլ կերպ ասած՝ իշխանության հասնելու կամ էլ իշխանության էական որոշումների վրա ազդելու նույնիսկ տեսական, մեկ տոկոսանոց հնարավորություն չունենա: Մնացածը տեխնիկայի եւ ճաշակի հարց է, երկրորդական մանրամասներ՝ ի՛նչ ուժգնությամբ կհայհոյի կամ չի հայհոյի իշխող խմբին (քֆուրից դեռ ոչ ոք չի մահացել), իրեն որքանո՛վ համեմատաբար անկախ կպահի, ի՛նչ կապրիզներ կանի, ի՛նչ պահանջներ կունենա (ասենք՝ ճաշիկի հետ նաեւ կոմպոտ կպահանջի, թե չէ) եւ այլն: Իհարկե, երկրորդական այս մանրամասների մեջ էլ կան իշխանության տեսակետից ցանկալի եւ ոչ ցանկալի կետեր: Չզարմանաք, բայց իշխանության տեսակետից լավ կլիներ, որ վերահսկելի ընդդիմությունը լիներ «գաղափարական», «սկզբունքային» եւ «արժեքային»: Բնականաբար՝ այս բառերի ոչ թե ուղիղ իմաստը պետք է վերցնենք, այլ «թարգմանաբար»՝ իշխանության կեղծ լեզվից:

Վերահսկելի ընդդիմություն նախագծի ներկայիս փուլի համառոտ ժամանակագրությունը հետեւյալն է: Սկիզբը դրվեց Շարմազանովի եւ Աշոտյանի կողմից, որոնք խոսեցին այն մասին, թե «քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները», ապա էստաֆետը վերցրին իշխանության երիտթեւի իդեոլոգիական ֆլագման-ԶԼՄ-ները, որտեղ զարկ տրվեց «գաղափարական ընդդիմության» անհրաժեշտության մասին հրապարակումների շարքին: Շեշտեմ, որ խոսքը ոչ թե մեկ կամ երկու հոդվածի, որը նույնիսկ ինչ-որ տեղ բնական կարող էինք համարել ներկա իրավիճակում, այլ, դատելով հրապարակումների քանակից եւ սիստեմատիկ բնույթից, հենց համակարգված տեղեկատվական գործողության մասին է: Հաջորդիվ արդեն միացան ԱԺ անկախ եւ ընդդիմադիր համարվող պատգամավորները, ապա եւ «անկախ» փորձագետները: Հարկ եղած դեպքում այս ժամանակագրությունը մի օր ավելի մանրամասն կներկայացնեմ եւ կվերլուծեմ, հիմա անցնենք բուն բովանդակությանը:

Ինչպես նշեցի, իշխանական խոսքը պետք է ոչ թե բառացի ընկալել, այլ նախ «թարգմանել», որովհետեւ բռնապետության լեզուն կեղծիք է: Որո՞նք են, ուրեմն, վերահսկելի ընդդիմության նախագծի գաղափարախոսության հիմնարար տարրերը: Դրանք մասամբ նշեցի վերը, այժմ ամբողջացնեմ: «Նոր» ընդդիմությունը պետք է լինի՝ ա. «գաղափարական», բ. «արժեքային», գ. «սկզբունքային», դ. «ինստիտուցիոնալ», ե. «լիդերների ժամանակն անցել է», զ. «միտինգների ժամանակն անցել է»: Ո՞րն է այս ամենի իրական իմաստը, եւ ո՞րն է այստեղ կեղծիքը:

Դա հասկանալու համար պետք է, նախ՝ համառոտ վերհիշենք մի քանի տարրական քաղաքական ճշմարտություն: Յուրաքանչյուր քաղաքական համակարգ ունի իր տրամաբանությունը, եւ յուրաքանչյուր քաղաքական տարր իմաստ ունի միայն համապատասխան համակարգում եւ միջավայրում: Իհարկե, ոչ միայն քաղաքականության մեջ է այդպես, այլև մարդկային գործունեության ցանկացած ոլորտում: Օրինակ, խաղողը շատ լավ միրգ է, բայց Արագածի գագաթին այն աճեցնել հնարավոր չէ (ջերմոցային պայմանները բացառենք): Կամ, ասենք, ֆուտբոլում ձեռքով գնդակին դիպչելը կոպիտ խախտում է, իսկ ռեգբիում գնդակը ձեռքին առաջ վազելը՝ խաղի հիմնարար տարր: Արագածի գագաթին խաղող աճեցնելու կամ էլ ֆուտբոլի կանոններով ռեգբի խաղալու փորձերին համարժեք են զուտ «գաղափարական» ընդդիմության նախագծերը բռնապետական երկրում: Պատճառը պարզ է՝ գաղափարականն ինքնին ենթադրում է ոչ բռնապետական համակարգ, իսկ գաղափարական ընդդիմությունը՝ գաղափարական իսկ իշխանություն, այսինքն՝ համապատասխան միջավայր եւ կանոններ, որոնցից դուրս «գաղափարական» միրգը չի կարող հասունանալ:

Եթե խորացնենք սպորտային համեմատությունը, ապա բռնապետությունն այնպիսի քաղաքական համակարգ է, ուր, չնայած առաջնությանը, կարող է մասնակցել, ասենք, 20 ակումբ, բայց նախապես որոշված է, որ հաղթում է միշտ միեւնույն թիմը, որի կողմից են «խաղում» բոլոր մրցավարները եւ ֆուտբոլի ֆեդերացիան: Այդ միակ թիմը սովորական կանոններից դուրս է, կարող է թույլ տալ իրեն ցանկացած խախտում: Նման առաջնությունում զուտ «գաղափարական» ընդդիմություն են այն թիմերը, որոնք իրենց շլանգի տեղ դնելով՝ կատարելագործում են իրենց խաղի տակտիկան՝ լավ խաղացողներ գնել եւ այլն՝ առանց հաշվի առնելու, որ քանի դեռ առաջնության խարդախության հարցը լուծված չէ, նույնիսկ լավագույն տակտիկան եւ ամենաթանկ խաղացողները չեն օգնի հաղթող դառնալ: Նման առաջնություններում միակ ելքն այն է, որ բոլոր այն թիմերը, որոնք նպատակ ունեն ոչ միայն մասնակցել, այլեւ իրապես հաղթել առաջնությունում, սկզբում միավորվեն եւ հասնեն նրան, որ ֆեդերացիայի դիրքորոշումը փոխվի, եւ ազնիվ առաջնություն անցակցվի, իսկ հետո նոր միմյանց հետ մրցեն տակտիկայի եւ մնացածի ասպարեզում:

Իհարկե, բնական է, որ նման առաջնություններում ժամանակի ընթացքում կգոյանան նաեւ թիմեր, որոնք կհամակերպվեն ստեղծված իրավիճակին եւ, ցանկացած իսկական թիմին բնորոշ՝ մի օր չեմպիոն դառնալու կամ գոնե ազնվորեն մրցելու նպատակը կփոխարինեն այլ՝ կոնյուկտուրային նպատակներով: Հենց սա էլ պետք է տվյալ առաջնության կազմակեպիչներին, որպեսզի հա՛մ առաջնության իմիտացիան պահպանվի, հա՛մ էլ իրենց նախընտրած միակ թիմը միշտ հաղթի: Համառոտ եւ պատկերավոր՝ սա՛ է գաղափարական ընդդիմության ծրագրի էությունը բռնապետական կամ դաղալ առաջնությամբ երկրում:

Իհարկե, սա չի նշանակում, որ բռնապետական երկրում ընդդիմադիր ուժերը պետք է զուրկ լինեն որեւէ գաղափարից: Բնականաբար, դա անհեթեթ ծայրահեղություն կլիներ: Բայց պետք է հաշվի առնել, որ, նախ՝ լիարժեք գաղափարականի կայացումը նման համակարգում անհնարին է, եւ երկրորդ ու առավել կարեւոր՝ բոլոր թիմերը կամ ուժերը պետք է նախ միավորվեն՝ մեկ թիմի գերիշխանությունը տապալելու, իսկ հետո միայն՝ իրար միջեւ գաղափարապես մրցելու համար: Սա երկու գումարած երկուսի պես պարզ ճշմարտություն է: Եթե օրինակներից վերադառնանք բուն քաղաքականությանը, ապա պետք է հաշվի առնենք հետեւյալ պատմական օրինաչափությունները: Որեւէ բռնապետություն միշտ ավելի ուժեղ է, քան հասարակությունը, եւ դրան հաղթելը, բնականաբար, շատ բարդ է, հաճախ՝ տարիներով եւ տասնամյակներով անհնարին: Իսկ հնարավոր է դառնում միայն հետեւյալ պայմանների իրագործման դեպքում՝

1. Հասարակության կազմակերպում: Չկազմակերպված հասարակությունը, որքան էլ ծանր լինի նրա վիճակը, եւ որքան էլ մեծամասնությունը դժգոհ լինի՝ շանս չունի փոքրամասնություն կազմող, բայց ռեսուրսները կենտրոնացրած իշխող խմբի դեմ: 2. Զանգվածային հրապարակային քաղաքականություն: Զանգվածները ռեալ, թեեւ ոչ բավարար ուժ են բռնապետությունների դեմ: 3. Եթե լիդերներ բառը դուրներդ չի գալիս, ապա ասենք ուժեղ կամ հեղինակավոր անհատներ, որոնք ի զորու են լայն համախմբումներ ապահովել եւ դիմակայել բռնապետությանը՝ շնորհիվ իրենց հեղինակության ու համեմատաբար անկախության: 4. Բոլոր շահագրգիռ ուժերի եւ շերետրի լայն համախմբում: 5. Իշխանության կամքի թուլացում, ավելի լավ է՝ ներքին պառակտում:

Ցանկացած բռնապետական երկրի ընդդիմություն պետք է բավարարի այս պայմանների գոնե մեծ մասին եւ ներկայացնի այս կետերին հասնելու իր համոզիչ պլանը: Մնացածը դեմագոգիա եւ պոպուլիզմ է: Օրինակ, դեմագոգիա է, երբ ասում են՝ մինչեւ հիմա Հայաստանում ընդդիմության եղած անհաջողությունների պատճառն այն է, որ ընդդիմությունը միավորվել է՝ չնայելով գաղափարական տարաձայնություններին, եւ պահանջել է իշխանափոխություն: Ճիշտ հակառակն է ամեն բան: Անհաջողության պատճառը միայն այն է եղել միշտ, որ ընդդիմությանը չի հաջողվել երբեւէ հասնել անհրաժեշտ համախմբվածությանը եւ մոբիլիզացիային: Ավելին՝ իշխանափոխությունը բռնապետական համակարգի պայմաններում մնում է միակ բանական եւ ոչ իմիտացիոն քաղաքական նպատակը ընդդիմության համար՝ անկախ նրանից, որ դա դժվար հասանելի նպատակ է: Եթե հրաժարավում ենք դրանից՝ որպես ռազմավարական նպատակ, ապա ավելի ազնիվ է ընդհանրապես հրաժարվել բուն քաղաքական պայքարից եւ ընտրել դիմադրության այլ ձեւաչափեր, օրինակ՝ այլախոհականը:

Սա բռնապետական համակարգի եւ նրա քաղաքական կանոնների ընդհանուր պատկերն էր: Պետք է միշտ սթափ գիտակցել, որ հնարավոր չէ այդ համակարգի մեջ կիրառել դասագրքերից բառացի փոխառված եւ արեւմտյան երկրների քաղաքական համակարգերին բնորոշ, այդ համակարգերում գործող կանոնները՝ առանց ամենապարզունակ պատրանքների մեջ ընկնելու եւ, ավելին՝ բռնապետությունը լեգիտիմացնելու վտանգի: Այսքանը՝ որպես թեմայի ընդհանուր ուրվագիծ, իսկ մանրամասները՝ հաջորդ «փուլերում»:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘2014-2015թթ. ՀՀ-ն Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է ապաստանի 74 դիմում’