‘Խմբագրական. Եթե Ղարաբաղը բանակցային կողմ լիներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ ‘

1777

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, մի կողմից՝ մարդկային շատ մեծ ողբերգություն է: Առաջին հերթին՝ այն երեք ընտանիքների համար, որոնց հարազատները եղել են կործանված ուղղաթիռում: Ճիշտ է, այս պահին հաղորդվում է մեկ զոհի մասին, իսկ երկու անձանց ճակատագրի մասին դեռ տեղեկություն չկա, բայցեւայնպես, սարսափելի է պատկերացնել նրանց հարազատների ցավը:

Միջադեպը ողբերգություն է նաեւ հազարավոր հայերի համար, ովքեր թեեւ անձամբ ծանոթ չէին ուղղաթիռում եղած անձանցից եւ ոչ մեկին, բայցեւայնպես, ցավում են նրանց ճակատագրի համար:

Բայց կատարվածը սարսափելի է ոչ միայն մարդկային տեսանկյունից, այլեւ քաղաքական առումով: Կատարվածը քաղաքական ապտակ էր, քաղաքական անգործության, անունակության հետեւանք:

Ընդ որում՝ երեկվանից հարցը քննարկվում է բոլոր հնարավոր ասպեկտներով, բացի հիմնականից. արդյո՞ք այլ իրավիճակում Ադրբեջանը կգնար նման լկտիության, թե՞ ոչ:

Համացանցը երեկվանից լցված է այսպիսի մեկնաբանություններով՝ «լկտի Ադրբեջանը նորից սադրում է»,  «բա ո՞ւր է միջազգային հանրությունը, ինչո՞ւ չեն դատապարտում Ադրբեջանին, ինչո՞ւ են երկու կողմերին հավասարապես հանդարտության կոչեր անում», «տեսա՞ք, դրանք էդ տականքներին շքանշան տվեցին միանգամից, ոնց որ Սաֆարովին»:

Ինչպես տեսնում ենք՝ համացանցը հեղեղված է պարզ մարդկային, զգայական հարցադրումներով, սակայն, եթե անգամ այդ զգայական հարցադրումները բացենք, նույնիսկ այդ դեպքում, ուզած-չուզած՝ կգնանք դեպի քաղաքականը, եւ պատասխանները կգտնենք հենց այնտեղ:

Ասում են՝«լկտի Ադրբեջանը նորից սադրում է»: Այո, Ադրբեջանը նորից սադրում է, սադրել է ու կսադրի այնքան, որքան որ հնարավորություն կունենա: Բայց համաձայնեք, դժվար է դիմել սադրանքի, եթե չունես համապատասխան նախապայմաններ: Պաշտպանության, ռազմական ոլորտը քաղաքական ոլորտի բաղադրիչ է, ուզես թե չուզես՝ չես կարող դրանք տարանջատել: Ռազմական ճանապարհով ինչ-որ հարցեր լուծելու համար, ուզած-չուզած, նաեւ քաղաքական ֆոնը պետք է հաշվի առնես: Այսպես կոչված՝ քաղաքական պատեհությունը: Ասել է թե՝ Ադրբեջանը նախ ապահովում է այս քաղաքական ֆոնը, հետո անցնում գործողությունների: Հակառակ դեպքում հո ինքնասպա՞ն չէ, որ դիմի այնպիսի քայլերի, որի արդյունքում ինքը հստակ կիմանա, որ առնվազն լուրջ պատժամիջոցների կենթարկվի: Խնդրի շարունակությունը թաքնված է հաջորդ կետում:

Ասում են՝ «բա ո՞ւր է միջազգային հանրությունը, ինչո՞ւ չեն դատապարտում Ադրբեջանին, ինչո՞ւ են կողմերին հավասարապես հանդարտության կոչեր անում»: Այո, միջադեպից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության ոգին իրապես զայրացրեց շատ հայերի, որովհետեւ դա «ազգային արժանապատվությանն» ուղղված հերթական հարվածն էր: «Ուղղաթիռը խփել են ադրբեջանցիները, իսկ նրանք բոլոր կողմերին են կոչ անում հանդարտ մնալ»,- ասում են նրանք: Իսկ ի՞նչ էինք սպասում: Այսպես արտահայտվողները, իհարկե, արդարություն էին սպասում, մարդկային «արդարություն»՝ համանախագահները պիտի «հայտարարությամբ քառատեին» Ադրբեջանին, հիշեցնեին նրանց իրենց անցյալն ու զգուշացնեին, որ եթե խելոք չմնան, ապա Բաքուն ձեռքներից կվերցնեն ու կտան հայերին, հա, ու մեկ էլ՝ Լեյլա Յունուսի ու մյուս քաղբանտարկյալների մասին էլ պիտի հիշեցնեին, ու նաեւ գովեին մեզ՝ հայերիս, հրադարարի պահպանման ռեժիմին հավատարիմ մնալու համար, շոյեին մեր ազգի հավաքական գլուխը, գուցե նաեւ սպասում էին, որ համանախագահները գիշերը պիտի ժամանեին դեպքի վայր, իսկ հաջորդ օրը միջազգային մամուլը հեղեղված պիտի լիներ հակաադրբեջանական նյութերով:

Բայց արդյո՞ք այս ակնկալիքները քաղաքական են կամ տեղ ունեն քաղաքականության մեջ, առավելեւս՝ նման գերքաղաքական խնդրի պարագայում, ինչպիսին չկարգավորված հակամարտությունն է: Ո՛չ: Միջազգային հանրությունը չէր կարող ու չէր ստանձնի կողմերից մեկի հրապարակային պաշտպանությունը կամ դատափետումը. նախ՝ որովհետեւ Տիզբոնից եկած «ողորմած» արդարադատության ժամանակները վաղուց անցել են, եւ ապա՝ որովհետեւ նրանք միջնորդ են, ոչ թե շահագրգիռ կողմ: Բայց դա չի նշանակում, որ միջազգային հանրության արձագանքը չէր կարող այլ լինել: Հայերի ակնկալած «ծայրահեղ հայամետ» արձագանքը բացառված էր, իհարկե, բայց  այն ավելի հստակ կարող էր լինել: Բայց դրա համար համապատասխան քաղաքական նախապայմաններ պիտի լինեին, որոնք չկան: Ավելի ճիշտ՝ որոնք մենք կորցրել ենք:

Համանախագահների հայտարարության ոգին (ինչու չէ՝ նաեւ գործողությունները) այլ կլիներ, եթե Ղարաբաղն այսօր բանակցային կողմ լիներ: Մի բան է, որ միջազդեպը տեղի է ունենում բանակցային օբյեկտի, եւ այլ բան՝ սուբյեկտի հետ:  Մի դեպքում,  եթե երկու կողմ կռիվ են տալիս մի տարածքի համար, երկուսին էլ հավասար մեղավոր կհանեն, իսկ եթե բանակցային կողմ է նաեւ Ղարաբաղը, ապա ուզած-չուզած՝ առնվազն միջազգային հետաքննություն անցկացնելու եւ մեղավորներին գտնելու կոչեր կհնչեին: Առավելեւս, որ այդ դեպքում Ադրբեջանի՝ «մեր օդային տարածքում հայկական ուղղաթիռ ենք խփել, որի իրավունքն ունենք» ծամծմվող փաստարկը հօդս կցնդեր:

Միջազգային արձագանքը այլ կլիներ, եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունը գտնվեր իր բարձունքի վրա: Ընդ որում՝ արտաքին քաղաքականությունը սպասարկելու համար նախատեսված կառույցը՝ ԱԳՆ-ն, պիտի ոչ թե թղթե շերեփը ձեռքին պոստֆակտում մարդկային արդարություն մուրա միջազգային խաղացողներից, այլ կատարի իր բուն պարտականությունները՝ ամենօրա ռեժիմով փորձի. ա՝ դիվանագիտական խողովակներով ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ հնարավոր բոլոր վտանգները, բ՝ ՍՏԵՂԾԵԼ բարենպաստ քաղաքական ֆոն ապագա քաղաքական քայլերի ու որոշումների համար, գ՝ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ հնարավորինս շատ  վստահելի գործընկերներ ու դաշնակիցներ՝ նույնիսկ/հատկապես հաշվի առնելով այն, որ քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ:

Իսկ եթե երկրիդ քաղաքական իշխանությունը արտաքին քաղաքակությունը ծառայեցնում է բացառապես սեփական իշխանության ապահովման նպատակին, երկրի համար վտանգավոր պահին միջազգային հանրությունից «աջակցություն» ակնկալելն առնվազն մանկամտություն է: Եւ, բացի այդ, ինչպես ասում են՝ ոնց բարեւ տաս, նույնպիսի պատասխանի էլ կարժանանաս: Եթե երկրիդ իշխանությունը պատրաստ է երկրի ազգային անվտանգությանն առնչվող հարցերը (մեր դեպքում՝ ԼՂ հիմնախնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունները) սակարկության թեմա դարձնել՝ իր իշխանությունը պահպանելու համար, ապա այսպիսի դեպքերում միջազգային կառույցների արձագանքը լինելու է այդ նույն ոճի մեջ: Կոպիտ ասած՝ վտանգի դեպքում քեզ հետ խաղալու են այն նույն խաղի կանոններով, որով դու իրենց հետ խաղում ես, կամ խաղացել ես մինչեւ վտանգը՝ միամտորեն հուսալով, թե այնքան «շուստրի» կլինես, որ հա՛մ խոստումներ կշռայլես, հա՛մ էլ դրանք կկարողանաս չիրականացնել:

Եւ ուրեմն, միջազգային հանրության արձագանքը ուղիղ համեմատական է այս պահին հայկական միակ բանակցող կողմի՝ Հայաստանի իշխանությունների վարքին: ՀՀ իշխանությունները սակարկել են՝ իրենք էլ են սակարկելու՝ ամեն այսպիսի միջադեպ դարձնելով որպես պատեհ առիթ՝ իրենց համար ձեռնտու տարբերակով լուծում առաջարկելու համար:

Եւ վերջապես՝ ինչո՞ւ ուղղաթիռը կործանողներին անմիջապես հերոսացրին, այնպես՝ ինչպես Սաֆարովին: Այն, որ Ադրբեջանում նրանց կհերոսացնեին, գաղտնիք չէ: Գիտենք այդ երկրի իշխանությունների բնույթը: Ճիշտ այնպես, ինչպես  Սաֆարովի դեպքում եղավ: Բայց հենց դրա համար էլ պետք էր այնպես աշխատել, որ Ադրբեջանը հնարավորություն չունենար ապահովել Սաֆարովի արտահանձնումը: Սա քաղաքականություն է, որտեղ առաջնորդվում են ոչ թե չարի ու բարու, այլ քաղաքական շահերի տեսակետից: Եթե մեր երկրի քաղաքական կամ պետական շահը պահանջի, որ մենք եւս, շատերի պատկերացմամբ՝ «բարի» չլինենք, ուրեմն՝ պիտի չլինենք, որովհետեւ քաղաքականության մեջ «բարու» եւ «չարի» մասին պատկերացումները ընդամենը քողածածկույթ են, երբեմն՝ քաղաքական «չար» մտադրությունները իրականացնելու ֆասադ: Շատ ենք տեսել, որ ուժով ժողովրդավարություն տարածելու քողի տակ ամենեւին էլ «բարի» մտադրություններ չեն եղել:

Ու ընդհանրապես, եթե քաղաքականության մեջ առաջնորդվեին բացառապես չարի ու բարու սկզբունքով, ապա վաղուց պիտի փակված լինեին ոչ միայն բոլոր քաղաքական միջազգային կառույցները, այլեւ պետություններ էլ՝ որպես այդպիսին, էլ չէին լինի: Երկրի վրա կլիներ միայն երկնային արքայություն, որտեղ առյուծները իրենց կեր չէին դարձնի նապաստակներին, իսկ գառների հոտը կարածեր գայլերի ոհմակների հետ: Բայց դա արդեն այլ պատմություն է:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ն դիմել է Կարմիր Խաչին եւ կանի ամեն ինչ զոհված օդաչուների դիերը հայրենիք վերադարձնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության որոշմամբ՝ նոյեմբերի 17-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի’