‘Խմբագրական. Եվ լա՛վ է, որ մենք Ուկրաինա չենք’

2013

Միշտ չէ՛, որ նրանք, ովքեր համառում են իրենց խելագարության մեջ, մի գեղեցիկ օր իմաստուն են դառնում:

Ալ Պաչինո

Ուկրաինական Մայդանի հաղթանակը նոր քննարկումների ալիք է բարձրացրել հայաստանյան մտածող հանրության ներսում, և սոցիալական ցանցերն, իհարկե, այդ ալիքը որոշարկելու լավագույն գործիքն են հանդիսանում:

Տարօրինակ կերպով, սակայն, մտածողների մեծ մասի «մտքի հոսքը», թող ներվի ասել, բավական դեստրուկտիվ է դառնում հատկապես այն դեպքում, երբ հընթացս նաև զուգահեռներ են տարվում Ուկրաինայի և Հայաստանի միջև: Ընդ որում՝ «մենք ազգ չենք, մենք չենք կարող Մայդան ունենալ, չե՛նք կարող ուկրաինացի լինել» եզրահանգումներով:

Եւ ոչ ոք, հիշյալ մտածողության տեր ո՛չ մեկն իրեն հաշիվ չի տալիս՝ պատասխանել նաև այն հարցին, թե իսկ գուցե իրականում այնքա՞ն էլ «վատ բան չէ» հատկապես հայ լինելը…

Տեսեք. ի տարբերություն մեզ՝ Ուկրաինան հիմնականում ռեգիոնների երկիր է: Եվ հենց ռեգիոնալ տարբերությունները, տնտեսական, մշակութային առանձնահատկություններն ու մանավանդ՝ ինքնության հետ կապված հարցերն են, որ դժվարացնում են ոչ միայն «ուկրաինացի լինելը»,  այլև պետության, այսպես կոչված, ունիտարության պահպանումը:

Սա Ուկրաինայի դժբախտությունն է, իհարկե, երբ, օրինակ, երկրի արևմտյան մասում հարգի բանդերցիների դեմ արևելյան Օդեսայում ոտքի են կանգնում ձախերը, հակաֆաշիստները, սպորտսմենները և նույնիսկ սովորական մարդիկ, ովքեր կարծում են, թե հիմնականում արդյունաբերացված իրենց ռեգիոնն է դոնոր հանդիսանում «ձրիակեր և արևմտամետ նացիոնալիստների» համար:

Ես, իհարկե, չգիտեմ՝ իրականում ինչով կավարտվի Մայդանը, որովհետև ինչպես հասկանում եմ՝ ամեն բան դեռ նոր-նոր է սկսվում, բայց ցավալի է, որ նույնիսկ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն են հիմա խոստովանում, որ աջակցելով Մայդանին՝ միշտ էլ ներքուստ համոզված են եղել, որ ինչ-որ իքս պահի՝ երկրի մասնատումը կարող էր լիովին հնարավոր տարբերակ լինել:

Ավելին, երբ Der Spiegel գերմանական թերթի լրագրողն այդ երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին հարցնում է, թե Եվրամիությունում կասկած չունե՞ն, որ հատկապես այսօրինակ առանձնահատկություններով երկրին աշխարհաքաղաքական կոշտ ընտրության առջև դրեցին՝ որոշակիորեն պատասխանատվություն կրելով նաև այնտեղ թափված արյան համար, վերջինս այնպիսի ցինիկ պատասխան է տալիս հարցին, որը ձևակերպելու համար պարզապես պետք էր «հանճարեղ» լինել. «Իսկ պե՞տք է, արդյոք, վշտանալ, օրինակ, գազօջախին թափված կաթի համար: Մենք չպետք է մոռանանք, որ Ուկրաինան ի՛նքն էր, ի վերջո, կամենում Եվրամիության հետ համաձայնագիր կնքել»…

Ուրեմն, եթե այս հայացքով նայենք խնդրին՝ միգուցե լա՞վ է, որ մենք հատկապես ուկրաինացի չենք՝ ռեգիոնների կենտրոնամետ և կենտրոնախույս տրամադրություններով: Գուցե հենց ճակատագրի նվե՞ր է այն, որ մեր ինքնության նույնականացումը բնավ պայմանավորված չէ այս կամ այն ռեգիոնին մեր պատկանելության հիմքով:

Ճիշտ է, 1998-ի պետական հեղաշրջման հետևանքով Քոչարյանի իշխանության գալը մեզանում էլ ղարաբաղցի-հայաստանցի վտանգավոր մտայնությունը կառուցեց, բայց ակնհայտ է, որ սա դեռ չի՛ հասցրել արմատ ձգել մեր ազգային ենթագիտակցության մեջ՝ մեկ, արդեն բոլորն են հասկանում, որ «հայաստանցիները ծախում են Ղարաբաղը» թեզն ընդամենը դավադիրների փոքր խմբակի հնարք էր՝ իշխանությունը ձեռ գցելու համար՝ երկու:

Ասել կուզի՝ չնայած  նաև այն բանին, որ կյանքն ու գլխավոր ռեսուրսները հիմնականում կենտրոնացված են Երևանում, այդուհանդերձ, մենք շարունակում ենք ունիտար երկիր լինել, և համապատասխանաբար՝ ինքնության հարցերը մեզանում չե՛ն կարող նոր տարաձայնությունների և պառակտումների մեկնարկային կետ լինել:

Սա էլ իր հերթին ինչ է նշանակում՝ ակնհայտ է:

Ի տարբերություն Ուկրաինայի՝ մեզ պետք էր ոչ թե այս կամ այն աշխարհաքաղաքական ընտրությունն անել, այլ պարզապես երկրում վերականգնել սահմանադրական կարգը և, որքան էլ տարօրինակ հնչի, վերականգնել սոցիալական կառուցվածքը: Ինչու՞. որովհետև վերջին տարիներին և հատկապես «վերջին բոլշևիկի» կառավարման շրջանում՝ ուղղակի հակադասակարգային պայքար է ծավալվել երկրի ներսում և միտումնավոր կերպով ավերվել է սոցիումի դեմքը:

Հետևանքը՝ այս երկրում այլևս անհնար է դառնալ բանվոր կամ գիտնական: Հնարավոր չէ ներկայանալ որպես միջին խավին պատկանող սովորական քաղաքացի և նույնիսկ ինքդ քեզ երևակայել բուրժուա: Այստեղ դու կամ համակարգի մաս  ես, կամ՝ լյումպեն:

Այսպիսով՝ հրամայականը մե՛կն է. վերականգնել երկրի սահմանադրական կարգը և վերադարձնել կամ գտնել կոնկրետ սոցիալական սանդղակում կանգնած ՀՀ արժանապատիվ քաղաքացուն:

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Լվովում «Բերկուտցիները» ծնկաչոք ներողություն են խնդրել ցուցարարներից (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Խումբը շատ հավասար է, ցանկացած թիմ կարող է հաղթել ցանկացածի’