‘Խմբագրական. Երեխաներին արագիլը չի բերում’

1678

Քաղաքական վակուումն ունի որոշ անսպասելի հատկություններ. օրինակ՝ այն կարող է միս ու արյուն տալ ուրվականներին կամ էլ իրականություն դարձնել վախերն ու մղձավանջային երազները (ընդհանրապես՝ եթե մի բանից շատ ես վախենում, ստեղծում ես ուրվականներ, ապա հաճախ վախդ մարմնավորվում է և իրականանում): Այդուհանդերձ, նույնիսկ այս՝ առաջին հայացքից ոչ բանական թվացող և «մոգական» ոճի երանգավորում ունեցող միտումները, միևնույն է, ենթարկվում են բանական բացատրությունների:

Բավականին ուրախալի է, որ հայ հասարակությունը, այդ թվում՝ դրա մտավորական համարվող հատվածը, հասկացել և ընդունում է, որ երեխաներին արագիլը չի բերում, այլ դրանք հղացվում են բնական ճանապարհով և բնական օրինաչափությունների պատճառով: Սա կարելի է ահագին առաջընթաց համարել: Բայց կա հաջորդ քայլը, որին դեռ չենք հասել. քաղաքական գործընթացնե՛րն էլ արագիլը չի բերում,  դրանք օդի՛ց չեն իջնում, այլ նույնպես ենթական են որոշակի օրինաչափությունների և տրամաբանության, և այս ոլորտում էլ կան «ծնողներ», այսինքն՝ մարդիկ, որոնք պատասխանատու են, և որոնց գործողությունները հանգեցնում են կոնկրետ հետևանքների: Պարզապես՝ տվյալ դեպքում ծնողները շատ են՝ ճիշտ այնքան, որքան քաղաքական դաշտում ներգրավված անձինք և խմբեր կան, իհարկե՝ տարբերակված պատասխանատվության չափով: Մեզանում քաղաքական գործընթացներն ընկալվում են որպես հնդկական կինո՝ բացարձակ բարիի ու բացարձակ չարի պայքար, չհիմնավորված սյուժետային շրջադարձեր, անճաշակ կրքեր, անձնականացում…: Այս ընկալումը բացառում է պատճառահետևանքային կապերի, հետևաբար և՝ պատասխանատվության գիտակցումը:

Մինչդեռ եթե վերացարկվենք բոլոր անուններից (անձերի, ուժերի, խմբերի), ապա այսօր իրավիճակը Հայաստանում պարզ բացատրելի է: Կա՛մ հայաստանյան միջին շերտը կարողանում է ինքնակազմակերպվել, իր ետևից տանել լայն զանգվածների մի մասը և դաշինքներ կնքել վերնախավի մի մասի հետ, կամ էլ վերնախավային փոքր նեղ շերտն ինքն է լուծելու բոլոր հարցերը: Իսկ այդ վերջին դեպքում, անկախ այդ նեղ շերտում եղած ներքին խմբավորումների քանակից, ուժից և որակից, ինչպես նաև՝ դրանցից որևէ մեկի հաջողումից կամ ձախողումից, հասարակության ավելի լայն շերտերը ոչինչ չունեն շահելու: Պետք է հստակ հասկանալ, որ ուժի պակասը, ուժային կշռույթի խախտումը չի կարող երկար տևել, կամ, ինչպես ասում է ռուսական ասացվածքը՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Եթե միջին շերտն ինքնակազմակերպելով, լայն համախմբմամբ և զանգվածների ու երկրի իրական շահերից բխող հստակ օրակարգի ձևակերպմամբ ի զորու չէ ուժային բևեռ ստեղծել, ապա նրա ախ ու վախը՝ ներվերնախավային զարգացումների, դրանցում ուժային բևեռնեի ձևավորման կապակցությամբ՝ ոչ մեկին չեն հետաքրքրի: Լավագույն դեպքում կարող ենք հայտնվել «հնդկական կինո» դիտողի դերում, իսկ վատագույն դեպքում շատերը ստիպված են լինելու ընտրել վախերի մարմնավորում «երկընտրանքների» միջև:

Սա պետք է գիտակցեն նաև նրանք, ովքեր անմտորեն լծվելով «առաջադեմ Սերժ» կամ «ողջախոհ երիտթև»՝ հիմա արդեն ձախողված կամ գոնե ուժեղ պարտություն կրած նախագծին, իսկ այժմ էլ փորձելով իշխանության ներսում այլ «առաջադեմ» և «ողջախոհ» հովանավորներ գտնել, անում էին և անում են ամեն բան, որպեսզի քաղաքական դաշտն ամայանա, որպեսզի ընդդիմադիր ուժային բևեռը օր առաջ կազմաքանդվի, նրանք, ովքեր զբաղված էին և ե՛ն հասարակական գիտակցության գիտակցված մանիպուլյացիայով, ինչպես նաև՝ արհեստական ընդդիմադիր նախագծերի ստեղծման սին ջանքերով ու քաղաքացիական ակտիվությունը քաղաքականին հակադրելու քարոզչությամբ: Ամայացված դաշտում ուրվականները միս ու արյուն են առնում, իսկ ուժային դաշտի պակասը անպայմանորեն լրացվելու է այլ ուժով: Ստացվում է փակ շրջանակ: Ամայացնելով դաշտը՝ ճանապարհ է ազատվում անկանխատեսելի հետևանքներով սցենարների իրականացման համար, իսկ այդ սցենարներն էլ բերում են կեղծ երկընտրանքի, երբ դաշտի ամայացման գլխավոր ճարտարապետները կարող են ասել՝ բա տեսնում եք, ի՞նչ անենք, պետք է ընտրել չարյաց փոքրագույնը:

Մի կողմ թողնելով, սակայն, այս ամենը՝ պետք է շեշտենք, որ ա՛յժմ իսկ մեր հասարակության ակտիվ հատվածը պետք է գիտակցի և հասկանա, որ անլրջության ժամանակն անցնում է: Ճիշտն ասած՝ այն վաղուց անցել է, բայց դեռ այսօր էլ հնարավորությունները վերջնականապես կորսված չեն՝ զուտ վերնախավային լուծումները բացառող քաղաքական իրավիճակի ստեղծման համար: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը տեղյակ չէ, որ գազը թանկացել է’
Հաջորդ հոդվածը‘Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով ‘