‘Խմբագրական. Երկրի միակ հեռանկարը՝ Ազատության հրապարակ’

2981

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ամենօրյա ռեժիմով դինամիկ փոփոխության մեջ է: Սերժ Սարգսյանի վարչախմբի կողմից հետևողականորեն իրականացվող բռնություններն, անկասկած, արագացնում են հասարակության ներսում  հակաիշխանական տրամադրությունների սրումն ու ռեժիմի դեմ կոնսոլիդացիոն գործընթացները: Իշխանություններն, իհարկե, հասկանում են, բայց կարծես թե՝ այլընտրանք չունեն, որովհետև այլ ասելիք ու հասարակության հետ կոնտակտի այլ տարբերակ էլ չունեն: Չկա որևէ արված գործ, նվաճում, որով առիթ կլիներ հասարակության առաջ պարծենալու՝ եղած հարյուրավոր խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար: Նույնիսկ մի չոփ չկա, որ դարձնեն գերան ու փորձեն խոթել հասարակության աչքը:

Իսկ ժողովրդի ու պետության գլխին թափված խնդիրներն ավելանում են ու ահագնանում: Տնտեսությունը մեռնում է աչքի առաջ, ամեն օր տասնյակ բիզնեսներ են փակվում, կամ ժամանակավորապես դադարեցնում իրենց գործունեությունը, քաղաքացիների եկամուտները գնալով նվազում են՝ գնաճի և դրամի առայժմ դանդաղ սողացող արժեզրկման պատճառով: Դժգոհ քաղաքացիներն էլ նախկինը չեն. ավելի համառ են դարձել, պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար նույնիսկ այսպիսի կոշտ միջավայրում: Հակաիշխանական ուժերն էլ՝ Կոնգրեսի ու Բարգավաճի գլխավորությամբ, գնալով ուժեղացնում են ճնշումը Սերժ Սարգսյանի վարչախմբի վրա: Նման պարագայում իշխանությունն այլ տարբերակ չունի, քան ճարահատյալ գնալ հասարակությանն ու քաղաքական ուժերին ահաբեկելու ճանապարհով:

Բայց ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ բռնապետությունների կողմից նման ճարահատյալ քայլերը հենց բռնապետության վախճանի ազդակն են: Ճիշտ է, վարչախումբն առավելություն ունի, քանի դեռ անհատական ընտրությամբ առանձին-առանձին բռնություն է կիրառում իր դեմ պայքարի դուրս եկած ազատամարտիկի, ակտիվիստի, քաղաքական գործչի, ձեռներեցի վրա, սակայն երբ այս խմբերը, կազմակերպություններն ու խավերը ժողովրդական լայն զանգվածների հետ միասին համախմբվեն մեկ տեղում՝ Ազատության հրապարակում, բռնությունը, որպես իշխանության պահպանման վերջին մեթոդ, այլևս անիմաստ է դառնալու:

Սերժ Սարգսյանի վարչախումբը չունի Մարտի 1-ը կրկնելու, նման լայնամասշտաբ բռնությունների գնալու ռեսուրսի կեսն անգամ: Այն կատարելապես արհամարհանքի է մատնված արտաքին աշխարհում և զրկված է իշխանության պահպանման համար բոլոր հնարավոր «դաբրոներից», վայելում է զրոյական հանրային աջակցություն երկրի ներսում և հենվում է պետական ապարատի շատ փոքր մասի (բյուրոկրատական ապարատն էլ է նույնքան զզված ու մտահոգված երկրի աղետալի ու անհեռանկար վիճակից)  ու իշխանական համակարգի մի քանի կառույցների վրա, որոնք էլ իրենց հերթին սպասում են ներքաղաքական պայքարում ձևավորված բալանսի վերջնական ճշգրտմանը:

Այս պարագայում, ստեղծված իրավիճակի հանգուցալուծման գլխավոր դերակատարը դառնում է ընդդիմությունը: Դատելով վերջին շրջանի զարգացումներից՝ հակաիշխանական Եռյակը պատրաստվում է Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ ծավալել Համաժողովրդական շարժման երկրորդ հզոր ալիքը, որը, մեծ հավանականությամբ կարող է դառնալ վերջինը՝ հաշվի առնելով մի կողմից Սերժ Սարգսյանի վարչախմբի ամենօրյա ռեժիմով թուլացումը, մյուս կողմից՝ հակաիշխանական ուժերի գնալով ընդգծվող համատեղ արմատականությունը ինչպես քաղաքական պահանջների, այնպես էլ՝ քաղաքական գործողությունների առումով: Առաջիկա շրջանն իսկապես պատեհ առիթ է «Սերժ Սարգսյանի վարչախումբ» մղձավանջից մեր երկիրն ու ժողովրդին ազատելու համար, այլապես հաշվի առնելով երկրում ճգնաժամի ահագնացման տեմպերը՝ Հայաստանին չի հաջողվելու խուսափել հասարակական ցնցումներից ու կատակլիզմներից՝ ինչպիսի խնդիրներ էլ որ դրա համար ֆորմալ պատճառ հանդիսանան՝ սահմանային լարվածություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ, արդարության բացակայություն և այլն:

Ընդհանրապես, հասարակությունը, մարդը կարող է ապրել դժվարին վիճակներում, աղքատ ու նույնիսկ սոված, բայց հասարակությունն ու մարդիկ չեն կարող ապրել հեռանկարի բացակայության պայմաններում: Չկա հեռանկար, չկա վաղվա օր, չկա գաղափար, չկա նպատակ ու ոգի, չկա «դռայվ»՝ ստեղծագործելու, արարելու, հոգևոր ու նյութական բարիք ստեղծելու համար: Վարչախումբն, ահա, մեր երկիրն ու հասարակությանը պատել են անհեռանկարայնության մի հաստ քողով, որի ի չիք դառնալու միակ գրավականը Սերժ Սարգսյանի իշխանության ի չիք դառնալն է: Ուզո՞ւմ եք հեռանկար, որևէ հեռանկար՝ բարեկեցիկ կյանքի, լավ կրթության, սահմանի ապահովության, մարդկային տարրական երջանկության, սիրելու և ընտանիք կազմելու, սեփական երկրում մնալու ու ձեր սիրած գործով զբաղվելու, դո՛ւրս եկեք փողոց: Այլ տարբերակ չկա՛, այլ տարբերակները սերժսարգսյանածին հնարքներ են՝ անհեռանկարայնության քողն ավելի անթափանց դարձնելու նպատակին ուղղված: 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան կքննի HSBC-ի խարդախությունները’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը Մարտակերտի շրջանում պլանային դիտարկում է անցկացրել’