‘Խմբագրական. Ի՞նչ է այս մարդկանց ուզածը’

2899

Եվ այսպես, հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում Քառյակի հանրահավաքը կայացավ, որից հետո հանրապետական Շարմազանովը «էքսկլյուզիվ» բառակույտ արտաբերեց մի տասնյակ լրատվամիջոցների համար, և այդ «էքսկլյուզիվը» ուղեցույց դարձավ իրենց «ընդդիմադիր» հայտարարող խմբակների համար: Հրահանգը հստակ էր, քաջածանոթ և բազմաչարչար` հարվածել գլխավորապես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հրահանգը մեծ նվիրումով կատարվեց. երկու օր շարունակ «ազատ» լրատվամիջոցները և ֆեյսբուքյան տորքանգեղներն ու անգեղուհիները «գաղջ» մթնոլորտ արտանետեցին մարդկությանը հայտնի և դեռևս անհայտ բոլոր մեղադրանքները, որոնց առյուծի բաժինը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդին էր հասցեագրված:

Ասել` տհաճ չէր, ճիշտ չի լինի, բայց որ նաև տաղտկալի էր` փաստ է. ի վերջո, որքան էլ ցանկանաս բարյացակամ լինել ընդդիմախոսիդ հանդեպ, դժվար է հարյուր և հազար անգամ ասվածը լսել կամ կարդալ` իբր առաջին անգամ լսեցիր ու կարդացիր: Դժվար է նաև համակերպվել այն իրողությանը, թե ինչպես են ժամանակին քիչ թե շատ խելացի մարդու տպավորություն թողածներն աչքիդ առաջ կորցնում բանականության վերջին փշուրները, ինչպես է պացիֆիստի հայտ ներկայացրածը սադիստի վերածվում, ինչպես է ինտելեկտուալի թիկնոցն ուսերին գցածը «պպզողի» հացը կտրում, ինչպես է ճշմարտության մարտիկ ներկայացողը լկտիաբար ստում ու խեղաթյուրում փաստերը, ինչպես է ազգի փրկչի «ծիրանին» ամեն գնով իրենով անելու մարմաջով տառապողը անճոռնի շարժումներ անում` սեփական անսխալականությունն ապացուցելու համար:

Ի՞նչ է այս մարդկանց ուզածը: Ազատության հրապարակի հարթակին կանգնածները չե՞ն համապատասխանում իրենց բարձր ճաշակին: Հնարավոր է: Ուրեմն, ինչո՞ւ իրենք չեն բարձրանում այդ հարթակին: Վստա՞հ չեն, որ հասարակությունը կգնա իրենց լսելու: Թե՞ վտանգավոր է:

Երկուսից ո՛ր մեկն էլ լինի, կարծես այսքանը լիուլի բավական է, որպեսզի այս մարդիկ գիտակցեն, որ գոնե չպետք է խանգարեն նրանց, ովքեր այսօր ի վիճակի են հասարակությանը համախմբելու` Սերժիկ Սարգսյանից և նրա ավազակախմբից Հայաստանն ազատելու նպատակով:

Եթե այս տարրական բանը չեն գիտակցում, այդ դեպքում գուցե նստեն իրենց տներում ու իլի՞կ պտտեն: Եթե գիտակցում են ու շարունակում են ամենանենգ մեթոդներով հարվածել ոչ թե մեր երկիրը հյուծող հանցագործներին, այլ նրանց դեմ պայքարողներին և հատկապես ու մասնավորապես այն մարդուն, ում խոսքին, ի ցավ նրա կատաղի ընդդիմախոսների, Ազատության հրապարակում հավաքվածներն սպասում են անհամբերությամբ և ունկնդրում քար լռությամբ, ինչը նշանակում է` նրանից են սպասում այն խոսքը, որին պետք է հետևեն, ուրեմն` գուցե դադարեցնե՞ն հիստերիկ շարժումները, եթե իրենց ասվում է, որ կամա թե ակամա` դառնում են Սերժիկ Սարգսյանի «հաճախորդները»:

Կասեք` ու՞մ ես ասում… Ասում եմ ու ասելու եմ. ամեն դեպքում` հույսը վերջինն է մեռնում:

Հ.Գ. Ավելորդ շահարկումները հնարավորինս նվազեցնելու համար ընդգծեմ, որ խոսքս ուղղված չէ նրանց, ովքեր քննադատում են այս պահին միա՛կ կարող ուժ Քառյակին` աջակցելու և օգնելու նպատակով: Միա՛կ կարող ուժին` բնականաբար:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Նավթի գները շարունկակում են նվազել’