‘Խմբագրական. Ինձ դուր է գալիս այս «պրոյեկտը», ո՜վ Կարլոս ‘

27285

Իշխանական տեխնոլոգներն ինձ մեկ-մեկ իրոք ուրախացնում են: Պատրաստվում էի հերթական ծանր վերլուծությամբ ձեր հանգիստը խաթարել, մեկ էլ՝ հո՜պ՝ այո ու ոչի կողմնակիցների մասնակցությամբ հեռուստաշոու: Սեղանի շուրջ, դեմ-դիմաց նստած են, ու մի երջանկությո՜ւն, մի հովվերգությո՜ւն, մի ոգեւորությո՜ւն: Դրանից հետո՝ էլ լուրջ տրամադրությո՞ւն կմնա մարդուս մոտ:

Ու դաժան էլ են, ախր: Չնայած, միաժամանակ՝ արդար: «Շովուի» «ոչ»-ի կազմին, որ ուշադիր նայես, կհասկանաս ե՛ւ դաժանության, ե՛ւ, միաժամանակ, արդարության չափը: Իրենք «ընդդիմադիր» եւ «անկախ» ռեսուրսի պակաս չունեն: Բայց այդ ռեսուրսն օգտագործվում է խնայողաբար, մտածված, ըստ անհրաժեշտության, եւ հարկ եղած դեպքում՝ առանձնահատուկ դաժանությամբ: Այդ ռեսուրսի մեջ կան թանկ ապրանքներ՝ դրանք արագ փչացման ենթակա չեն, «պահպանվում են պետության կողմից» հատուկ դեպքերի համար: Կան միջին արժողության ապրանքանիշներ՝ սրանք իրենց ռեգուլյար գործն ունեն՝ յուրաքանչյուրն իրեն հատկացված «ճակատում»: Ու կա, վերջապես, երրորդ խումբը՝ չափից ավելի աչք զարնածների, «կեղտոտ արտադրության» մեջ աշխատածների կամ էլ պարզապես ի սկզբանե մեծ գին չունեցող «ենթասպաների», «սերժանտների», «շարքայինների»: Մի այլ՝ ավելի մարդասիրական իշխանություն սրանց գուցե թոշակի ուղարկեր կամ մի հեռու տեղ պահեր՝ ապահովելով նրանց վաղաժամ կամ հենց տարիքային ծերությունը: Բայց մերոնք հաշվող են, խնայող են՝ լիմոնը պետք է ճզմել մինչեւ վերջին կաթիլը, մինչեւ նույնիսկ կեղեւը, կորիզները՝ քամելով այն ամենը, ինչ հնարավոր է քամել ամեն առանձին վերցված «մրգից»:

Ու թարմ վերքերը դեռ չսպիացած, ոմանք՝ գրեթե հաշմանդամ, նետվում են նոր մարտի դաշտ՝ երիտասարդները, ալեհեր ու հոգիները քաղաքական առեւտուրներում մաշած ծերուկները, նույնսիկ՝ կանայք եւ անչափահաս երեխաները: Օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, նրանք պետք է դեռ մի վերջին «պարԾիական» առաջադրանք կատարեն, արդարացնեն ղեկավարության բարձր վստահությունը, իսկ հարկ եղած դեպքում՝ կյանքն իսկ չխնայեն հանուն «հայրենիքի»: Եվ դեռ պետք է այդ ամենն անեն էնտուզիազմով, ոգեւորությամբ, ժպիտները դեմքին, դուխները բարձր, եւ դեռ պետք է թուքումուր ուտեն ոչ միայն մեզնից, այլեւ թանկ ու միջին «անկախներից», բարձր կարգի դերասաններից՝ բա ո՜նց, ամեն բան պետք է ճշմարտանման լինի: «Այս պրոյեկտը» նրանց շա՜տ է դուր գալիս. «պրոյե՛կտը», Կարլ, Կարլոս, Շարլ…., պրոժե՛ն: «Միշիկը» նստում է «Գրիշիկի» դիմաց, ու երկուսով բացահայտում են իրենց միջեւ եղած տարաձայնությունները, բա «պրոյեկտ ա», բա ի՞նչ է: Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ մոդայիկ էր ասել «այսինչն այնինչի պրոյեկտն ա»: Հիմա սրանք են: Դաժա՛ն, դաժա՛ն, բայց արդա՜ր:

Երեւի տրամադրություններդ գցեցի: Ուրախանում էիք, ծիծաղում, իսկ եղածը ստրկատիրություն է, աշխատավորի իրավունքների կոպիտ ոտնահարում, վայրի կապիտալիստական անխնա շահագործում՝ այլասերության եզրին: Ավելի՛ն ասեմ: Որքան էլ ծիծաղենք, իրականում այնքան էլ վատ չեն մտածել «բեսերը»: Որքան էլ ակնհայտ թվա խաղը, որքան էլ վարկաբեկված թվան մասնակիցները, «պրոյեկտը» որոշակի քարոզչական ազդեցություն ունենալու է՝ «ոչ» դիրքորոշումը ինչ-որ չափով վարկաբեկվելու է, դիրքորոշումների տարբերությունը լղոզվելու է: Մի բան կա հուսադրող, սակայն: Անկախ նրանից, թե «ոչ»-ը որքան կփորձեն վարկաբեկել նման պրոյեկտների միջոցով կամ դրանից դուրս այլազան քաղաքական շառլատանների, կլոունների եւ այլոց միջոցով, միեւնույն է՝ իշխանական անհեթեթ նախաձեռնության նկատմամբ «ոչ»-ն այնքան բնական է, այնքան ժողովրդական է, այնքան անվերապահորեն եւ ինքնին պարզ դիրքորոշում է, որ մարդիկ դա արտահայտելու են՝ անկախ քաղաքական կոչերից իսկ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Կազմի ամրապնդման համար «Լիվերպուլը» Կլոպին 170 մլն եվրո կհատկացնի’