‘Խմբագրական. Ինչպես Սերժ Սարգսյանը երկիրը դարձրեց «պռախադնոյ դվոր» ‘

3094

Հայաստանում դասական անիշխանություն է: Բառի ամենաուղիղ իմաստով: Սա արդեն կազմակերպված եւ ժամացույցի պես աշխատող բռնապետություն էլ չէ: Սա կատարյալ «բարդակ» է: Իշխանությունն իրականում այլեւս չի վերահսկում ոչ մի բան՝ հատկապես արտաքին քաղաքականության եւ տնտեսության մեջ: Իշխանություններն ամենօրյա ռեժիմով այնքան են վիզ դրել՝ ներսում սեփական իշխանությունը եթե ոչ ամրացնելու, ապա գոնե երկարացնելու համար, որ դուրս ու ներս կապը կամ սահմանը դարձել է «պռախադնոյ դվոր», որտեղ ով ասես, ինչ կասես՝ կարող է հանգիստ ներսուդուրս անել՝ ոտի տակ տալով ամբողջ Հայաստանը:

Ավելին, եթե կուզեք՝ այս իշխանությունները, թեկուզ՝ կեղծիքներով, բայց ձեռքում ունենալով Հայաստանի «կնիքը», հատուկ ինդուլգենցիաներ են սահմանել ամբողջ աշխարհի համար՝ լռության դիմաց. այն, ինչ իրենք կանեն այստեղ՝ երկրի ներսում, նույնը բոլոր-բոլորը դրսից կարող են անել Հայաստանի հետ: Իրենք այստեղ ընտրություննե՞ր կկեղծեն, մա՞րդ կսպանեն, մա՞րդ կբանտարկեն քաղաքական դրդապատճառներով, մարդ ծեծե՞լ կտան, երկիրը կթալանե՞ն, երկրի տնտեսությունը կթուլացնե՞ն՝ պաժալըստա, նո փրոբլեմ, եկե՛ք, տեսե՛ք ու լռե՛ք, եւ փոխարենը՝ այդ նույնը դուք էլ կարող եք անել Հայաստանի հետ. տշե՛ք գնդակի պես, փռե՛ք ոտքերի տակ, կախե՛ք պատին, ճնշե՛ք, փորձարկումնե՛ր արեք, փո՛ղ հանեք, թուլացրե՛ք երկրի անվտանգությունը: Մի խոսքով՝ ինչ որ սրտներդ ուզի: 

Ու էլի Հայաստանն ու ՀՀ քաղաքացին պիտի քաղեն այդ ամենի պտուղները: Ու քաղում են՝ ամեն անգամ: Հենց հիմա՛ էլ: Փակվող խանութների դիմաց զարմանքից քարացած, խանութներում այս«բոլ դարում» հաց փնտրելով, ցերեկը լամպով դոլար փնտրելով: Այն էլ՝ Ամանորից առաջ: Բայց ի՞նչ: Ոչինչ: Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչն ասում է՝ ամբողջ աշխարհում էլ խնդիր կա, միայն ձեզ մոտ չէ, բայց ձեր իշխանությունները, հեն է, փորձում են միջոցներ ձեռնարկել: Մարդիկ, հատկապես՝ հատուկենտ մնացած մանր ձեռնարկատերերը, չեն կարողանում նույնիսկ 1000 դոլար գնել, իսկ ԿԲ նախագահն ասուլիս է անում, ասում է՝ չկա նման բան: Հասկանո՞ւմ եք, չկա: Ասաց, ու վերջ: Ու կարեւոր չէ, որ բանկերը դոլար չեն վաճառում, սեւ շուկայում դոլարի գինը թռել է մինչեւ լուսին, բայց հո՞ ԿԲ նախագահն ասաց, որ չկա նման բան, իսկ ԱՄՀ ներկայացուցիչն էլ՝ որ ամեն ինչ OK է:

Մի հայտնի ամերիկյան մուլտֆիլմ կար, որտեղ հավաքի ժամանակ բացահայտված չարագործ կատուն բազմության առաջ գոռում էր՝«դուք հավատում եք ի՞նձ, թե՞ ձեր աչքերին»:

Այսպիսին է այսօր Հայաստանը: Կապ չունի՝ մարդիկ ինչ են տեսնում: Իշխանությունները կանգնում ու հայտարարում են՝ «դուք հավատում եք մե՞զ, թե՞ ձեր աչքերին», որ ասում ենք՝ ամեն ինչ նորմալ է, ուրեմն՝ նորմալ է:

Փող չկա՞, ո՞նց չկա, կա՛, ապրանքները թանկացե՞լ են, ամբողջ աշխարհում է թանկ, մեկ է՝ էլի թա՞նկ է, դուք էլ կարտոլ կերեք, գոտիներդ ձգեք, աթար վառեք, կարեւորը՝ սուս մնացեք, շախմատի ձիու կերպարով շարունակեք երթեւեկել իրենց պատկանող երթուղայիններով, գնեք հացն ու աղը՝ այն գնով, որ ձեզ կհրամցնեն, ու չասեք, թե թանկ է, գնածներդ ի՞նչ է որ, հո կոկորդիլոսի կապչոնկա չի՞, առածներդ մի կես կիլո միս չի՞:

Սա՛ է այսօրվա Հայաստանը: Սա պետք է հիշել, պետք է հիշի յուրաքանչյուրը. քանի դեռ Սերժ Սարգսյանը ձեռքում ունի Հայաստանի «կնիքը», մեզ մոտ լինելու է միայն այսպես՝ վատ կամ ավելի վատ:

Քրիստինե Խանումյան  

Նախորդ հոդվածը‘ Առաքել Սեմիրջյան. Մարդը Կապուցինների բուլվարից’
Հաջորդ հոդվածը‘Վարորդների գործադուլը, Տարոն Մարգարյանի գծերը և Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները’