‘Խմբագրական. Իշխանության հերթական քարոզչական նախագիծը’

6718

Աշնանային քաղաքական ակտիվացման և Քառյակի համատեղ հանրահավաքի վտանգն զգալով՝ Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան, թևերը քշտած՝ փորձում է հակաքայլեր գտնել: Հիմնական նպատակն, իհարկե, մեկն է. հնարավորինս շեղել հասարակության ուշադրությունը սպասվելիք քաղաքական գործընթացների ռեալ բովանդակությունից:

Այս ընթացքում հասարակությունն ականատես կլինի բազմաթիվ իշխանական օպերացիաների: Արդեն պայթած քաղաքական ու քաղաքացիական ականները կշարունակեն գովերգել իշխանություններին ու նույն իշխանությունների ձախողումների համար կմեղադրեն ընդդիմությանը: Դեռ չպայթածները կօգտագործվեն տարբեր ուղղություններով: Մեկը կքննադատի իշխանությանը, բայց նաև կնշի, որ ընդդիմությունն էլ, ախր, մի բան չի, որ Քառյակի պահանջները բոլորն էլ կարող էին գրել, մյուսը կդառնա ՊՆ արտահաստիքային լրագրող, մեկ ուրիշը կասի՝ բայց ա՛յ էս մի հարցի մասին ընդդիմությունը չխոսեց (ջհանդամ, թե ընդդիմության չանեն կախ է ընկել անցած 6 տարիների ընթացքում հազար հարցից տասնյակ հազար անգամ խոսելուց ): Մի ուրիշը կարտագաղթի, որովհետև ընդդիմությունը պայքարում է նաև էնտեղ, որտեղ քաղաքացիականներն են պայքարում: Ու էսպես՝ օրը մի թամաշա:

Բայց այս ամենը միշտ եղել է և արդեն կորցրել է իր ազդեցությունը հասարակության վրա: Սա չի կարող բավարար լինել աշնանային քաղաքական սրացման ժամանակ ինֆորմացիոն և լրատվական նախաձեռնությունը իշխանության օգտին շրջելու համար: Անհրաժեշտ է ինչ-որ այլ բան, ավելի հուզական, ավելի վախեցնող: Հայաստանում նման մեկ բան կա՝ Ղարաբաղի ու պատերազմի հարցը: Վերջին շրջանում իշխանական լրատվամիջոցներում կարմիր թելի պես անցնում է Ղարաբաղի շուրջ ապոկալիպտիկ մթնոլորտի ձևավորումը: Որ վտանգի տակ է ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի գոյությունն ու անվտանգությունը: Իհարկե, հընթացս նշվում է, որ սրա մեղավորը նույնպես ընդդիմությունն է: Ու կամաց-կամաց նախապատրաստվում է այն թեզը, որ Հայաստանի շուրջ ստեղծվել է այսպիսի բարդ, վտանգավոր քաղաքական իրավիճակ, երբ առկա են լրջագույն մարտահրավերներ Ղարաբաղի հարցում, իսկ, այ, ընդդիմությունը փողոցային պայքարով հրահրում է անկայունություն՝ արջի ծառայություն մատուցելով արտաքին մութ ուժերին: Հավանաբար՝ քարոզչամեքենայի կոորդինատորներն ու իրականացնողները առաջնորդվում են «կատարյալ ապուշությունը ավելի համոզիչ է» ցինիկ սկզբունքով: Սերժ Սարգսյանը տանում՝ Հայաստանի ու Ղարաբաղի վարկը, արժանապատվությունը, պատիվն ու պետական շահը դնում է խալխի ոտքի տակ, ասում՝ քայլիր վրայով, հետ է գալիս տուն ու վարձված սազանդարների հետ միասին մեղադրում ընդդիմությանը:

Այն, որ Ղարաբաղի հարցում մենք ունենք մռայլագույն պատկեր և հեռանկար՝ նորություն չէ: Ավելին, Սերժ Սարգսյանի իշխանավարելու պարագայում և՛ Հայաստանին, և՛ Ղարաբաղին կործանարար վտանգներ են սպասվում: Սրա մասին ընդդիմությունը և հատկապես՝ Հայ ազգային կոնգրեսը, խոսել են մշտապես: Տվյալ դեպքում՝ խոսքը Սերժ Սարգսյանի ու նրա քարոզչամեքենայի կողմից այսպիսի կարևոր հարցն իշխանության պահպանման գործիք դարձնելու մասին է:

Ընդհանրապես, երբ ներհայաստանյան քաղաքական գործընթացներում իշխանությունը դիմում է «Ղարաբաղյան շանտաժի» օգնությանը, ուրեմն նրա բանը բուրդ է: Սերժ Սարգսյանի բանը բուրդ է նաև այն պատճառով, որ իր ապաշնորհ ու հանցավոր քաղաքականության հետևանքով այլևս սպառել է արդեն 15 տարի որդեգրած այն «գաղափարախոսությունը», թե իրենք Հայաստանում իշխում են հանուն Ղարաբաղի: Ու հայաստանյան հասարակությունն այլևս հասունացել է բավարար չափով՝ հասկանալու համար, որ հանուն իր իշխանության՝ Սերժ Սարգսյանն ու այս վարչախումբը, առանց աչք թարթելու, կզոհաբերեն Ղարաբաղն էլ, հաղթանակն էլ: Կարծես թե այս իրողությունը սկսում են հասկանալ նաև ղարաբաղյան քաղաքական և հասարակական շրջանակները, ինչն ուրախալի է: Այս ամենն է պատճառը, որ բռնված գողի նման աջուձախ ընկած՝ փորձում է հակառակում համոզել հասարակությանը, թե՝ «Մի´ պաշտպանեք Արցախն ինձնից, դա ո´չ միայն վիրավորական է, այլ նաև՝ անհեթեթ»: Սերժ Սարգսյանից պետք է պաշտպանել ամեն ինչ, ինչը նա է «ի պաշտոնե» «պաշտպանում»՝ Հայաստանը, Սահմանադրությունը, Ղարաբաղը, քաղաքացիներին ու նրանց բարեկեցությունն ու ապահովությունը, պետական շահը, մշակույթը, պատմությունը: Որովհետև ինչին նրա ձեռքը դիպավ՝ հարամվելու ու կործանվելու է վերջնականապես: Այսօրվա Հայաստանը դրա խոսուն ապացույցն է:

 

Նախորդ հոդվածը‘Իրաքում դեսպանը Լֆիկը չէ, ոչ էլ՝ գեներալ Մանվելի որդին. նա Հալեպում ՀՀ հյուպատոսն է ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր նշանակումներ Ուկրաինայում’