‘Խմբագրական. Իշխանության վախճանը’

5672

Եթե նկատել եք, վերջին մեկ տարում իշխանություններն այլևս ձևականությունների հետևից չեն ընկնում. ցինիզմն այլևս չի քողարկվում, բոլոր դիմակները հանված են, բոլոր պլանները փորձված են ու ձախողված, բոլոր (կամ` գրեթե բոլոր) ականները՝ պայթեցված, բոլոր փամփուշտները՝ կրակված: Երբ այլևս կրակելու փամփուշտ չկա, իշխանությունները գնում են վա -բանկ` հանում են սվին-դանակներն ու բզում յուրաքանչյուրին, ով կպատահի: Սա փախչողի սովորական հոգեբանություն է: Երբ փախչողը հասկանում է, որ յուրաքանչյուր օրը կարող է դառնալ իր վերջին օրը, վաղվա օրն այլևս անկարևոր է դառնում իր համար: Անգամ ի՛ր վաղվա օրը: Վերցնել ինչ պատահի` այսօ՛ր, այստե՛ղ, հիմա՛: Եթե բախտը բերի, ուրեմն՝ վաղն էլ կմնա դեռ, մյուս օրն էլ: Իսկ եթե չբերի, ոչինչ, կփախչի: Կարևորը՝ գնալուց առաջ տնտղել մի նախավերջին ու վերջին անգամ շուրջբոլորը` աչքից բաց թողածը ձեռ գցելու համար: Եւ այդ նեղ պահին, երբ ամեն օրը որոշիչ է, ձևականություններն ավելորդ են դառնում: Էլ ժողովրդավարություն չեն խաղացնում: Անիմաստ է: Ուղիղ երկխոսություն է այլևս, տետ-ա-տետ, հնարավո՞ր է՝ չթալանեք, այո, այսինքն՝ այլևս չե՞ք թալանելու, ավարտեցի՞ք՝  ոչ:

Սա է այլևս: Եւ հոգ չէ, որ հարցեր կառաջանան, վրդովմունք կլինի, ցասում կլինի կամ բողոք: Իշխանությունն այլևս չի ձևացնում, թե «սիրում է» հանրությանը, և չի էլ ձևացնում այլևս, թե իբր հանրությունն է «սիրում» իրեն: Այն այլևս սիրելու ջանք անգամ չի թափում, և ոչ էլ ցանկանում է այլևս սիրվել: Կարմիր գիծը հատված է: Բյուջեում գումար չկա, այլևս չեն թաքցնում դա, կրճատում են ծախսերը, ավելացնում`մուտքերը, և թող հարցնեն՝ ինչո՞ւ: Հենց այդպե՛ս: Կասեն: Թանկացումներն ի՞նչ պատճառով են, ծածուկ պայմանագրեր ինչո՞ւ եք ստորագրել, երկիրն ինչո՞ւ եք մաս-մաս վաճառում, էլ ի՞նչ եք վաճառել ու մեզ չեք ասում: Ավարտեցի՞ք: Այո՞: Ոչ:

Հիմա իշխանության դարդը ճառ ասելը չէ, զանգ կախելն է մնացել: Մի ճար են արել` վերջին անգամ զանգ են կախում, ճառերի ժամանակներն անցել են, այդ պատճառով էլ այժմ պատասխանելիս կարճ են կապում:

Իսկ դա արդեն վերջն է: Մենք հասել ենք մի կետի, երբ դիմացիններն այլևս չեն էլ դիմադրում առանձնապես: Նրանք` մեծ փախուստին նախապատրաստվելով, արդեն իսկ ընդունել են իրենց պարտությունը: Նրանք էլ հասկանում են, որ եթե այսպես շարունակվի, պայթյուն է լինելու, կաթսան եռալու ու թափվելու է: Կփորձեն, անկասակած, մի վերջին անգամ կաթսայի կափարիչը կիսաբաց անել` գոլորշի բաց թողնելու համար, բայց դա էլ կա՛մ կստացվի, կա՛մ` չէ:  Կարևորը, որ կաթսան եռում է, և որ իշխանություններն էլ հասկանում են, որ իրենց օրերը հաշվված են: Զգոն կլինեք, պայթյուն է լինելու: 

Նախորդ հոդվածը‘ Դ!ԵՄ ԵՄ – Դիմավորենք հյուրերին’
Հաջորդ հոդվածը‘Յացենյուկ. Չպետք է թույլ տալ, որ Ուկրաինան մտնի «նոր Խորհրդային Միություն»’