‘Խմբագրական. Իրական եւ Հայլուրի Հայաստանները ‘

2036

Հայլուրի Հայաստանում 2008 թվականից այս կողմ անցել են ամենաժողովրդավարական ընտրությունները՝ առանց կեղծիքների եւ սադրանքների, առանց լցոնումների եւ ճնշումների:

Իրական Հայաստանում առաջին անգամ հետընտրական շրջանում Հայաստանում առնվազն տասը քաղաքացի սպանվեց:

Հայլուրի Հայաստանում ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը մեր ամենօրյա ուղեկից-բարեկամներն են դարձել, եւ նույնիսկ՝ խոսքի ազատության «պերեբոր» ունենք:

Իրական Հայաստանում խոսքի ազատության փոխարեն մեզ մատուցում են «մուտիտային լրատվության պերեբոր», խոսքն ամեն գնով արժեզրկվում է, եւ իշխանական քարոզչությունը, որ նախկին կացնայինից վեր են ածել նուրբ վիրահատականի, հրամցնում են անգամ ոչ իշխանական հռչակված մամուլով: Լրատվական Սոդոմ-Գոմորը Սերժ Սարգսյանի իշխանության առաջին պրոդուկտներից է:

Հայլուրի Հայաստանում  արձանագրում ենք աննախադեպ տնտեսական ցուցանիշներ, բոլոր ոլորտներում (թե՞ ոլոլորտներում) միայն աճ է ու զարգացում, եւ հավքն իր թեւով, օձն իր պորտով չեն կարող վնասել մեր ամենամրցունակ տնտեսությանը, բոլորն ապրում են գոհ ու երջանիկ, չաղ ու բախտավոր:

Իրական Հայաստանում տնտեսությունն ուղղակի ճռռում է սեւ հարկահանության ծանրությունից եւ դատարկվող, իսկ ավելի ճիշտ՝ թալանվող բյուջեից, գնաճը սովորական երեւույթ է դարձել, աղքատության ցուցանիշը հատել է 30 տոկոսի սահմանը, փոքր ու միջին բիզնեսն ուղղակի խեղդամահ է արվում:

Հայլուրի Հայաստանում  արտագաղթ չկա ու չի էլ եղել, ավելի ճիշտ՝ եղել է, բայց նախկին իշխանությունների օրոք, իսկ հիմա մարդիկ ոչ միայն չեն գնում, այլեւ նույնիսկ գալիս են այստեղ՝ հայրենիք՝ «Արի տուն» կանչող կնոջ հետքերով:

Իրական Հայաստանում արտագաղթն ու արտագաղթող հարազատ-բարեկամ-ծանոթ-ընկերները մեր առօրյայի մի անբաժանելի մասն են դարձել, իսկ 2008 թվականից ի վեր աննախադեպ թվով՝ ավելի քան 300 հազար մարդ մեկնել է Հայաստանից ու չի վերադարձել: Իրական Հայաստանը դատարկվող Հայաստանն է:

Հայլուրի Հայաստանում  իշխանությունները աշխատասեր են, անգամ ժրաջան, կիրթ, ժողովրդի հետ խոսում են «դուք»-ով ու պաշտոնեական պարտականությունները կատարելուց եւ «ժողովրդի մասին մտածելուց» բացի՝ այլ բան չեն հասցնում անել: Աշխատածներն էլ՝ հազիվ «պերերիվի» փող է լինում:

Իրական Հայաստանում պաշտոնյաները քաղաքացիներին անվանում են համբալ ու անասուն, դրամը բազմապատկվում է, բայց միայն պաշտոնյաների գրպաններում, իսկ ավելի ճիշտ՝ նրանց օֆշորային հաշվեհամարներում, իրենց ամեն մի կապրիզը հռչակվում է հանրային գերակա շահ, հարստահարում են ու հարստանում, իսկ գործից ազատ ժամանակ աղոթում են Ծիծեռնակաբերդներում, խաչեր են կառուցում ու դռներ համբուրում, գրավոր տեքստերում լատիներեն մեջբերումներ են անում, պաշտոնյաները ցիտում են Աստվածաշունչը, եկեղեցական բարձրաստիճան այրերը՝ խոսում «քուչի» լեզվով: Իրական Հայաստանում գաղջ մթնոլորտ է, ու խիյարը թարս է բուսնում:

Հայլուրի Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել ու չկան:

Իրական Հայաստանում` Սերժ Սարգսյանի օրոք, քաղբանտարկյալ չի եղել միայն 2011 թվականի հունիս-հուլիս ամիսներին: Սերժ Սարգսյանը իշխանությունը բռնազավթել է` Հայաստանի բանտերը քաղբանտարկյալներով լցնելով, եւ այսօր էլ Հայաստանում քաղբանտարկյալ կա` ի դեմս Տիգրան Առաքելյանի:

Հայլուրի Հայաստանում  Եվրոպան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, տո նույնիսկ Թուրքիան, Մոնղոլիան ու Բալին իրար գլուխ են ջարդում Հայաստանի, իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի հետ լավ հարաբերություններ ունենալու համար, նրան գոնե հեռվից տեսնելու կամ ձեռքով բարեւելու առիթ ունենալու համար, շատ սիրելուց ամեն մեկն իր գիրկն է ուզում առնել նրան՝ Հայաստանն էլ երկիր դրախտավայր դարձնելու պայմանով: Պուտինն այնքան շատ է երազում Սերժ Սարգսյանի հետ մի բաժակ թեյ խմել, որ մեծ ցանկությունից չի համարձակվում հանդիպել նրան, երբ վերջինս Մոսկվայում է գտնվում, իսկ Օբաման էլ՝ եթե մի օր տիեզերքից չի հետեւում Սերժ Սարգսյանի տեղաշարժին, այդ գիշեր հանգիստ չի քնում: Մի խոսքով, քանի Սերժ Սարգսյանը կա՝ Հայաստանի ժողովուրդը հա պիտի կոնֆետ ուտի, կամ այսքան ուրախ կյանքը մեր՝ ընկեր Սարգսյանն է տվել:

Իրական Հայաստանում Սերժ Սարգսյանը Հայաստանն առել, արտաքին քաղաքականության մեյդան է ընկել՝ Ցեղասպանության հարցն արդեն բարով-խերով աճուրդի է հանել, հերթը՝ ԼՂ հիմնախնդրին ու արդեն Հայաստանի ճակատագրին է հասել: Սկզբում համաձայնել էր Հայաստանը լավ գնով տալ Եվրոպային, հետո՝ Ռուսաստանին, ու մինչ այդպես փորձում էր գին բարձրացնել՝ արանքում ստանալով եվրոչինովնիկների աննախադեպ կոմլպիմենտները, ուրբաթը շաբաթից շուտ եկավ: Եւ պարզվեց, որ չորս տարի դեպի Եվրոպա սլացող Սերժ Սարգսյանը ձիու ուղղությունը փոխել՝ դեպի Մեծն Ռուսիո ճանապարհն է բռնել: Իրական Հայաստանում Սարգսյանը երկիրը միաժամանակ երկու (եթե ոչ ավելի շատ) գնորդներին «վաճառելու» պատրաստակամություն է հայտնել, ու հիմա գնորդները նրան կամ ԶԱԳՍ կտանեն, կամ դատախազություն: Խնդիրն այն է, սակայն, որ երկու դեպքում էլ տուժողը մենք ենք լինելու, որովհետեւ գործով անցնող մեղադրյալն արդեն իսկ դատարանի կողմից  անմեղսունակ է ճանաչվել:

Հայլուրի Հայաստանում  իշխանափոխություն լինել չի կարող, քանզի իմաստ չունի:

Իրական Հայաստանում իշխանափոխությունն այլընտրանք չունի, որովհետեւ արդեն Սերժ Սարգսյանն անցել է բոլոր հնարավոր եւ անհնար կարմիր գծերը. հերթում Հայաստանն է:  

Նախորդ հոդվածը‘Հայկ Մարության. Պայքարելու նոր ձևեր մշակվել են’
Հաջորդ հոդվածը‘ ՃՏՊ` Իսակովի պողոտայում’