‘Խմբագրական. Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը — 2’

3284

Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա խոսքը հստակ էր ու թերևս հավելյալ բացատրության կամ մեկնաբանության կարիք չունի և, ինչն ավելի կարևոր է՝ արտահայտում է մեր հասարակության գերակշիռ մասի տեսակետը՝ Սերժ Սարգսյանի վարչակարգը լիովին սպառել է իրեն և այլևս անելիք չունի: Կարծում ենք՝ այս կետում տարաձայնություն չունեն հասարակության տարբեր շերտերը, խմբերն ու անհատները: Նույնիսկ համարձակվենք ասել, որ անկախ Հայաստանի պատմության մեջ գուցե երբեք այս աստիճան համաձայնություն չի եղել որևէ վարչակարգի սպառվածության վերաբերյալ: Ավելի՛ն, նույն Սերժ Սարգսյանի առումով թերևս այսպիսի լայն կոնսենսուս չի եղել նախկինում, ասենք՝ դեռ մեկ, երկու, երեք տարի առաջ և այսպես շարունակ: Թվում է, թե «Ազատիչը» հերթով հուսախաբ է անում իր հետ այս կամ այն փուլում ինչ-որ հույսեր կապող բոլոր շերտերին և խմբերին, և նույնիսկ նրանք, ովքեր այս պահին լռում են՝ հնարավորություն կամ համարձակություն չունենալով արտահայտվել, հաճույքով կազատվեին բոլոր ուղղություններով ձախողված ղեկավարից՝ անկախ Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրենց վերաբերմունքից: Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ Սերժը վերջնականապես պարտված է, և մնում է միայն հարցի լուծման տեխնիկական կողմը: Քանի դեռ հասարակական խմբերը գործում են անջատ-անջատ կամ չեն վստահում միմյանց, Սարգսյանի վարչակարգը կարող է դեռ երկար իշխել՝ կիրառելով կառավարման իր նախընտրելի՝ «մուտիտի» տեխնոլոգիան՝ միակ ոլորտը, որտեղ նա անվիճելի հաջողություններ է գրանցել:

«Մուտիտը»՝ որպես հիմնարար քաղաքական տեխնոլոգիա, փաստացի ոչ այլ ինչ է, քան սեփական ասելիքի բացակայության խոստովանություն, իսկ ասելիքը բացակայում է այն պարզ պատճառով, որ չկա առարկայական իրավիճակ, որի վրա  հենվելով՝ կարելի էր համոզիչ դրական խոսք կամ էլ թեկուզ հակափաստարկ ձևակերպել իշխանության անունից: Այլ կերպ ասած՝ իշխանությունը զուրկ է իրերն իրենց անունով կոչելու հնարավորությունից, ուստի ստիպված է շարունակ կեղծել կամ ծամածռություններ անել: Եվ հակառակը, առաջին նախագահի խոսքը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրերն իրենց անունով կոչելու՝ դեռևս 2007-ից որդեգրած մեթոդի հերթական դրսևորումը: Իսկ իրերն իրենց անունով կոչելը, փչացած պետական համակարգի պայմաններում՝ ինքնին հեղափոխական գործողություն է: Համոզվելու համար ևս մեկ անգամ համառոտ արձանագրենք առաջին նախագահի խոսքի քաղաքական տրամաբանությունը:

Արտաքին տապալում և ներքին փակուղի

1. Սերժ Սարգսյանը լիովին տապալվել է արտաքին քաղաքական ոլորտում: Սա նշանակում է, որ եթե նախկինում, զուրկ լինելով ներքին օրինակարգությունից, Սերժը կարող էր գոնե հենվել արտաքին ուժերի աջակցության վրա, ապա այժմ նվազել է նաև այդ ռեսուրսը: Հաշվի առնելով թեկուզ միայն Արցախի խնդրի առկայությունը՝ կարելի է կանխատեսել արտաքին տապալման անցանկալի հետևանքները: Կարծում ենք՝ շատ քչերը կվիճեն այս կետի շուրջ:

2. Սերժ Սարգսյանն ի զորու չէ իրականացնել նաև ներքին բարեփոխիչ քաղաքականություն, որը կարող էր հավասարակշռել արտաքին ձախողումները: Նա չի կարող ձեռնամուխ լինել բարեփոխումների՝ ոչ թե որովհետև չունի դրա ցանկությունը կամ չար ու հիմար մարդ է, այլ անկախ այդ անձնական կամ հոգեբանական հանգամանքներից՝ առարկայորեն: Այսինքն՝ նույնիսկ եթե շատ ուզենա, ու եթե շատ բարի, խելոք ու կամեցող մարդ լինի, նա զուրկ է ներքին ոլորտում որևէ դրական քայլ անելու հնարավորությունից, քանզի բարեփոխման ուղղությամբ ցանկացած քայլ սկիզբ է դնում հենց այն համակարգի կազմաքանդմանը, որը Սերժ Սարգսյանի իշխանության երաշխիքն է: Բարեփոխումների ժամանակը  Սերժ Սարգսյանը բաց է թողել: Կարծում ենք՝ այս կետում էլ դժվար է հակափաստարկներ գտնել՝ հաշվի առնելով այն ակնհայտ փաստը, որ այսքան տարի խոսելով բարեփոխումների անհրաժեշտությունից՝ Սերժի վարչակարգը բառացիորեն ոչինչ չի նախաձեռնել ոչ թե նույնիսկ բարեփոխումների, այլ ընդհանրապես ներքին ոլորտում՝ չհաշված «ֆեյք»՝ կեղծ սուբյեկտների բազմացումը լրատվական և քաղաքական դաշտում: Եւ եթե դա այդպես է, ուրեմն հասարակության այն ներկայացուցիչները, որոնք ցայսօր դեռ ինչ-որ հույսեր ունեին այդ առումով, պետք է հասկանան, որ սա ոչ թե պատահականություն է, այլ օրինաչափություն: Հայաստանի ցանկացած՝ նույնիսկ ամենահիմարներից բաղկացած կառավարություն ստիպված է լինելու բարեփոխումներ նախաձեռնել, քանզի չկա մեկը, ով չգիտակցի դրանց անհրաժեշտությունը: Հարցն ուրեմն միայն դրանց իրականացնելու հնարավորություն, ազատություն ունենալն է: Այդ ազատությունից զուրկ է այսօր Սերժը, քանզի եթե բարեփոխումները չանցկացնելն ուշ թե շուտ բերելու է նրա ղեկավարած համակարգի տապալմանը, ապա բարեփոխումների անցկացումն է՛լ ավելի արագ է բերելու այդ կարծրացած և միայն օրինախախտումների վրա հիմնված համակարգի փլուզմանը: Սա կարող է հակասություն թվալ, բայց կարող ենք հիշել Սովետական Միության փորձը, որի բարեփոխումն անհետաձգելի անհրաժեշտություն էր դարձել 80-ականների սկզբին, բայց քանի որ դրանք սկսելու ճիշտ ժամանակը վաղուց անցել էր, ապա բարեփոխումները, փոխանակ բերելու պետության ամրապնդմանը, հանգեցրին դրա է՛լ ավելի արագ տապալմանը, քան կարելի էր պատկերացնել պահպանողական քաղաքականության դեպքում:

3. Ահա այս երկու, կարծում ենք, անվիճելի կետերից էլ՝ արտաքին քաղաքականության տապալում և ներքին քաղաքականությունում բարեփոխումներ իրականացնելու հնարավորության բացակայություն՝ անհրաժեշտաբար բխում է Տեր-Պետրոսյանի երրորդ պնդումը՝ Սերժ Սարգսյանն այլևս քայլ չունի, և երկիրը հայտնվել է փակուղում՝ մեզ տրված պատմական ժամանակը ոչ միայն կանգնել է, վատնվում է, այլև աշխատում է մեր դեմ: Այստեղից էլ ինքնին պարզ՝ հրաժարականի հետևությունը:

Նահանջի միջանցքը և բաց քաղաքական իրավիճակը

Բացի սրանից, Տեր-Պետրոսյանի խոսքում կան և, այսպես ասած՝ տեխնիկական առաջարկներ: Նախ՝ հինգերորդ կետով փաստացի կոչ է արվում Հայաստանի, պայմանականորեն ասած՝ «միջին դասը» ներկայացնող քաղաքական և հասարակական ուժերին համախմբվել՝ մի կողմ դնելով տարաձայնություններն ու դեռևս պահպանված սին հույսերը «բարեփոխիչ» Սերժի մասին, այլապես հետագա զարգացումների պատասխանատվությունն ընկնում է նաև նրանց վրա: Ապա, իրեն բնորոշ իրատեսական ոճով, առաջին նախագահը նաև նահանջի տեղ է տալիս Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով նրան անձեռնմխելիություն: Իհարկե, Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականը քիչ հավանական սցենար է, սակայն դրա իրականացման դեպքում՝ ժողովրդի ճնշման տակ, բռնության կիրառումից կամ էլ հուսահատության պահին արտաքին աղետալի զիջումներից խուսափելու լավագույն տարբերակը, թերևս, հենց նահանջելու տեղ թողնելն է բռնակալին: Ի տարբերություն մտավորականության մի մասի հիսթերիկության՝ հայ հասարակության մեծ մասն ունի բավականաչափ սթափություն՝ հասկանալու համար, որ հնարավորության դեպքում նախընտրելի են առավել անցնցում և նպատակի իրականացումը հեշտացնող տարբերակները: Հիշեցնենք, ի դեպ, որ նահանջելու միջանցք թողնելու մարտավարությունը կիրառվել է նույնիսկ Արցախյան պատերազմի ժամանակ, երբ ավելորդ զոհերից խուսափելու ու թշնամու դիմադրության կամքը կոտրելու համար հայկական կողմը թուրքերին (ադրբեջանցի) թողել է նահանջի ճանապարհներ: Այլ հարց է, անշուշտ, թե որքանով ինքը Սերժն ի վիճակի է այսօր սթափ դատել, բայց դա իր խնդիրն է:

Կարծում ենք՝ հենց այս կետն էլ կընտրեն որպես քննադատության հիմնական թիրախ՝ իշխանության «երկրորդ էշելոնի» (այսինքն՝ քողարկված գործող քարոզիչների) ներկայացուցիչները՝ զբաղեցնելով Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու դիրքերը, և «մահ կամ ազատություն» ոճի մեջ կպահանջեն ոչ միայն Սերժ Սարգսյանի անհապաղ կալանավորում, այլև Արևմտյան Հայաստանի ազատագրում, 387 թվականի բյուզանդա-պարսկական պայմանագրի վերանայում և պատերազմի հայտարարություն Մեծ Բրիտանիային՝ նախապես Ստամբուլն ու Մոսկվան արյան ծով դարձնելու ծրագրով: Թե ինչ ռեսուրսների հաշվին՝ դա, իհարկե, ոչ մեկին չի հետաքրքրի: Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան՝ նրա սիրելի զավակը, սիրում է երկակի խաղ. մի կողմից՝ շարմազանովներն ու աշոտյաններն իրենց «ծանր» խոսքը կասեն ոչնչի մասին և ոչ մեկի համար, մյուս կողմից՝ հրապարակ կնետվեն «ծայրահեղ» ընդդիմադիր տեսակետներ՝ բարձր հովանու ներքո: Բայց այս հակաքարոզչական տեխնոլոգիաներն արդեն առանձին խոսակցության թեմա են, որին կանդրադառնանք մեկ այլ անգամ, եթե դրա անհրաժեշտությունը ծագի:

Վերջապես, առաջին նախագահի խոսքի վերջին հատվածը, որով նա հայտնում է, որ ինքը որպես նախագահի թեկնածու չի առաջադրվելու, իսկ Ռ. Քոչարյանի առաջադրումն էլ բացառում է: Սրանով հետաքրքրիր, բաց իրավիճակ է ստեղծվում մեր քաղաքական դաշտում: Թեև, կարծում ենք՝ դեռ շուտ է մանրամասնել այս թեման, սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր հասարակությունում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ պետք են նոր, երիտասարդ քաղաքական առաջնորդներ, ապա Տեր-Պետրոսյանի այս կետը կարող է հետաքրքիր մարտահրավեր դառնալ այդպիսի ներուժ ունեցողների համար: Կարո՞ղ են նրանք իրոք ձեռնոց նետել «բիձեքին», դրական համախմբում առաջ բերել և համարժեք խոսք ու գործ ներկայացնել հասարակությանը: Իսկ ինքը հասարակությունը պատրա՞ստ է արդյոք նոր մարդկանց շուրջ համախմբվել: Հետաքրքիր կլինի ստանալ այս հարցերի պատասխանը, երբ իրավիճակը հասունանա: 

Նախորդ հոդվածը‘Ինչքան գումար է «վաստակել» Սաշիկ Սարգսյանը արագաչափերից’
Հաջորդ հոդվածը‘ Վազգեն Մանուկյանը միջնորդել է, որ «Հոկտեմբերի 27»-ով դատապարտվածին վիրահատե՞ն’