‘Խմբագրական. Կեղծ ազատությունը եւ Հայաստանի կուսակցությունը’

2718

Մեզանում շատ է տարածված, այսպես կոչված՝ «ազատ դիրքի» եւ կուսակցականության հակադրությունը: Պատճառները պարզ են՝ սովետական միակուսակցական համակարգի փորձը շատ ծանր հետք է թողել մեր հասարակության փորձի եւ գիտակցության վրա: Վերլուծությունը, սակայն, պետք է ցույց տա, որ այս հակադրությունը, հար եւ նման այլ՝ կարծրացած եւ անբեկանելի ճշմարտություն համարվող պատկերացումների, մեծ հաշվով՝ անբովանդակ դատարկաբանություն է, եւ որպես այդպիսին՝ հասարակական գիտակցության մանիպուլյացիայի լավ գործիք: Մի փոքր ավելի մոտիկից դիտարկենք այս՝ առաջին հայացքից զուտ տեսական խնդիրը՝ հայտնագործելու համար նրա կապը ամենեւին էլ ոչ տեսական հարթության հետ:

Մեկուսի կույսերը եւ քառակուսի կուսակալները

Նախ՝ պետք է հասանալ «կուսակցություն» բառի իմաստը: Առաջին հայացքից՝ այն ավելի քան պարզ է, բայց դա միայն՝ այն դեպքում, եթե հարցին մոտենանք զուտ ձեւական կողմից եւ համարենք, որ կուսակցությունը Արդարադատության նախարարությունում գրանցված քաղաքական կազմակերպությունն է: Բայց թեկուզ միայն Հայաստանի փորձը հուշում է, որ միայն թղթով գոյություն ունեցող կուսակցություն բացելն աշխարհի ամենահեշտ գործերից է, եւ ուրեմն՝ ձեւական մոտեցումն անարժեք է: Պետք է, հետեւաբար, փորձեք բացահայտել ոչ թե զուտ  ձեւական, այլ իրական բովանդակությունը: Ընդ որում՝ նկատի չունենք կուսակցություն եզրի քաղաքագիտական սահմանումները՝ դրանք, տվյալ դեպքում, էական չեն: Մեզ պետք է պարզել այդ հասկացության, այսպես ասած՝ կենսական՝ միաժամանակ ամենապարզ եւ ամենախորքային էությունը, որը նախորդում է գիտական սահմանումներին եւ իրավական ձեւակերպումներին: Ունենք բավականին հեշտ միջոց այդ նպատակին հասնելու համար՝ բառի ստուգաբանությունը, որը, տվյալ դեպքում, ինքնին բացատրում է ամեն ինչ:

Կուսկացություն բառի հիմքում «կույս»՝ այսօրվա լեզվում առանձին անգործածական արմատն է, որը նշանակում է «կողմ» (այդ արմատը պետք չէ շփոթփել նույնահնչյուն արմատի հետ, որը նշանակում է «կույս աղջիկ»): Այդ արմատից եւս մի քանի բառ ունենք պահպանված այսօրվա լեզվում, օրինակ, «կուսակալ», «մեկուսի», «քառակուսի» եւ այլն: Կուսակցություն, ըստ այդմ, նշանակում է «կողմնականություն», այսինքն՝ այս կամ այն կողմնորոշումը, դիրքորոշումն ունենալը, այս կամ այն կողմին հարելը: Կուսակցություն բառի իրական իմաստը, բովանդակությունն իրականում ավելին չէ, քան այս ստուգաբանությունը, եւ փաստորեն նշանակում է՝ քաղաքական պայքարի կողմ եւ քաղաքական կողմնորոշում: Ձեւական, իրավականորեն գրանցված քաղաքական կուսակցությունն ընդամենը մասնավոր դրսեւորումն է այս իմաստի: Ինչո՞ւ ենք պնդում, որ տվյալ դեպքում ստուգաբանությունն ու էությունը լիովին համընկնում են:

Խնդիրն այն է, որ «կողմ»-ը հիմնարար է քաղաքականության համար՝ քաղաքականությունը սկսվում է այնտեղ, ուր կան առնվազն երկու տարբեր կողմեր, եւ դրսեւորվում է որպես տարբեր կողմերի մրցակցություն ու պայքար: Չկա եւ չի կարող լինել «անկողմնակալ», «չեզոք», աղջիկ իմաստով՝ «կույս» քաղաքականություն, ինչպես չի կարող լինել անկողմնակալ պայքար ընդհանրապես, ասենք՝ անկողմնակալ սպորտային մրցում: Նույնիսկ ոչ քաղաքական ոլորտները քաղաքականացվում են ճիշտ այն պահից, երբ առաջանում է բաժանում: Օրինակ, եթե դուք քրիստոնյա եք, իսկ ձեր հարեւանը՝ մուսուլման, դա ինքնին դեռ ոչինչ կարող է չնշանակել, բացի նրանից, որ դուք գնում եք եկեղեցի եւ մոմ վառում Քրիստոսի պատկերի առաջ, իսկ ձեր հարեւանը գնում է մզկիթ եւ մասնակցում է ուրբաթօրյա նամազի, կամ դուք խոզի միս ուտո՛ւմ եք, իսկ ձեր հարեւանը՝ ո՛չ: Բայց այն պահից, երբ դուք սկսում եք մրցել եւ վիճել իրար հետ, թե ո՛ւմ կրոնն է ավելի ճիշտ, պայքարում եք միենույն տարածքում եկեղեցի կամ մզկիթ կառուցելու համար, քննարկում եք խոզի մսի ազատ վաճառքի թույլատրելիության կամ արգելքի շուրջ, ապա գոյանում է կրոնական հիմքով քաղաքականություն՝ դուք դարձաք քաղաքական պայքարի երկու տարբեր կողմեր կամ կուսակցություններ՝ անկախ նրանից՝ գրանցեց ձեզ Արդարադատության նախարարությունը, թե ոչ:

Խաղի կանոնները

Ցանկացած ներգրավվածություն եւ մասնակցություն քաղաքականությանը, բովանդակային իմաստով՝ կուսակցականություն է, որովհետեւ ենթադրում է պարտադիր կողմնորոշում՝ այս կամ այն դիրքի, տեսակետի, կողմի պաշտպանություն: Ոչ միայն բուն քաղաքական գործունեությունը, այլեւ քաղաքական կարծիք հայտնելը, քաղաքականություն մեկնաբանելը եւ այլն՝ «կողմնապահություն» է, հետեւաբար՝ «կուսակցություն»: Էլ չեմ ասում այն դեպքերի մասին, երբ խոսքը ոչ թե իրավիճակային, այլ հետեւողական, շարունակական, համակարգված ներգրավվածության մասին է քաղաքականության մեջ՝ գործով թե խոսքով: Իրավաբանորեն գրանցված կուսակցության անդամ լինել կամ չլինելը ոչ թե երկրորդական, այլ տասներորդական, զուտ տեխնիկական նշանակություն ունի այս իմաստով՝ քաղաքականության մեջ հետեւողականորեն ներգրավված անձը կամ խումբը կուսակցական է ըստ բառիս բուն իմաստի՝ անկախ որեւէ իրավական ձեւականությունից: Կարճ ասած, եթե խաղի մեջ ես՝ ուրեմն ինքնաբերաբար կողմ ես, եւ «ազատ» չես: Որքա՜ն անհեթեթ կլիներ մեկը, ով խաղի ընթացքում դուրս գալով ֆուտբոլի դաշտ եւ գնդակ խաղալով՝ միաժամանակ պնդեր, որ ինքը թիմերից եւ ոչ մեկի կողմից չէ, այլ պարզապես «ազատ խաղացող է»: Խաղի մեջ չկան ազատ խաղացողներ՝ կան թիմեր, դրանց մարզիչներ եւ երկրպագուներ: Միակ չեզոք դիրքը մրցավարինն է, այն էլ՝ եթե տվյալ խաղի մրցավարն իրոք չեզոք է, այլ ոչ թե ծախված: Պատահում են նաեւ, այսպես կոչված, «չեզոք երկրպագուներ», բայց նույնիսկ դրանց մեծ մասը խաղի ըթնացքում չի դիմանում եւ գոնե առժամանակ անցնում է այս կամ այն թիմի կողմը, որովհետեւ չկա ավելի բնական բան աշխարհում, քան այս կամ այն կողմը գրավելը որեւէ «խաղի» ընթացքում: Ուրեմն, ցանկացած քաղաքականություն, ըստ սահմանման՝ կուսակցականություն է՝ «կողմնապահություն է»՝ առանց բացառությունների:

Իսկ ինչո՞ւ է, այդուհանդերձ, այդքան տարածված այն երեւույթը, երբ մարդն այս կամ այն կերպ ներգրավված լինելով քաղաքականության մեջ՝ ներկայացնում է ինքն իրեն կամ իր խումբը որպես «ազատ» եւ «անկուսակցական»: Մի կողմ թողնենք այն դեպքերը, երբ խոսքը պարզապես քաղաքականությամբ հետաքրքրվող անհատների մասին է՝ հասկանալի է, որ այստեղ մեծամասամբ ունենք պարզապես միամտության դրսեւորում: Ավելի հետաքրքիր է համեմատաբար խոշոր խաղացողների՝ հայտնի ԶԼՄ-ների, ՀԿ-ների, ակնհայտորեն քաղաքականացված խմբակների եւ անհատների դեպքը: Այստեղ, եթե միամտության դրսեւորումներ կան էլ, ապա դա, առավել հաճախ, այսպես ասած՝ «խորամանկ միամտություն է»՝ մարդը կամ ձեւացնում է, որ չի հասկանում պարզ իրողությունները, կամ էլ իրոք չի հասկանում այն, ինչ իրեն ձեռ չի տալիս հասկանալ: «Ազատ»-ի դիրքերից խոսելը քաղաքականության մեջ քարոզչական առումով շահավետ է, չնայած՝ ակնհայտորեն կեղծ, կարեւոր չէ՝ կեղծիքն ի՛նչ աստիճանի է գիտակցված: Թերթը կամ ՀԿ-ն կամ մեկ այլ խումբ, որը պնդում է, որ ինքը կուսակցական չէ եւ «ազատ է», խնդիր է հասարակության համար, որովհետեւ, փաստացի՝ մոլորեցնում է մարդկանց: Քաղաքականության մեջ ոչ միայն չկան, այլև պարզապես չեն կարող լինել «անկուսակցականներ»՝ անկողմնապահներ, եւ դա ոչ թե լավ է կամ վատ, այլ պարզապես՝ փաստ: Նա, ով ուզում է գտնել իրական անկուսակցականություն, կարող է փնտրել դա այլ՝ ոչ քաղաքական ոլորտներում, այն էլ միայն այն դեպքում, եթե գտնի մի ոլորտ, որտեղ չկա բաժանում՝ խմբերի, եւ մրցակցություն ու պայքար՝ այդ խմբերի միջեւ (երեւի՝ ամենաճիշտը միանգամից Վերին Երուսաղեմ կամ դրա մոտակա՝ Թոխմախ գյոլի բաժանմունք դիմելն է):

ԶԱԳՍ-ի թուղթը պետք չէ

Մեր հիմնական թեզն ավելի շեշտելու համար պետք է հասկանանք եւ հետեւյալը. քաղաքականությունը հնարավոր է միայն համակարգերով եւ համակարգերի մեջ: Ի՞նչ նկատի ունեմ տվյալ դեպքում՝ համակարգ ասելով: Համակարգն ամբողջությունն է ռեսուրսների, թիմերի, ենթակառուցվածքների, գաղափարների, կապերի, տեխնոլոգիաների, անհատական գործոնի (օրինակ՝ անհատական հեղինակության) եւ այլնի, որի միջոցով է իրականացվում քաղաքականությունը: Նույնիսկ քաղաքական մեծագույն հեղինակություն ունեցող անհատները կարիք ունեն նման համակարգի՝ «խաղի» մեջ մտնելու համար, ինչպես որ նույնիսկ ամենահանճարեղ ֆուտբոլիստը չի կարող խաղալ միայնակ՝ առանց թիմի: Համակարգերից դուրս՝ չկա քաղաքական գործողություն, նույնիսկ՝ խոսք (խոսքն էլ պետք է տեղ հասցվի եւ ազդեցություն ունենա հասարակության գոնե մի փոքր հատվածի վրա, ինչը հնարավոր չէ՝ համակարգերից դուրս կամ համակարգերի թշնամության պայմաններում):

Վերցնենք հենց վերջին մի քանի տարվա Հայաստանի օրինակը՝ հասկանալու համար այս իրողությունը: Բացի իշխանական համակարգից (իր ներքին բաժանումներով՝ ենթահամակարգերով հանդերձ) եւ հայաստանակենտրոն ընդդիմադիր համակարգի կառուցման փորձերից (կարեւոր չէ տվյալ պահին, թե մեզնից ո՛վ  որքանով հաջողված է համարում այդ փորձերը)՝ չափազանց կարեւոր դեր ունեն մեր երկրում արտաքին կենտրոն ունեցող համակարգերը, որոնց նշանակությունն աճում է հատկապես ա՛յն պահերին, երբ թուլանում է կամ ժամանակավորապես երկրորդ պլան է մղվում հայաստանակենտրոն ընդդիմադիր պայքարը: Պարզ է, որ խոսքը հիմնականում երկու արտաքին կենտրոն ունեցող համակարգերի մասին է: Բացի այդ՝ ունենք իքս քանակի փոքր խմբեր, որոնք տարբեր քաղաքական փուլերում ձգողականության ուժով հայտնվում են այս կամ այն մեծ՝ ներքին կամ արտաքին համակարգի ազդեցության ոլորտում: Այդ խմբերն ուրիշ այլ տարբերակ չունեն, որքան էլ փորձեն այլ բան ներկայացնել՝ քաղաքականությունը հնարավոր է ոչ թե պարզապես համակարգերով, այլ քիչ թե շատ կշիռ ունեցող համակարգերով: Գրեթե բնագիտական օրենքներին համապատասխան՝ փոքրերն այստեղ հայտնվում են մեծերի ձգողականության դաշտում: Այս «քարտեզից» դուրս ուրիշ ոչինչ չկա Հայաստանի քաղաքականությունում: Բոլոր իրենց «ազատ» ներկայացնողները, եթե հետեւողականորեն ներգրավված են քաղաքականության մեջ, այս համակարգերից մեկի կամ, որոշ դեպքերում    միանգամից երկուսի մասն են (քանի որ մեծ համակարգերի սահմանները, շահերը, կապերը որոշ տեղերում համընկնում են): Երբ ասում եմ՝ «հետեւողականորեն ներգրավված», նկատի ունեմ, օրինակ, քաղաքական ուղղվածություն ունեցող ցանկացած ԶԼՄ, այս կամ այն կերպ քաղաքական դաշտին առնչվող ցանկացած մեծ ՀԿ, քաղաքական դիքերից գործող եւ մեկնաբանող ցանկացած խումբ: Սրանք բոլորն իրականում մեծ եւ փոքր կուսակցություններ են՝ անկախ «ազատի» եւ ոչ քաղաքականի «շտամպից»: Կոպիտ ասած՝ «ԶԱԳՍ»-ում գրանցված չեն, բայց լիարժեք ընտանիքներ են: Ընդ որում՝ իրավականորեն գրանցված այս կամ այն քաղաքական ուժի անդամները, միշտ չէ, որ բոլորը պարտադիր նույն համակարգի մասն են. փորձը հուշում է, որ կան քաղաքական ուժեր, որոնք կարող են լինել, այսպես ասած, «բաց բաժնետիրական ընկերության» կարգավիճակում՝ իրավական միասնությունն այդ դեպքում քողարկում է փաստացի բաժանումը մի քանի իրական, այլ ոչ թե ձեւական համակարգերի միջեւ:

Պարզ է, որ ակնարկածս մեծ, միջին եւ փոքր համակարգերը, որպես կանոն, չեն համընկնում իրավականորեն ձեւակերպված սահմանների հետ, բայց Հայաստանի փաստացի կուսակցությունները հենց դրանք են, եւ այդ փաստացի կուսակցություններն ընդգրկում են քաղաքականության մեջ այս կամ այն կերպով ներգրավված բոլոր միավորներին անխտիր: Այնպես որ՝ «ազատության» եւ «կուսակցականության» հակադրության մասին խոսակցություններն իրականության հետ կապ չունեցող, մակերեսային դատողություններ են, որոնց շնորհիվ կա՛մ խաբվում են, կա՛մ խաբում են, կա՛մ ուզում են խաբված ու խաբած լինել:

Մնում է միայն նշել մեր քաղաքական կյանքի հիմնական մնայուն խնդիրը՝ հայաստանակենտրոն հզոր բեւեռի ձեւավորումը, «Հայաստանի կուսակցության» կայացումը: Սրա համեմատ՝ մնացած ամենն անկարեւոր է եւ ինքնանպատակ «աշխուժակություն»: Ըստ ա՛յդմ էլ պետք է կողմնորոշվել եւ գնահատել, այլ ոչ թե ըստ նրա, թե ո՛վ ինչ ասաց, ո՛վ որտեղ բլթցրեց, եւ ո՛վ ինչ նոր ու «կրեաԾիվ» քաղաքական դուքյան բացեց:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘«Ո՛չ՝ թալանին» նախաձեռնությունը երաշխիքներ է պահանջում սակագնի չբարձրանալու վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Բլատեր. «Ֆուտբոլային աշխարհում ոչ բոլորն էին ինձ աջակցում»’