‘Խմբագրական. Կոնգրեսն՝ իշխող ուժ’

2958

Մեծամասնության դժգոհությունը որևէ իշխանությունից ինքնին դեռ քաղաքական փոփոխության երաշխիք լինել չի կարող, այլ կարող է ծառայել որպես փոփոխության բարենպաստ ֆոն: Քաղաքական փոփոխությանն իրապես հասնելու համար անհրաժեշտ են գործուն լծակներ, գործիքներ: Ի թիվս այլ մի քանի լծակների՝ կարևոր է կազմակերպվածության, ավելի հստակ՝ կազմակերպության առկայությունը, որը պատրաստ է և ի զորու է պատասխանա-տվություն ստանձնել թե՛ փոփոխությունից առաջ, թե՛ ընթացքում, թե՛ հետո: Իհարկե, կարելի է օրինակներ բերել, երբ որևէ երկրում քաղաքական լուրջ փոփոխության, օրինակ՝ հենց իշխանափոխության հնարավոր է եղել հասնել, այսպես ասած, տարերային ընդվզման ճանապարհով: Բայց փորձը հուշում է, որ նման դեպքերում իշխանափոխությանը հետևած իրավիճակում իրական իշխանությունը հասել է կրկին առավել կազմակերպված ուժերին՝ նույնիսկ, եթե ի համեմատություն չկազմակերպված տարրի, նրանք պակաս կարևոր դեր են կատարել բուն փոփոխության գործընթացում (լավագույն և թարմ օրինակներից է Եգիպտոսի հետհեղոփախական զարգացումը, որին առիթ ունեցել ենք անդրադառնալ iLur-ի խմբագրականներում):

Այլընտրանքային իշխանություն. խոսք և կամք

Իսկ ի՞նչ է նշանակում՝ պատասխանատվություն ստանձնելու պատրաստ կազմակերպություն: Տվյալ դեպքում խնդիրը նույնիսկ ոչ թե կառուցվածքային է, այլ հոգեբանական-քաղաքական: Իշխանություն ստանձնելու համար անհրաժեշտ է նախապես լինե՛լ, գործե՛լ, խոսե՛լ որպես իշխանություն: Իշխանությունը ստանձնում է մինչև իշխանափոխությունը ձևավորված «այլընտրանքային» իշխանությունը: Շեշտենք, որ խոսքն այստեղ թատերականացաված, անբովանդակ, կամայական գործընթացների՝ «ձևավորենք այլընտրանքային կառավարություն» և նման «կրեաԾիվի» մասին չէ: Խոսքը ոչ թե արհեստական, այլ իրավիճակի ներքին տրամաբանությունից առարկայորեն ձևավորվող գործընթացների մասին է: Մի փոքր բացենք:

Իշխանությունը, եթե հասկանանք այն ոչ միայն իր զուտ նյութական՝ իշխանություն իրականացնող մարմիններ, այլ հոգեբանական, փիլիսոփայական, իրավական-տեսական իմաստներով՝ ենթադրում է մի քանի կարևոր հատկանիշ, որոնց թվում են. ա. խոսքը՝ օրակարգեր ձևավորելու կարողությունը, բ. կամքը՝ խոսքն ի կատար ածելու ունակությունը և վճռականությունը, «կռիվ» տալու կարողությունը, հոգեբանական հավասարակշռությունը, վստահությունը և այլն: Սովորաբար՝ իշխանություն ունեցող ուժն է ձևավորում օրակարգերը և իրականացնում քաղաքական նախագծեր, իսկ ընդդիմությունը վիճարկում, քննադատում է դրանք, ցույց տալիս հիմնավորման և իրականացման բացերը: Երբ որևէ երկրում ձևավորվում է հակառակ իրավիճակ՝ ընդդիմությունն է կառուցում ոչ միայն քննադատական, այլև դրական խոսքը, ձևավորում օրակարագային թեմաներ, առաջ քաշում հայեցակարգային նախագծեր և դրանց իրականցման կամք ցուցաբերում, իսկ իշխանությունն ընդամենը հակադարձում է ընդդիմության խոսքին և գործին, ապա կարող ենք խոսել պոտենցիալ այլընտրանքային իշխանության մասին:

Սերժի իշխանությունը՝ որպես «ընդդիմության ընդդիմություն»

Հայաստանում այսօր այդ առումով հետաքրքիր իրավիճակ է և ինչ-որ տեղ աննախադեպ՝ նույնիսկ վերջին տարիների ընթացքում: Կարելի է ասել, որ իշխանությունն այսօր չունի ոչ մի դրական խոսք, օրակարգեր ձևավորել այլևս ի զորու չէ, չկան և հասարակությանն առաջարկվող կամ թեկուզ ակնարկվող քաղաքական նախագծեր: Իշխանությունը ոչ թե խոսակցություն սկսողի, այլ պատասխանողի դերում է: Իշխանական քարոզչությունը վերածվել է զուտ հակաքարոզչության՝ առանց դրական որևէ տարրի: Իշխանությունը ոչ թե խոսում է, այլ քննադատում, այսինքն՝ հայտնվել է յուրահատուկ ընդդիմության դիրքում: Այդ իմաստով՝ մենք այսօր ունենք ոչ այնքան իշխանություն, որքան՝ «ընդդիմության ընդդիմություն»:

Ավելին՝ թվում է, թե նույնիսկ հասարակության մի փոքրիկ, բայց համեմատաբար ակտիվ հատվածն ավելի շատ սևեռված է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության քննադատության վրա: Իհարկե, այս մարդկանց մի մասը, հիմնականում՝ առաջնորդների մակարդակով, իրականում ոչ թե ինքնաբուխ է գործում, այլ նույն իշխանության վերահսկելին է: Բայց դրանք չեն կարող կազմել մեծամասնություն հասարակության այդ հատվածում: Մեծամասնությունը սեփական տեսակետներ ունեցող, ազնիվ մարդիկ են: Բայց հենց քննադատության հիմնական շեշտը ոչ այնքան իշխանության, որքան ընդդիմության վրա դնելը վկայում է ընդդիմությանը որպես այլընտրանքային իշխանություն ընկալելու մասին՝ իշխանություն, որից պահանջում են, որի հետ հույսեր են կապում, հուսահատվում են և այլն:

«Նախագահների» շարժում

Բացի օրակարգեր ձևավորելու խնդրից՝ կարևոր է նաև ընդդիմության կողմից ցուցաբերվող քաղաքական կամքը: Խոսքը նույնիսկ այն բանի մասին չէ, որ վերջին հանրահավաքը կրկին ցույց տվեց, որ ընդդիմությունը, ի դեմս ՀԱԿ-ի՝ ի զորու է Հրապարակ լցնել,- դա կարևոր է, բայց ոչ ամենաէականը,- այլ այն, որ հնարավոր է եղել ձևավորել նվիրյալ, կայուն հոգեբանությամբ, հասարակական և քաղաքական պայքարի արդեն լուրջ փորձով, հանուն նպատակի և գաղափարի՝ անշահախնդիր պայքարող, գործընթացների ինքնուրույն վերլուծության կարողությամբ և կազմակերպված մարդկանց խումբ: Անկախ քաղաքական կոնրետ իրավիճակի վայրիվերումներից, սա արդեն ինքնին գործոն է, որ ցանկացած բարենպաստ իրավիճակում կարող է իր դերը կատարել՝ անկումների շրջանում պահպանել իր կորիզը, իսկ վերելքի փուլում՝ նորից ընդարձակվել: Խոսքն այս խմբի անսխալականության մասին չէ, այլ հենց կամքի, ուժային բևեռ լինելու հոգեբանական կարողության, իսկ դա էլ արդեն նույնպես իշխանություն ունենալու հատկանիշ է՝ հին և նոր բոլոր իմաստներով: Ի սկզբանե այս շարժումը ձևավորվել է առաջին նախագահի կամքի և խոսքի շուրջ, բայց այսօր, թերևս, ասենք, որ սա ոչ թե նախագահի, այլ «նախագահների» շարժում է՝ իրենց խոսքի և գործի համար պատասխանատու, հոգեբանորեն և քաղաքականապես հասուն, իշխանության հոգեբանություն ձեռք բերած մարդկանց կորիզ:

ՀԱԿ-ը պատրաստ է ստանձնել իշխանության պատասխանատվությունը

Այստեղ կարևոր է մի ճշտում կատարել: Քանի որ խոսքը Հայ ազգային կոնգրեսի մասին է, իսկ տողերիս հեղինակն էլ՝ այդ ուժի անդամ, ապա այստեղ կարող է անհամեստության կամ ինքնագովազդի տարր նկատվել: Ասեմ, որ խնդիրը ոչ թե այն է, որ ՀԱԿ-ն իդեալական ուժ է (հաստատ՝ չէ և չի կարող լինել, որովհետև այն ընդամենը մեր հասարակության մասն է և չի կարող լինել ավելի, քան տվյալ հասարակության և տվյալ ժամանակի ներուժի չափը), ոչ էլ այն, որ ՀԱԿ-ը միշտ ճիշտ է (պարզ է, որ այդպես չի կարող լինել) կամ էլ «շատ լավ մարդկանց» հավաքածո է (շատ լավ մարդիկ երկնքում են), միով բանիվ՝ խոսքը ոչ թե բացարձակ իրողությունների, այլ ընդամենը զուտ համեմատական, հարաբերական որակների մասին է, որոնք հետևանք են առարկայական իրավիճակի և գործընթացների: Ո՞րն է այս իրողություններում առավել կարևորը:

Եթե մեկը հարցնի, թե ի՞նչ ուժ է ՀԱԿ-ը, և ակնկալի խնդրի առավել կարճ պատասխան, ապա ես կասեմ՝ ՀԱԿ-ն այն ուժն է, որը ցանկացած պահի կարող է ստանձնել իշխանության պատասխանատվությունը, կարող է դառնալ իշխող ուժ՝ միայնակ կամ, առավել ցանկալի է՝ լայն դաշինքի շրջանակներում (քանի որ երկրի իրավիճակը թելադրում է համախմբում)՝ այսօր և այստեղ: Ոչ թե վաղը, ոչ թե մի օր, ոչ թե հաջորդ ընտրությունների տարում, այլ հենց այս վայրկյանից սկսած: Եվ դա ոչ թե ցանկության կամ համակրանքի, այլ առարկայորեն ձևավորված իրավիճակից բխող իրողություն է՝ իրավիճակ, որը փորձեցինք ներկայացնել նախորդ շարադրանքով: Հայտնի մեկի խոսքերով ասած՝ «եսծ տակայա պարծիա»՝ «կա այդպիսի կուսակցություն»: 

Նախորդ հոդվածը‘Գնդեվազ-Ջերմուկ ավտոճապարհը փակ է քարաթափման պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Ղրիմի հարցը քննարկել է Մերկելի և Քեմերոնի հետ’